Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

2022-01-14

  Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում:

  Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ:

  Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:

  Հղիությունը պատվաստման հակացուցում չէ. հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում: Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ:

Նախազգուշական միջոցառումներ են`

վարակիչ կամ սոմատիկ հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո,

քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո,

հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երևույթների կայունացման շրջանում:

Նշենք նաև, որ կրծքով կերակրելը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար: Ինչպես նաև  կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: Հավելենք, որ կորոնավիրուսով հիվանդացած անձը կարող է պատվաստվել 90 օր հետո:


Արթ