Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպես հրաժարվել ծխելու վատ սովորությունից

Ինչպես հրաժարվել ծխելու վատ սովորությունից

2022-05-17

  Վատ սովորության առաջացումը հաճախ կախված է հասարակության մեջ ընդունված վարքագծից։ Երեխան, պատանին պարբերաբար տեսնելով մեծահասակի մոտ որոշակի վարքագիծ, փորձում է այն կրկնօրինակել։ Հակադրման մեխանիզմով՝ երեխային հետաքրքրում է արգելված, գաղտնի վարքագծի մոդելը, որի օգնությամբ փորձում է բավարարել մեծահասակին կամ հասարակությանը հակադրվելու, պատժելու ցանկությունը։

  Վնասակար սովորությունից ազատվելու կամ փոխելու համար անձը պետք է կայացնի հստակ որոշում, որի համար կարևոր է մոտիվացիան և պատճառականությունը։ Երբեմն ծխախոտի օգտագործումը կապված է որոշակի հույզերի և պահանջմունքների բավարարման հետ։

  Ծխելը հաճախ լարվածության թոթափման, սնվելու, ինքնահաստատման, իրականությունից փախուստի միջոց է կամ պարզապես օրակարգային սովորություն, ինչպես՝ սրճելիս ծխելը։

  Հասկանալով պահանջմունքի պատճառները՝ կարող եք ստեղծել նոր՝ ոչ վնասակար արարողակարգ։ Որպես այլընտրանք, ընտրեք սպորտը, զբոսանքը, շնչառական վարժությունները կամ ժամանակ հատկացրեք սիրած զբաղմունքի համար։

  Եթե վատ սովորությունը կապված է այնպիսի իրավիճակների հետ, որոնք ավտոմատ հիշեցնում են ծխելու մասին՝ սուրճ ըմպելը, հատուկ ժամերը, վայրերը, ապա պետք է նման իրավիճակների համար ձևավորել նոր մեխանիզմներ, այիսնքն՝ դրական հույզ առաջացնող այլ վարքագիծ դրսևորել։ Օրինակ՝ սրճելիս  ծխելու փոխարեն կարելի է կոնֆետ ուտել կամ ջուր խմել։

  Երբեմն ծխախոտից հրաժարվելու դժվարությունը ուղիղ կամ անմիջական կապ ունի որոշում  կայացնելու հետ․ որոշում կայացրեք և հրաժարվեք ծխելուց։

  Եթե դժվար է ծխախոտից անմիջապես հրաժարվել նիկոտինային կախվածության կամ այլ պատճառով, առաջարկում ենք ծխախոտի կիրառման հետաձգման մեխանիզմը․ ամեն անգամ ծխելու ցանկություն ունենալու դեպքում հետաձգեք այն 1 ժամով և շաբաթվա կտրվածքով հետևեք քանակի փչացմանը։


Բժշկական Նորություններ