Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մաշկի խնամքը  ցուրտ եղանակին

Մաշկի խնամքը ցուրտ եղանակին

2021-11-04

  Առողջ և խնամված մաշկ ունենալու համար   պետք է յուրաքանչյուր եղանակին ճիշտ   խնամել մաշկը: Իսկ թե ինչպես է պետք խնամել մաշկն աշնանն ու ձմռանը, «Victoria health news»-ը զրուցել է ՀՀ Առողջապահության նախարարի՝ մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու, մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Ինչպե՞ս պետք է խնամել մաշկը ցուրտ եղանակին

  -Առաջինը պետք է կրել համապատասխան տաք հագուստ, որպեսզի մաշկը չցրտահարվի: Որովհետև ցածր ջերմաստիճանի ժամանակ առաջիններից մեկը տուժում է հենց մաշկը: Երկրորդ.  խոնավացնողները պետք է օգատգործել ճիշտ, այսինքն այն պետք է քսել  ոչ թե բաց տարածք դուրս գալուց անմիջապես առաջ,  այլ մի փոքր ավելի վաղ: Պատճառն այն է, որ  խոնավացնողների մեջ առկա նյութերը չեն հասցնում ներծծվել, մնում են մաշկի վրա և ցածր ջերմաստիճանի պարագայում դրանք կարող են վնասել:

  Մենք սիրում ենք ցածր ջերմաստիճանից միանգամից անցել շատ տաք տեղ և ձեռքերը միանգամից մոտեցնել տաք վառարանին, որի ժամանակ  անոթները կտրուկ լայնանում են: Երբեմն դա կարող է բերել պարալիտիկ լայնացման և հակառակ էֆեկտի: Ջերմաստիճանային  տատանումներին պետք է շատ ուշադիր լինել, չի կարելի մաշկը միանգամից տաքացնել:

Արևապաշտպան քսուքների օգտագործումը

  -Տեսականորեն  արևապաշտպան քսուքներ պետք է օգագործել 12 ամիս: Բայց օրինակ,  Երևանում  աշունը հիմնականում արևառատ  չի լինում և մարդն ինքնուրույն պետք է կողմնորոշվի պաշտպանվի արևից, թե՝ ոչ:   

  Իսկ  ձմռան  արևը կարող է վտանգավոր լինել, որովհետև ուլտրամանուշակագույն ճառագայթները իջնում են ոչ միայն վերևից, այլ նաև անդրադառնում են  ձյան սպիտակ մակերեսից,  և այս  դեպքում ավելի լուրջ խնդիր կարող է առաջանալ:  Հետևաբար, աշնանը կարելի է այդքան էլ չօգտագործել արևապաշտպան քսուքներ, իսկ ձմռանը՝  անպայման վերսկսել:

Սնուցող քսուքների օգտագործումը

  -Նշեմ, որ սնուցող քսուքների անհրաժշետություն չկա, որովհետև դրանք մեծ քանակությամբ ճարպ են պարունակում:  Օրինակ,  դեմքի շրջանի սնուցող քսուքները կարող են բերել ճարպագեղձերի խցանման և կորյակների առաջացման: Այդ իսկ պատճառով դրա կիրառումը պետք է ըստ անհրաժեշտության լինի: Այն ավելի շատ  30-ից, անգամ  40-ից բարձր   տարիքի կանանց է ցուցված, երբ նկատվում է սնուցման խանգարում:

Բուժման կուրս անցնող մարդը կարո՞ղ է պատվաստվել

  -Խոստովանեմ, որ այս օրերին մաշկաբանական հարցերով խորհրդատվությունների կողքին մեծ թիվ են կազմում պատվաստման հետ կապված հարցերը:

  Միանշանակ հակացուցում,  դեղորայք և պատվաստում,  միայն մի քանի դեղերի դեպքում կա, օրինակ метотрексат, որի կիրառման ժամանակ խորհուրդ չի տրվում պատվաստվել, որովհետև ոչ թե  ինչ-որ վտանգ կա, այլ պատվաստանյութը պարզապես իմուն պատասխան չի առաջացնի: Իմունիտետն այնքան թույլ է լինում, որ պատվաստանյութին չի կարողանում  արձագանքել և հակամարմիններ չեն զարգանում:  Այսինքն,  իմուն համակարգը ընկճող դեղերի կիրառման ժամանակ  պատվաստվելը կարող է անիմաստ լինել: Իսկ այլ դեղերի դեպքում, կլինեն դրանք հակաբիոտիկներ   կամ  կորյակների բուժման այնպիսի սխեմաներ, որոնց ժամանակ բավականին ծանր և ուժեղ դեղեր են օգտագործվում, ընդամենը պետք է մի քանի օր դադար տալ՝ պատվաստվել և  մի քանի օր էլ դադար տալուց հետո  շարունակել բուժման ընթացքը: Շեշտեմ, որ այդ դադարը  ամենևին չի ազդում բուժման որակի վրա: Իսկ տեղային բուժման ժամանակ դադար տալու բացարձակ անհրաժեշտություն չկա:

  Նկատում եմ նաև, որ  մարդիկ ոչ թե խուսափում են պատվաստվել, այլ  պարզապես չեն կողմնորոշվում  որ պատվաստանյութը ընտրել: Կարծում եմ, այստեղ բժշկի խորհուրդը կարող է լինել որոշիչ և նա չպետք է խուսափի խորհուրդ տալուց և օգնի պացիենտին  որոշում կայացնել:


Հարցազրույցներ