Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Արցախյան 3 պատերազմի մասնակիցները ստացան լսողության սարքեր

Արցախյան 3 պատերազմի մասնակիցները ստացան լսողության սարքեր

2021-10-04

      

«Բժիշկ ջան, շնորհակալություն, շատ լավ լսում եմ…»,- ասում է Ստյոպան՝ լսողական սարքը տեղադրելուց հետո:

  Չվերջացող շնորհակալությունների տարափից հնչում է բժշկի պատասխանը.

  «Մեր արածը ոչինչ է՝ ձեր արածի դիմաց, մենք ենք ձեզ շնորհակալ»:

  35-ամյա Ստյոպա Ասլանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, եղել է սակրավոր: Որպես կամավոր մեկնել է  առաջնագիծ առաջին իսկ օրվանից: Կուբաթլուում տանկային ականը դնելիս՝ պայթել  է, ընկերը  զոհվել  է, ինքն էլ ծանր վիրավորում է ստացել:  Վնասվել են աչքերը, ականջները և ձեռքը:

  «Լավ չէի լսում, բառերը թարս էի հասկանում,- անկեղծանում է Ստյոպան,-«Փոփոխությունն զգացի, շատ հարմար է, սարքը փոքր է ու  չի էլ երևում»:

  «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և «Արաբկիր» բժշկական համալիրի միջոցով Լոս Անջելեսի «Հայաստան. Լսողության  աջակցություն ծրագրի» հիմնադիր Կավուկչյան ընտանիքի և հայ համայնքի բարերարների  աջակցությամբ  Արցախյան 3 պատերազմի մասնակցած՝ ավելի քան 150 շահառու՝ հոկտեմբերի 1-ից 4-ը  ստացավ  նորագույն տեխնոլոգիայի թվային լսողական սարք:

  Արաբկիր  միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջազգային ծրագրերի համակարգող Լիանա Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա  թվով 5-րդ միջոցառումն է, 2017 թ-ից սկսած:  Այս տարիների ընթացքում   Հայաստանում և Արցախում  ապրող  4700  անձի տրամադրել են  լսողության սարք:

  Այս տարվա շահառուներին գտնելու համար դիմել են  ՀՀ պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին, հիվանդանոցներին ու անհատներին: Փորձել են հավաքագրել ծրագրի բոլոր շահառուների տվյալները: Լիանա Սահակյանի խոսքով,  կատարել են նախնական զննում՝ կարիքի գնահատում և առանձնացրել սարքի կարիք ունեցող 150 շահառուի:

  Երևանում են ԱՄՆ-ից, Սինգապուրից, Ավստրիայից, Հորդանանից եկած մասնագետները, որոնք նաև  կվերապատրաստեն տեղի անձնակազմին, որպեսզի  հետո էլ  շարունակեն սպասարկել դիմողներին:

  Բոլոր սենյակներում իրարանցում է.  մասնագետները   բարեհամբույր ու համբերատար սպասարկում են, իսկ տղաները անթաքույց ուրախությամբ ու շնորհակալությամբ  լսում նրանց:  Մոտենում ենք վերջին սենյակին, որտեղ աշխատակիցները տղաներին մանրամասն ներկայացնում են սարքի օգտագործումն ու խնամքը:

  Ժամկետային զինծառայող Գագիկ Խաչատրյանը  հետաքրքրությամբ  և ուշադրությամբ լսում է մասնագետին, փորձում  մտապահել բոլոր ասածները: Չէ՞  որ  այդ փոքրիկ սարքն է իրեն փոխանցելու շրջապատի այդչափ կարևոր ու հարազատ ձայները, ուրեմն՝ անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ վարվել այդ նոր առարկայի հետ: Փորձարկելուց հետո մեզ պատմում է,  որ  վիրավորում ստացել է Ջրականում, մեքենային հարվածել է ԱԹՍ-ն, ընկերը զոհվել է, ինքն էլ ուղեղի ցնցումով տեղափոխվել  Սիսիանի հոսպիտալ, որտեղ էլ պարզել է, որ  պայթել է նաև ականջի թաղանթը: Հետագա վիրահատությունը ամբողջությամբ չի լուծել խնդիրը, ականջում դեռ խշշոց կա, իսկ լսողությունն էլ շատ ցածր է. ասում է՝  չի լսում կողքիններին: Գագիկի ծառայությանը դեռևս 10 ամիս կա,  այս պահին դեռ բուժման փուլում է, բայց անհամբեր է, թե երբ պետք է  վերադառնա զինվորական շարք, շարունակի ծառայությունը:  

  Նշենք նաև, որ գործում է նաև սարքերի հետխնամքի  կենտրոն,  որևէ խնդրի առաջացման դեպքում շահառուները կարող են դիմել և կարգավորել սարքը:


Բժշկական Նորություններ