Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Բակտերիալ թոքաբորբ եւ կորոնաթոքաբորբ

Բակտերիալ թոքաբորբ եւ կորոնաթոքաբորբ

2021-10-15

  Արդյոք տարբերվում են կորոնա թոքաբորբն ու սովորական թոքաբորբը: Այս մասին «Victoria health news»-ը զրուցել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի թոքաբան Անուշ Ալավերդյանի հետ:

Սովորական թոքաբորբի և կորոնա թոքաբորբի տարբերությունը

 -Կորոնաթոքաբորբը վիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբն է, որին երբեմն միանում է երկրորդային ինֆեկցիա: Իսկ սովորական  կամ  բակտերիալ թոքաբորբերը կոնկրետ բակտերիաների հետևանքով առաջացած թոքաբորբերն են, որոնց կլինիկան տարբերվում է մի քանի հանգամանքով. ընթացքն ավելի ծանր չի լինում՝ ի տարբերություն վիրուսային թոքաբորբի,  ավելի արագ են ենթարկվում դեղորայքային բուժման և  մնացորդային փոփոխությունները ավելի շուտ են ներծծվում, քան կորոնա թոքաբորբի դեպքում, որի ժամանակ առաջացած փոփոխությունները մի քիչ ավելի երկար ժամանակ է պահանջվում (3-ից 6 ամիս):

  Բուժումը

  -Բուժումները տարբեր են.  եթե կորոնաթոքաբորբերի ժամանակ օգտագործում ենք հորմոններ, հակամակարդիչներ, սովորական  թոքաբորբերի ժամանակ երբեմն  ցուցված չի հորմոններ և հակամակարդիչներ օգտագործել, որովհետև կարող են առաջացնել արյունահոսություններ, մինչդեռ կորոնաթոքաբորբի ժամանակ մենք գործ ունենք թրոմբոզի հետ, որը պետք է վերացնել հակամակարդիչ պրեպարատների կիրառումով:

  Թե՛ կորոնա և թե՛ բակտերիալ թոքաբորբի ժամանակ պարտադիր  չի իրականացնել  հիվանդանոցային բուժում: Պետք է հաշվի առնել  հիվանդի ծանրության վիճակը,  շրջապատին վտանգավոր լինելը և մի քանի այլ փաստեր: Երբ որ նկատվում է շնչական անբավարարության խորացում, ուրեմն՝ անհրաժեշտ է ստացինոար պայմաններում ինտենսիվ բուժում իրականացնել:

  Վերջերս նկատել եմ, որ կորոնաթոքաբորբերի բուժման ժամանակ շատ է օգտագործվում ամինոգլուկոզիդներ և  ֆտորխինոլոն կոչված պրեպարատները, որոնք որ ցանկալի չեն այդքան կիրառել, քանի որ դրանք օգտագործվում են դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման համար և առաջացնում են առաջնային կայունություն, եթե ապագայում  հիվանդի մոտ զարգանա տուբերկուլոզ:

  Բուժվելուց հետո մարդը կարող է վերադառնալ իր առօրյային, բնականոն կյանքին: Պարզապես խորհուրդ է տրվում  խուսափել  մրսելուց, միջանցիկ քամիներից և պահպանել  հիգիենայի կանոնները:

Թոքաբորբն ունի՞  գաղտնի շրջան

  -Տարբեր թոքաբորբեր ունեն տարբեր կլինիկական և նախակլինիկական շրջան: Օրինակ, կորոնաթոքաբորբն ունի 2-ից 14 օր ինկուբացիոն շրջան:

  Թե՛ բակտերիալ, և թե՛ կորոնա թոքաբորբերը բուժելի են: Բժշկուհու խոսքով, պարզապես պետք է աշխատել հիվանդի հետ, նրան բացատրել ու ներկայացնել հիվանդության ընթացքը,  հեռու վանել   ընկճախտը և ամեն ինչ լավ կլինի:


Հարցազրույցներ