Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Պատվաստումների ազգային օրացույց

Պատվաստումների ազգային օրացույց

2022-07-01

  Պատվաստումներն աշխարհում վարակները կանխարգելող ամենահաջողված ու մատչելի միջոցներից են, և դրանց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

Հայաստանում առաջին պատվաստումը նորածինը ստանում է ծննդատանը՝ վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ՝  ծնվելուց հետո մինչև 24 ժամվա ընթացքում և տուբերկուլոզի դեմ՝ ծնվելուց հետո մինչև 48 ժամվա ընթացքում:

Այնուհետև պատվաստումները շարունակվում են պոլիկլինիկայում ՝ եռանվագ վեցավալենտ պատվաստանյութով՝ 6, 12, 18 շաբաթականում ( կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման, հեմոֆիլուս, ինֆլուենզա Բ տիպի վարակի, վիրուսային հեպատիտ Բ-ի, ինակտիվացված պոլիոմիելիտի բաղադրիչներով): Միաժամանակ իրականացվում է նաև պնևմակոկային վարակի դեմ  պատվաստում եռանվագ՝  6, 12 և 18 շաբաթականում և բերանային պատվաստում ռոտավիրուսի դեմ՝ 6 և 12 շաբաթականում:

Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ պատվաստումն իրականացվում է երկնվագ՝ 12 ամսականում և 4-6 տարեկանում:

16 ամսականում և 6 տարեկանում կատարվում է համակցված տետրաքսիմ պատվաստումը (կապույտ հազի, դիֆթերիայի, փայտացման, ինակտիվացված պոլիոմիելիտի բաղադրիչներով (հակածիններով)):

13-14 տարեկանում՝ աղջիկներին կատարում են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ:

15-16 տարեկանում դեռահասներին կատարվում է  ադասել պատվաստում (դիֆթերիա, փայտացման, ոչ բջջային կապույտ հազի բաղադիրչներով):

Այնուհետև յուրաքանչյուր 10 տարին մեկ իրականացվում է պատվաստում դիֆթերիայի դեմ:

Զորակոչային տարիքում, 15-16 տարեկանում  իրականացվում են պատվաստումներ մենինգակոկային, պնևմակոկային վարակների, վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ, 17 տարեկանում տուլարեմիայի դեմ:

Պատվաստումների ազգային օրացույցում ներառված են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները և պատվաստումներ՝  համաճարակաբանական ցուցումով:

Երբ համայնքում բավարար թվով մարդիկ են պատվաստված, հիվանդությունները հեշտությամբ չեն տարածվում: Սա կոչվում է «խմբային» կամ համայնքային դիմադրողականություն: Եթե համայքնում շատ քիչ մարդ է պատվաստված, մեծանում է հիվանդությունների ռիսկն ու մահվան ելքով դեպքերի քանակը:


Բժշկական Նորություններ