Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Տիպ 2 շաքարային դիաբետը և  COVID-19-ը

Տիպ 2 շաքարային դիաբետը և COVID-19-ը

2021-10-28

  Ինչպիսի՞ բարդություններով է ուղեկցվում COVID-19-ը Տիպ 2 շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ:  Ինչպե՞ս և ո՞ր մասնագետների կողմից է հսկվում հիվանդությունը: Արդյո՞ք հակացուցված է պատվաստումը, թե՞ ոչ: Այս և այլ հարցերի մասին «Victoria health news»-ը զրուցել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի բժիշկ-էնդոկրինոլոգ Մելինե Թովմասյանի հետ:

Տիպ 2 շաքարային դիաբետ

  -Հիմնականում հանդիպում է Տիպ 2 շաքարային դիաբետը: Այն  քրոնիկական հիվանդություն է.  բնութագրվում է ածխաջրային  փոխանակության խանգարմամբ, երբ արյան մեջ լինում է գլյուկոզայի մակարդակի բարձրացում: Հիվանդությանը բնորոշ են սուր և քրոնիկ բարդություններ:

  Սուր բարդություններին դասվում են  բոլոր կոմաները, որոնք կարող են դիտվել գլյուկոզայի բարձրացման կամ իջեցման  պարագայում, իսկ քրոնիկ բարդություններին դասվում են դիաբետիկ անգիոպաթիաները և  նեյրոպաթիան:

  Անգիոպաթիան կարող է ախտահարել  ինչպես փոքր, այնպես էլ միջին և խոշոր տրամաչափի  անոթները: Սպեցիֆիկ ախտահարումն անվանում ենք դիաբետիկ անգիոպաթիա, իսկ նյարդերի ախտահարումը անվանում ենք դիաբետիկ նեյրոպաթիա, որը կարող է դիտվել ինչպես մեկ նյարդի ախտահարմամբ, այնպես էլ բազմակի, առաջինի դեպքում անվանում ենք մոնոնեյրոպաթիա, երկրորդի դեպքում՝ պոլինեյրոպաթիա:

COVID-19  հիվանդության ընթացքը  Տիպ 2 դիաբետ ունեցող անձանց մոտ

  -Քանի որ ներկայում մենք գործ ունենք COVID-19 համավարակի հետ, որը նոր թափ է առել,  մոտենում ենք,  կարծես,  4-րդ ալիքի պիկին, խնդիր կա  հատկապես Տիպ 2 դիաբետ ունեցող պացիենտների հետ, քանի որ դժվարանում է հիվանդների բուժման գործընթացը:  Որովհետև մի դեպքում մենք ունենք բարձր գլյուկոզա, որի դեպքում դժվար է բուժել թոքաբորբը՝ COVID -19-ի հետևանքով զարգացած, իսկ մյուս դեպքում  ունենք թոքաբորբ, որի դեպքում ունենք շաքարային դիաբետ, և այսպես խաչաձև ընթացքը բարդանում է: Բացի այդ,  նման սթրեսային իրավիճակներում օրգանիզմում արտադրվում են ինսուլինի ազդեցությանը հակառակ էֆեկտ ունեցող սթրեսային հորմոնները, որոնք ինչպես նվազեցնում են ինսուլինի ազդեցությունը, այնպես էլ բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, իսկ մենք գիտենք, որ ինսուլինը,  այսպես ասած,  գլյուկոզան մարսող  հորմոնն է: Այս դեպքում, քանի որ առաջանում է դիսբալանս, ինչպես ընկնում է ինսուլինի ազդեցության էֆեկտիվությունը, այնպես էլ՝ լյարդի կողմից ավելանում է գլյուկոզայի արտադրությունը, այս դեպքում ունենում ենք արյան մեջ գլյուկոզայի մակարդակի  էլ ավելի բարձրացում:

  Բացի այդ բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև տենդի պայմաններում օրգանիզմը լրացուցիչ ջրազրկվում է, որի հետևանքով  մեծ է հավանակությունը, որ  օրգանիզմում կառաջանան կետոնային մարմիններ և դրանք կդրսևորվեն դիաբետիկ կետոացիդոտիկ  կոմայի զարգացմամբ, որը կարող է դրսևորվել սրտխառոնոցով, փսխումով, արյան մեջ գլյուկոզայի գերբարձր քանակով և մեզում  կետոնային մարմինների հայտնաբերմամբ:

Ինչպե՞ս  ճիշտ  վարել  հիվանդությունը

  -Ինչպես որ բժշկության մյուս ոլորտներում, այս դեպքում էլ, ցանկալի է թիմային աշխատանք: Այսինքն,  եթե մենք ունենք դիաբետ ունեցող և COVID 19-ով վարակված պացիենտ, անպայման բուժման ընթացքին պետք է  ընդգրկվի  նաև էնդոկրինոլոգը, որպեսզի գլյուկոզայի մակարդակի կորեկցիան հստակ կատարվի: Այս դեպքում հնարավոր է անցնել ինսուլինաթերապիայի, եթե անգամ  մինչև COVID 19-ով վարակվելը,  պացիենտը ստանում է հիմնականում հաբերով բուժում: Քանի որ նման սթրեսային իրավիճակներում, երբեմն գլյուկոզայի մակարդակի անվերահսկելի աճ է գրանցվում: Բացի այդ,  ներկայումս բուժման սխեմայում կարող են օգտագործվել այնպիսի կոնտրինսուլյար՝  ինսուլինի ազդեցությանը հակառակ էֆեկտ ունեցող   հորմոններ, որոնք նույնպես իրենց հերթին բարձրացնում են գլյուկոզայի մակարդակը:  Դա է պատճառը, որ հնարավոր է այս ժամանակահատվածում անցնել ինսուլինաթերապիայի, այնուհետև լրիվ վերականգնումից հետո կրկին վերադառնալ հաբերին:

  Մեր ազգաբնակչության և  ընդհանարպես մարդկության շրջանում կա մի տարածված միֆ, թե ինսուլինը կախվածություն  կարող է առաջացնել. մտածում են, եթե սրսկվեցին, հետո պիտի ամբողջ կյանքում շարունակեն սրսկվել: Կցանկանայի   շեշտել, որ ինսուլինի ժամանակավոր օգտագործումը չի համարվում դատավճիռ և չի առաջացնում որևէ կախվածություն: Ցանկացած պարագայում,  ապաքինվելուց հետո,  բժշկի ցուցմամբ շատ հեշտ կարելի է վերադառնալ նախորդ սխեմային:

  Իսկ եթե մինչև  COVID 19-ով վարակվելը,   պացիենտն արդեն իսկ ստանում էր ինսուլիանթերապիա, ապա այս դեպքում հնարավոր է լինում պարզպաես ինսուլինի ներարկման դեղաչափերի կորեկցիա, կախված արդեն գլիկեմիկ պրոֆիլի տվյալներից: Իսկ գլիկեմիկ պրոֆիլը կատարվում է  օրվա ընթացքում բազմակի չափումների միջոցով՝  4-5 անգամ, ըստ անհրաժշետության, որոշվում է ուտելուց առաջ, ուտելուց 2 ժամ  հետո, վաղ առավոտյան, քնելուց առաջ.  պահանջվում է հետևողական, համառ աշխատանք, որպեսզի բարձր գլյուկոզան չխանգարի թե՛ թոքաբորբի ապաքինմանը,  թե՛ ընդհանուր օրգանիզմի վերականգմանը:

Ստացիոնա՞ր, թե՞ տան պայմաններում  իրականացնել բուժումը

  -Քանի որ բարդություններ առաջանալու հավանականությունը ավել բարձր է, հատկապես եթե կարիք կա անցնելու ինսուլինաթերապիայի, ապա այս դեպքում անպայման պետք է գտնվել ստացիոնար պայմաններում, քանի որ ինսուլինի՝ հատկապես առաջին ներարկումը պետք է լինի բժշկի հսկողության ներքո, որովհետև կարող են դրսևորվել հիպոգլիկեմիաներ: Դա շաքարի մակարդակի՝ նորմայից ցածր իջեցնում է արյան մեջ:  Այդ իսկ պատճառով, ցանկալի է գտնվել բժշկի ու մասնագիտացված ստացիոնարի հսկողության ներքո: Բացի այդ COVID 19-ը ինքնին կարող է ունենալ անմիջական վնասող ազդեցություն հենց ենթաստամոքսային գեղձի վրա:  Երբեմն COVID 19 -ից  հետո կարող է պահպանվել  հիպերգլիկեման և  մենք գործ ունենանք առաջնակի   դիաբետի հետ:

Արդյոք դիաբետ ունեցող մարդիկ բարդ են տանում  COVID 19 -ը

  -Վիրուսի ընթացքը շատ անկանխատեսելի է, կարող է մարդն ընդհանարպես ուղեկցող հիվանդություն չունենալ և մինչև անգամ գրանցվի մահ  և հակառակը: Իսկ դելտա շտամը, որն ունի բարձր վարակելիություն, անգամ երիտասարդների մոտ ծանր ընթացքով է ուղեկցվում: Այնպես որ չկա հստակ օրինաչափություն,  թե դիաբետ ունեցող մարդն ինչ ծանրությամբ  կտանի COVID 19 -ը:

Դիաբետ ունեցողները կարո՞ղ են պատվաստվել

  -Դիաբետ  ունենալը չի համարվում հակացուցում պատվաստվելու համար: Հակառակը՝  որպես խոցելի խումբ,  պատվաստումը լրացուցիչ ապահովություն է տալիս և անգամ վարակվելու դեպքում հնարավոր է խուսափել բարդ ընթացքից:


Հարցազրույցներ