Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր` 50-75 տարիքային խմբի համար

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիր` 50-75 տարիքային խմբի համար

2022-07-12

  ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 15-ից մեկնարկում է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը:

Կոլոռեկտալ քաղցկեղը 3-4-րդ տեղն է զբաղեցնում

Կոլոռեկտալ քաղցկեղը մեծահասակների խմբում ամենահաճախ հանդիպող քաղցկեղներից է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ աշխարհում առկա է կոլոռեկտալ քաղցկեղի հիվանդացության (տարածվածությամբ 3-4-րդ տեղն է զբաղեցնում չարորակ նորագոյացությունների մեջ), հատկապես հիվանդության ուշ փուլերում հայտնաբերված դեպքերի աճ:

ՀՀ-ում 2021 թ-ին կոլոռեկտալ քաղցկեղը  կազմել է 25.5 %

Հայաստանում 2021 թ-ին կոլոռեկտալ քաղցկեղով (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի և հետանցքի) հիվանդացության (կյանքում առաջին անգամ ախտորոշված) ցուցանիշը կազմել է 25.5  ըստ 100 000 բնակչի հաշվով (756 դեպք), տարածվածությունը՝ 167.9 (4972 դեպք), իսկ մահացությունը՝ 16 (475 դեպք): Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն (դեպքերի 83.6%) արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբերում։

Չափազանց բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը, մասնավորապես` 2021 թ-ին կոլոռեկտալ քաղցկեղի շուրջ 70.9%-ը հայտնաբերվել է հիվանդության 3-րդ և 4-րդ փուլում։

«U. S. Preventive Services Task Force» (USPSTF)-ի տվյալների համաձայն` կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելումը ցուցված է իրականացնել բնակչության 50-ից բարձր տարիքային խմբում:

Սքրինինգային  ծրագիրը ներդրվելու է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և  Գյումրու «Բեռլին»  պոլիկլինիկայում

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը ներդրվելու է Երևանում` ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և Շիրակի մարզի Գյումրու «Բեռլին»  պոլիկլինիկայում: Նախատեսվում է տվյալ բժշկական կազմակերպություններում հավաքագրված 50-75 տարիքային խմբում ընդգրկված և պատահականության սկզբունքով ընտրված բնակչության 15%-ն ընդգրկել ծրագրի մեջ` հաջորդ տարվա ընթացքում հասցնելով ցուցանիշը մինչև 20%:

Ծրագրի ընթացքում իմունաքիմիական թեստի դրական արդյունքների դեպքում քաղաքացին ուղեգրվելու է կոլոնոսկոպիկ հետազոտության, որն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Կոլոնոսկոպիկ հետազոտության ընթացքում ախտաբանական փոփոխություններ հայտնաբերելիս բիոպտատն ուղարկվում է պաթոմորֆոլոգիական հետազոտության: Կոլոնոսկոպիկ և պաթոմորֆոլոգիական հետազոտությունների արդյունքներով կազմակերպվելու են նաև պրոկտոլոգի և/կամ ուռուցքաբանի խորհրդատվություններ:

Ծրագրի նպատակն է ՀՀ-ում բարելավել կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ցուցանիշը և իջեցնել մահացությունը:


Բժշկական Նորություններ