Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հավանաբար, անհրաժեշտ կլինեն կորոնավիրուսի դեմ տարեկան պատվաստումներ․ Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլա

Հավանաբար, անհրաժեշտ կլինեն կորոնավիրուսի դեմ տարեկան պատվաստումներ․ Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլա

2021-09-27

  Pfizer ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Ալբերտ Բուրլան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում  կարծիք է հայտնել, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին, և հավելել է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինեն կորոնավիրուսի դեմ տարեկան պատվաստումներ։ Նույն միտքն է հայտնել նաև Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ, ըստ Victoria Health News-ի, այս մասին գրում է CNBC  կայքը։

  «Քանի որ վիրուսը շարունակում է տարածվել աշխարհով մեկ, այն ձևավորում է նոր շտամեր։ Մենք կունենանք նաև պատվաստանյութեր, որոնք հնարավորություն կտան մարդկանց պատվաստվել տարեկան ընդամենը մեկ անգամ, այսինքն անհրաժեշտ կլինեն կորոնավիրուսի դեմ տարեկան պատվաստումներ, սակայն դեռևս հստակ որևէ բան ասել չեմ կարող, պետք է սպասել»,- նշել է Բուրլան: 

  Սեպտեմբերի 24-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար, դոկտոր Ռոշել Վալենսկին թույլատրեց Pfizer և BioNTech ընկերությունների կողմից Covid-19-ի դեմ լրացուցիչ (booster) պատվաստանյութի  ներարկումը տարեցների, բարձր ռիսկի խմբում գտնվող  և քրոնիկ այլ հիվանդություններով տառապող մարդկանց շրջանում, եթե նրանց առաջին երկու պատվաստումներից անցել է առնվազն վեց ամիս։

 Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կտրականապես դեմ է արտահայտվել լայնածավալ լրացուցիչ (booster) պատվաստումներին՝ նշելով, որ հարուստ երկրները պետք է հավելյալ դեղաչափեր տրամադրեն պատվաստումների նվազագույն մակարդակ ունեցող երկրներին:

 Իր հերթին, Ալբերտ Բուրլան հարցազրույցի ընթացքում նշեց, որ Pfizer ընկերությունը տարբեր արժեքներով է պատվաստանյութը վաճառում զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներին: Զարգացող երկրներն ինքնարժեքով են գնում պատվաստանյութերը Pfizer-ից։ Բուրլան մատնանշեց նաև այն փաստը, որ Pfizer-ը ԱՄՆ կառավարությանը մեկ միլիարդ դեղաչափ պատվաստանյութ է վաճառում ինքնաժեքով, իսկ ԱՄՆ կառավարությունը  պատվաստանյութի այդ դեղաչափերը նվիրաբերում է աշխարհի ամենաաղքատ երկրներին։


Բժշկական Նորություններ