Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մսային գոյացություններ մաշկի վրա կամ ակրոքորդոն

Մսային գոյացություններ մաշկի վրա կամ ակրոքորդոն

2021-11-09

 

Մաշկի վրա ի հայտ եկող մսային գոյացությունները շատերին են տհաճություն պատճառել. ի՞նչ են դրանք, ինչի՞ց են առաջանում  և ինչպե՞ս է հնարավոր կանխել դրանց առաջացումը, այս մասին «Victoria health news»-ը զրուցել է մաշկաբան-վեներոլոգ Էդուարդ Ավագյանի հետ:

Մսային գոյացություն կամ ակրոքորդոն.  որտե՞ղ է այն առաջանում

  - Մարդկանց շրջանում թյուր կարծիք կա, որ մաշկի վրա ի հայտ եկող մսային գոյացությունները կոչվում են պապիլոմաներ: Պապիլոմա վիրուսը, որն ունի ավելի քան 150 շտամ,  հիմնականում առաջացնում է իրեն բնորոշ մաշկային խնդիր, օրինակ  գորտնուկներ՝ ձեռքերին և ոտքերին, սեռական գորտնուկներ  և տափակ գորտնուկներ: Ամենածայրագույնը,  որ առաջացնում է պապիլոմա վիրուսը,  արգանդի վզիկի քաղցկեղն է: Իսկ ակրոքորդոնները ոչ բոլոր դեպքերում է, որ պայմանավորված է պապիլոմա վիրուսով:

  Ինչ վերաբերվում է ակրոքորդոնին. այն առաջանում է կամ պարանոցի շրջանում, կամ թևատակերում, կանանց մոտ կրծքերի շրջանում է հանդիպում, կարող է առաջանալ կոպերի շրջանում: Առաջանում է այն հատվածներում,  որտեղ այլ մակերևույթների հետ շփումը շատ է, օրինակ,  պարանոցի շրջանում օձիքի, վզնոցի հետ շփումը շատ է, իսկ կոպերին ի հայտ է գալիս  արևի ճառագայթի պատճառով: Կան մեծ չափերի գիգանտ ակրոքորդոններ, որոնք ավելի հաճախ լինում են մեջքին կամ թևատակերի  անոթափոսերին, բայց ավելի շատ բնորոշ են փոքր կետային գոյացությունները:

Ո՞ր տարիքում է ի հայտ գալիս

  -Ակրոքորդոնը հիմնականում ի հայտ է գալիս մեծահասկաների՝  50-ից բարձր տարիք ունեցող անձանց մոտ:  Դա  պայմանավորված է նրանով, որ մեծամասամբ, 50 անց մարդիկ  ունեն ծանր քաշ և արևի ճառագայթների երկարատև  ազդեցությունը վերջիվերջո իրեն կարող է դրսևորի: Ակրոքորդոնը նույն տարածվածությունն ունի թե տղաների, թե  աղջիկների մոտ,  տարբերվում է պարզապես տեղակայմամբ. կանաց մոտ հիմնականում կրծքային ծալքերի վրա է, իսկ տղամարդկանց մոտ ավելի շատ պարանոցին է, ինչն, ըստ երևույթին,  պայմանավորված է նրանով,  որ տղամարդիկ ավելի շատ են կրում օձիքով հագուստ:

Ո՞րն  է  բուժումը

  -Որպես այդպիսին դեղորայք գոյություն չունի: Նույնիսկ պապիլոմա վիրուսների դեմ ազդող դեղորայք գոյություն չունի, այսինքն,  եթե  անգամ մտածենք, որ սրանք պապիլոմա վիրուսներով են պայմանավորված: Բուժումը միայն արտաքին հեռացման եղանակով է: Դրանք շատ են՝ վիրաբուժական, լազերային, կրիոդեստրուկցիայով, երբ սառեցնում են,  կամ ռադիոալիքային եղանակով:  Նաև կարելի է հեռացնել՝ այրելով  քիմիական նյութերով:

  Մեթոդի ընտրությունը անհատապես  է կատարվում, հաշվի առնելով պացիենտի առաձնահատկությունները: Օրինակ, երբ մարդն ունի ստենտավորված անոթ, չի կարելի հեռացնել լազերայինի կամ ռադիոալիքային միջոցով, այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիկ ռեակցիա ցավազրկողների հանդեպ, տեղային ցավազրկմամբ ցանկալի չէ իրականցնել: Այսինքն՝ նախապես պետք է զրուցել պացիենտի հետ և անամնեզ հավաքել, ու,  իհարկե, հաշվի առնել  նաև ֆինանսական կողմը: Մեկ անգամ հեռացնելու դեպքում նույն հատվածում սովորաբար չի աճում:

  Սակայն, պետք է նշեմ, որ այստեղ հեռացնելը այնքան էական չի, որքան կանխելը, որպեսզի նորերը չառաջանան: Քանի որ արդեն հայտնի է, որ այն առաջանում է  մեխանիկական շփումից, հնարավորինս պետք է  սահմանափակել, զերծ մնալ այդ շփման մակերեսներից, նվազեցնել քաշը, վզնոց չկրել, խուսափել արևից:


Հարցազրույցներ