Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնվել է   20 երեխա

44 օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում ծնվել է 20 երեխա

2022-07-22

 «Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում արդյունքները տարեցտարի բարելավում են, ավելանում է ֆինանսավորումը և բուժհաստատոթյունները կարողանում են սպասարկել ավելի շատ շահառուների»,-ասաց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը: Վերջինիս խոսքով,  6 ամսվա կտրվածքով ծնվել է 44 երեխա  և  արձանգրվել է 104 հղիություն. «Եթե նախորդ տարվա ընթացքում սպասարկվել է  917 շահառու, ապա՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում արդեն 577 շահառու»:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ  բաղադրիչներից՝

  • Անպտուղ զույգերի պատճառագիտության ախտորոշում, ( այն իր մեջ կարող է ներառել նաև վիրահատական միջամտություններ, և երբեմն հղիությունը տեղի է ունենում հենց այս փուլում, վիրահատությունից հետո),
  • Արհեստական սերմնավորում,
  • Արտամարմնային բեղմանավորում
  • Ներպատվաստում  արգանդի խոռոչում

  Ծրագրով նախատեսված է 2 փորձ. արտամարմնային բեղմնավորման առաջին փորձը իրականացվում է ամբողջությամբ անվճար, իսկ 2-րդ փորձը՝ 50 տոկոս զեղչով:

  Եթե զույգը  ճանաչվել է շահառու, ապա՝  բոլոր ծախսերը իրականացվում են պետական պատվերի հաշվին. այն իր մեջ ներառում է հետազոտությունը, բեղմնավորումը, ներպատվաստումը արգանդի խոռոչում:

Ծրագրի շահառու կարող են դառնալ՝

  • Հաշմանդություն ունեցող անձինք ( և՛ կին, և՛ տղամարդ) , եթե,  իհարկե, հաշմադությունը չի խոչընդտում կնոջ հղիության կրելուն,
  • Սահմանամերձ բնակավայրերի բնակիչները
  • Զինծառայողները կամ զինծառայողներին հավասարեցված անձինք,
  • 44 օրյա պատերազմում զոհվածների ծնողները, իսկ 2022 թ-ին ավելացվեց նաև դատական կարգով  անհայտ կորած ճանաչվածների ծնողները և 44 օրյա պատերազմից հետո շփման գծում զոհվածների ծնողները

Նունե Փաշայանն ասաց, որ շահառուների վերջին խմբի համար կատարվում է բացառություն, 2-րդ փորձի ամբողջ ծախսը ևս հոգում է պետությունը:

Զոհվածների ընտանիքներում ծնվել է  արդեն  20 երեխա և միայն առաջին կիսամյակում 31 նոր  հղիություն է արձանագրվել:

  Փաշայանի խոսքով, անպտղության հիմնական խնդիրները բազմաթիվ են. ՄԱԿ-ի բնակչության կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անպտղությունը բավականին բարձր է տղամարդկանց մոտ, կանանց շրջանում  19 տոկոս  նվազել է: Տղամարդկանց մոտ պատճառը հիմնականում սեռավարակներն են, իսկ կանանց մոտ՝ հղիության արհեստական ընդհատումները:

Հավելենք, որ 2022 թ-ի համար նախատեսված է 917 միլիոն դրամ, իսկ ծրագրի մեկնարկից (2019 թ.)  ի վեր ծնվել է 170 երեխա:

 Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին օրենքը նախատեսում է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից կարող են օգտվել մինչև 53 տարեկան զույգերը:


Բժշկական Նորություններ