Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Սեզոնային գրիպ

Սեզոնային գրիպ

2021-12-16

Ի՞նչ է գրիպը

  Սեզոնային գրիպը վարակիչ շնչառական հիվանդություն է, որի հարուցիչը գրիպի վիրուսն է: Սա նույնը չէ, ինչ սովորական մրսածությունը: Գրիպը բնորոշվում է տենդի, հազի (սովորաբար չոր), գլխացավի, մկանների և հոդերի ցավի, ուժեղ տկարության (վատ ինքնազգացողության) հանկարծակի գրոհով, կոկորդի բորբոքումով և «հոսող քթով»: Հազը կարող է լինել ծանր և տևել 2 կամ ավելի շաբաթ: Գրիպը չի կարելի բուժել հակաբիոտիկներով: Գրիպի ծանր դեպքերը հնարավոր է բուժել հակավիրուսային միջոցներով բժշկի հսկողությամբ:

Գրիպն իսկապե՞ս այդքան լուրջ է

  Շատերն ապաքինվում են տենդից և այլ ախտանշաններից մեկ շաբաթվա ընթացքում առանց բժշկական օգնության անհրաժեշտության: Սակայն գրիպը կարող է ծանր հիվանդությունների և մահվան պատճառ դառնալ հատկապես 65 տարեկանից բարձր անձանց, երեխաների, հղի կանանց և երկարատև առողջական խնդիրներ ունեցողների շրջանում: Ամեն տարի արձանագրվում են գրիպից մահվան դեպքեր այս ռիսկային խմբերի մարդկանց շրջանում: Ամբողջ աշխարհում սեզոնային գրիպի հետ կապված շնչառական հիվանդություններից տարեկան մահանում է 650,000 մարդ, որոնցից 72,000-ը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում:

Ովքե՞ր են գրիպի հետևանքով առողջական խնդիրների առաջացման առումով առավել բարձր ռիսկի խմբում

  Յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ ԱՀԿ-ն հորդորում է, որ ազգաբնակչության որոշակի խմբեր պատվաստվեն գրիպի դեմ: Սա վերաբերում է հետևյալ խմբերին.

● Հղի կանայք,

● Սրտային, թոքային խրոնիկ հիվանդություններ, մետաբոլիկ կամ երիկամային հիվանդություն, լյարդի խրոնիկ հիվանդություն, խրոնիկ նյարդաբանական վիճակներ կամ իմունային անբավարարություն ունեցող անձինք,

● 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք՝ անկախ ռիսկի այլ գործոններից,

 ● Տարեց և հաշմանդամ անձանց համար նախատեսված խնամքի հաստատությունների բնակիչներ,

 ● 6 ամսականից մինչև 4 տարեկան երեխաներ 

● Առողջապահության ոլորտի աշխատակիցներ, ներառյալ նրանք, ովքեր խնամում են ծերերի կամ հաշմանդամություն ունեցող անձանց:

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել գրիպից

  Գրիպը կանխարգելելու կամ դրա հետևանքով ծանր հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազագույնի հասցնելու լավագույն տարբերակը պատվաստումն է: Ի հավելումն պատվաստման՝ պետք է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն Ձեզ պաշտպանվել գրիպից: Դրանք են՝

● Ձեռքերը կանոնավոր լվանալ և չորացնել ինչպես հարկն է,

● Պահպանել պատշաճ շնչառական հիգիենա (հազալիս կամ փռշտալիս բերանը կամ քիթը ծածկել, օգտվել թղթե անձեռոցիկներից և դրանցից ազատվել ճիշտ եղանակով)

● Վաղ մեկուսանալ՝ վատ զգալու կամ տենդի նշաններ ունենալուն պես կամ գրիպի այլ ախտանշանների առկայության դեպքում,

● Խուսափել հիվանդ անձանց հետ անմիջական շփումից,

 ● Խուսափել աչքերին, քթին կամ բերանին դիպչելուց:

Ե՞րբ պետք է բժշկի դիմել գրիպով հիվանդ լինելու դեպքում

  Գրիպը միշտ տհաճ է՝ անկախ վիրուսի տեսակից, բայց սովորաբար թեթև ընթացք է ունենում և մարդիկ արագ են ապաքինվում: Հազի, փռշտոցի, բորբոքված կոկորդի, գլխացավի և թեթև ջերմության ախտանշաններով մարդիկ պետք է մնան տանը, նրանք կարող են ցավազրկողներ և հարբուխի դեմ դեղամիջոցներ ընդունել: Ծանր կամ անսովոր ախտանշաններով կամ առավել մեծ ռիսկի խմբի մարդիկ (մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր անձինք, հղիներ և երկարատև առողջական խնդիրներ ունեցող անձինք) պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ՝ որոշելու՝ արդյոք պետք է հակավիրուսային կամ այլ բուժում ստանալ: 


Բժշկական Նորություններ