Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Կատաղություն. ինչպե՞ս կանխարգելել

Կատաղություն. ինչպե՞ս կանխարգելել

2022-06-06

 Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

  Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց  համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջերավոր կենդանիներ):

  Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:

 Վարակի փոխանցման մեխանիզմը` մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում):

  Կատաղության հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, քայքայվում է թթուների ազդեցությունից, արագ ոչնչանում է մինչև 560 C տաքացնելիս: Այս հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի:

Բուժում են համարվում կանխարգելիչ պատվաստումները:

Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է`

  • պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների
  • վայրի կենդանիներին մոտ չթողնել կենդանիների հոտին, գոմերին և այլն
  • տնտեսությունը սպասարկող անասնաբույժներին անհապաղ հայտնել կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին
  • մարդկանց կամ կենդանիներին կծած կենդանիների մասին անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայություններին` կենդանու զննման և 10 օրվա ընթացքում մասնագետների հսկողությամբ կարանտինի ենթարկելու համար
  • չգնել և չխնամել շներ առանց անասնաբույժի տեղեկանքի` կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ
  • կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծվածքի դեպքում անհապաղ դիմել բժշկի:


Բժշկական Նորություններ