Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՆ-ն հաստատել է հեպատիտ Ց-ով պացիենտների բուժման  կարգը

ԱՆ-ն հաստատել է հեպատիտ Ց-ով պացիենտների բուժման կարգը

2022-07-29

  ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների բուժումը կազմակերպելու նպատակով հաստատված կարգի համաձայն` անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային` «Սոֆոսբուվիր/Վելպատասվիր» համակցությամբ դեղերը: Այսինքն, այլևս անհրաժեշտություն չկա հանձնելու վիրուսի գենոտիպի որոշման հետազոտություն:

  Բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ պացիենտներին և լյարդի ֆիբրոզ  0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա.

  • հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում (դրական) որակական պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,
  • ֆիբրոզի աստիճանի որոշում՝ լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոսկան) կամ APRI կամ FIB-4, ընդ որում, 3-րդ և 4-րդ աստիճանի ֆիբրոզի դեպքում որոշվում է նաև AFP,
  • արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին ընդհանուր/կապված, ԱԼՏ, ԱՍՏ, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, պրոտրոմբինային ժամանակ/ինդեքս/INR),
  • HBsAg կամ հակա-HBc,
  • որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:

  Այս կարգի շրջանակներում վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների վարումը, դեղատոմսի տրամադրումը և հսկողությունն իրականացվում է բժիշկ-մասնագետի կողմից հետևյալ բժշկական կազմակերպություններում`Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց, «Աստղիկ» ԲԿ, «Էրեբունի» ԲԿ, «Նաիրի» ԲԿ, «Արմենիա» հանրապետական ԲԿ, «Էլիտ-Մեդ» ԲԿ, «Վիոլետա» բժշկական կենտրոն, «Նիկոմեդ» ԲԿ:

  Նշված չափանիշներին համապատասխանող պացիենտներին բժշկի կողմից տրվում է դեղատոմս, որի հիման վրա վերջինս ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ստանում է անհրաժեշտ դեղերը: Յուրաքանչյուր պացիենտի տրամադրվելու է ամսական 1 տուփ` ըստ բուժման կուրսի, որի տևողությունը 12 շաբաթ է:

  Նշենք, որ 2022 թ-ին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 պացիենտ:

  Հիշեցնենք, որ հեպատիտները փոխանցվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների գործածում, ինվազիվ միջամտություն (բժշկական և ոչ բժշկական` դաջվածք, մատնահարդարում, ոտնահարդարում, փիրսինգ և այլն), դրական դեպք` մորից երեխային, երբեմն նաև` կենցաղ-կոնտակտային ճանապարհով:


Բժշկական Նորություններ