Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

2021-12-25

  Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Այս խորհուրդները կօգնեն ձեզ կատարել առողջ ու անվտանգ  գնումներ և տոներն անցկացնել առանց միջադեպերի:

Անհրաժեշտ է.

  •   գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,
  •   աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
  •   գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
  •   օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
  •   չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
  •   պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին:

Տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար  հարկավոր է.

  •   Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:
  •   Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: Եթե աշխատում եք հում մթերքի հետ, անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ և պիտույքներ, օրինակ` դանակներ, մասնատման տախտակներ և այլն:
  •   Պետք է ուշադիր լինել, որ գնումների ժամանակ հում միսը, թռչնամիսը և ծովամթերքն առանձին դրվեն այլ սննդամթերքից: Սառնարանում հում և պատրաստի սննդամթերքի շփումը կանխելու համար պետք է դրանք պահել փակ տարաներում՝ հումը տեղադրելով պատրաստի կամ ջերմային մշակում անցած մթերքից ներքև:
  •   Սնունդ պատրաստելիս պետք է այն ենթարկել մանրազնին ջերմային մշակման: Նշենք, որ վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած: Հարկավոր է մշտապես հետևել, որ կերակուրը լինի լավ եփած կամ տապակած:

Անհրաժեշտ է իմանալ.

  •   Պատրաստի մթերքը չի կարելի սենյակային ջերմաստիճանում պահել 2 ժամից ավելի: Արագ փչացող և պատրաստի բոլոր մթերքները պետք է պահել սառնարանում 72 ժամից ոչ ավելի, իսկ մսային աղցանները և կերակրատեսակները` ոչ ավելի, քան 48 ժամ:
  •   Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի: Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:
  •   Մթերքը գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և պիտանիության ժամկետին՝ հատկապես շուտ փչացող մթերքի դեպքում:
  •   Խորհուրդ է տրվում ընտրել թարմ, չվնասված մթերք: Նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած՝ գործարանային մթերքին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն:
  •   Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ պետք է մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:
  Թեև ձեզանից շատերը գիտեն այս մասին և հենց այդպես էլ վարվում են,  բայց, կարծում ենք,  որ   ևս մեկ  անգամ   հիշեցնելը   ավելորդ չի՝  ձեր զգոնությունը բարձրացնելու համար: 


Բժշկական Նորություններ