Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Բարեփոխումներ՝ մանկական ծառայություններում

Բարեփոխումներ՝ մանկական ծառայություններում

2022-01-18

  ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը ներկայացրեց  մանկական ծառայությունների բարեփոխման ծրագիրը:

  Նրա խոսքով,   առողջապահության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են մանկաբույժներ, ոլորտի պատասխանատուներ և մասնագետներ:  Առաջին նիստն  արդեն կայացել է, որի ժամանակ վերհանվել են այն բոլոր հարցերը,  որոնց լուծման շնորհիվ կապահովվի մանկական ծառայության ավելի արդյունավետ աշխատանքը՝  թե՛ առողջության առաջնային պահպանման օղակում,    թե՛ ստացիոնարում:

   «Խնդիրներից մեկն, օրինակ,  ստացիոնար ծառայության գերծանրաբեռնվածություն է, առավել ևս սեզոնային վարակների ակտիվացման շրջանում և ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման) օղակի արդյունավետության բարձրացումը»,-ասաց Նունե Փաշայանը:

  Ըստ նրա, հստակեցվելու է  յուրաքանրյուր օղակի պատասխանատվության սահմանը, ինչի համար  կմշակվեն չափորոշիչներ, որոնք թույլ կտան առաջնային օղակին զբաղվել նրանով, ինչի համար այն կոչված է.  դա կանխարգելիչ աշխատանքն  է և թեթև հիվանդությունների բուժումը  տնային պայմաններում. «Ինչպես գիտենք,   երեխաների հիվանդությունների մոտ 80 տոկոսը հնարավոր է բուժել տնային պայմաններում, այսինքն՝ ԱԱՊ մակարդակում,  և միայն ծանր հիվանդները պետք է գնան ստացիոնար»,-նշեց Նունե Փաշայանը:

  Նունե Փաշայանը  ասաց, որ կվերազինվեն    ամբուլատոր ծառայությունները, կիրականացվի մանկական անկետայի թվայնացում, ինչը  կկրճատի ամբուլատոր օղակի թղթային աշխատանքն ու կբարելավի  աշխատանքի որակը, և ընդգծեց, որ ամբուլատոր օղակի բժիշկները կվերապատրաստվեն և կաշխատեն նոր մշակված ուղեցույցներով:

  Հավելենք, որ բարեփոխումները իրականացվելու են ինչպես 2021-2026  թթ-ի  առողջապահության նախարարության ծրագրի, այնպես էլ նախարարության ընթացիկ աշխատանքների շրջանակներում:


Բժշկական Նորություններ