Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Նեղացկոտությունը՝ հիվանդությունների պատճառ

Նեղացկոտությունը՝ հիվանդությունների պատճառ

2021-11-16

  Հոգեբանները փաստում են, որ  մեր հիվանդությունների պատճառը մեր բնավորությունն է: Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ ձեր նեղացկոտությունը կարող է դառնալ այս կամ այն հիվանդության պատճառ: Հոգեբան Իրինա Ծատուրյանը ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց առաջացման պատճառը նեղացկոտ լինելն է:

  Հոգեսոմատիկ հիվանդությունները առաջանում են, երբ առկա է հետևյալ երեք՝ ֆիզիլոգիական, սոցիալական  և հոգեբանական պայմանը: Սկսվում է հոգեբանականից և կամաց-կամաց վերածվում ֆիզիոլոգիական պրոցեսների, և վերջինը՝  սոցիալական գործոնն է. օրինակ, բաժանություն ընտանիքում, մի շարք անձնական խնդիրներ, միկրո և մակրո սոցիալական խնդիրներ՝ պատերազմներ, կատակլիզմներ, այն խմորումները, որոնք կատարվում են սոցիումի մեջ: Եվ այդ երեք պատճառը երբ համընկնում  են, մարդու մոտ ի հայտ են գալիս փսիխոսոմատիկ կամ հոգեսոմատիկ հիվանդություններ:

Նեղանալը կարող է դառնալ մի շարք հիվանդությունների պատճառ

  Մաշկային հիվանդություններ: Մաշկը մեր պաշտպանիչ շերտն է, որը պաշտպանում է ամբողջ օրգանիզմը:  Այն համարվում է ամենամեծ օրգանը: Երբ մարդն ունենում է մաշկային զանազան խնդիրներ, ալերգիաներ, որոնք համարվում են անբուժելի, դա խոսում է այն մասին, որ նա իրեն անպաշտպան է զգում: Օրինակ, երեխան մեծանում է մի ընտանիքում, որտեղ նա զրկված է պաշտպանությունից և  մոր փաղաքշանքից: Մայրիկի  շատ զբաղված լինելը՝ երեխայի վրա կարող է անդրադառնալ մաշկային խնդիրներով: Եվ երբ մայրը շատ ժամանակ է սկսում անցկացնել երեխայի հետ, շոյում է նրան, անմիջապես երեխայի վիճակը  թեթևանում է: Մաշկային խնդիրը  կարծես թե ուղերձ է շրջապատին, հիմնականում ընտանիքին, և խոսում է այն մասին, որ երեխան զրկված է ծնողական ուշադրությունից:  

  Աղեստամոքսային տրակտի խանգարումներ:  Բազմիցս լսել եք, երբ որևէ մեկը ասում է՝ «ես սրա ասածը չմարսեցի», «չեմ կարող նրա արածը կուլ տալ», «մուրազս փորս մնաց». այս բոլոր արտահայտությունները ասելիս, դուք ձեր օրգանիզմին մեծ վնաս եք պատճառում: Եթե նկատեք, խոց ունեցող մարդիկ այս բառերը հաճախ են օգտագործում:  Հոգեբանության ամենամեծ գիտելիքը, որը պետք է օգտագործվել, դա փոփոխվելու պատրաստ լինելն է: Փոխեք ինքներդ ձեզ, այլևս մի ասեք այդ արտահայտությունները և նման բառակապակցությունները հանեք ձեր բառապաշարից՝ այդ կերպ պահպանելով ձեր իսկ առողջությունը:

  Աղեստամքոսային տրակտի հիվանդությունների մեջ են մտնում  բուլիմիան և անորեքսիան: Բուլիմիան շատակերությունն է, իսկ անորեքսիան՝ բոլորովին չուտելը: Բուլիմիան խոսում է այն մասին, որ մարդու նեղացկոտությունը այնքան ուժեղ է լինում, և նա իրեն այնքան անպաշտպան է զգում, որ շատ ուտելով նա իրեն այդ մեծ մարմնի մեջ ավելի պաշտպանված է զգում:

  Շնչառական հիվանդություններ:  Մենք հաճախ ենք ասում, «ինչ որ բան շնչիս ծանրացել է», «ինչ որ բան խեղդում է», «չեմ կարողանամ խորը շունչ քաշել»: Շնչել-արտաշնչելը նաև ասոցացվում է ազատության հետ: Երբ մենք շնչում ենք, հետո արտաշնչում, կարծես ազատվում ենք: Երբ որ այդ ազատության պահը մեզ մոտ լիարժեք չի կատարվում և մեր հոգու վրա մի բան է ծանրացած և մենք ասում ենք դրա մասին,  սկսում ենք ունենալ տարբեր զգացողություններ՝ մրսածությունները ավելի երկար են տևում, ի հայտ են գալիս տարբեր շնչառական խնդիրներ՝ բրոնխիալ ասթմա: Նման հիվանդությունները առաջանում են նրանից, որ մեզ ինչ-որ բան խանգարում է, այսինքն խանգարում է մեր ազատությանը: Տեսեք, շատերը կախված են շրջապատի կարծիքներից, իրավիճակներից, որևէ բան անելիս՝ սպասում են գնահատականի, այսինքն՝ ազատություն բոլորովին չունեն:

Սիրո պակասի և շնչառական հիվանդությունների մասին

  Սիրո պակասը բոլոր պսիխոսոմատիկ հիվանդությունների դեպքում առկա է, երբ որ մենք մեզ սիրված չենք զգում: Սիրելուց և սիրված լինելուց ավելի ազդեցիկ դեղորայք երբեք չի եղել և չի լինի:

  Սրտանոթային հիվանդություններ: Կրկին հայերենից վերցնելով ՝ «նեղսրտել», «սրտին մոտիկ ընդունել»,  նորից  նեղացկոտության մասին է խոսքը: Ինչ-որ մեկը սխալ բան է անում ու գնում է, բայց դուք շարունակում եք նեղսրտել: Իսկ եթե մենք ունենք սիրո պակաս, անպայման խնդիր է ունենում  սիրտը: Երբեք մի՛ նեղացեք, երբեք մի՛ նեղացրեք:

  Շաքարային դիաբետ:  Սա այն հիվանդությունն է, երբ մարդը կյանքից քաղցրություն չի ստանում, իսկ այդ քաղցրությունը սերն է:  Տեսե՛ք,  կրկին եկանք սիրո պակասին: Անձը այդ քաղցրությունը չի ստանում, սկսում է կոնֆետների, շոկոլադների միջոցով քաղցր ստանալ, որի ժամանակ օրգանիզմը չի կարողանում մարսել, ենթաստամոքսային գեղձը սկսում է շարքից դուրս գալ, և  զարգանում է շաքարային դիաբետ:

  Ինչի մասին էլ խոսենք, առանցքը դառնում է մեր սեփական վերաբերմունքը մեր իսկ անձի նկատմամբ:  Եթե մենք նույնիսկ փոքր ժամանակ ինչ-ինչ բաների պատճառով չենք ստանում այդ սերը (պարզապես մեր ծնողները չգիտեին իրենց սերը ցույց տալու ձևը և մեզ թվացել է մենք սիրված չենք եղել), մենք պետք է բարձրացնենք մեր ինքնագնահատականը, հարգենք և սիրենք ինքներս մեզ:


Հարցազրույցներ