Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ի՞նչ անել, երբ երեխան չի ցանկանում սովորել

Ի՞նչ անել, երբ երեխան չի ցանկանում սովորել

2022-09-09

  Ի՛նչ անել, երբ երեխան չի ցանկանում սովորել:  Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով, սա շատ տարածված բացասական երևույթ է:

Ստորև ներկայացնում ենք հոգեբանի խորհուրդները, ուղղված՝  հատկապես տարրական դասարաններում աշակերտներ ունեցող ծնողներին:

Ինչո՞ւ երեխան չի ուզում սովորել 1-ին դասարանում

Ըստ հոգեբանի,  երեխան պարզապես   պատրաստ չի լինում՝  դպրոց գնալու: Եթե երեխան գտնվում է մտավոր զարգացման բարձր փուլում, ամենևին  չի նշանակում, որ նա հոգեբանորեն էլ է պատրաստ լինել  դպրոցում:

Ինչպե՞ս կարող ենք հասկանալ. երբ երեխան առավոտյան չի կարողանում արթնանալ, նա սովոր է տանը լինել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, սրանք վկայում են այն բանի մասին, որ երեխան պատրաստ չի կարգուկանոնի: Սա նշանակում է, որ երեխային չեն սովորեցրել որոշակի ռեժիմի, թե  որ ժամին ինչ պիտի անի, երբ  պետք է ուտի և երբ պետք է խաղա:

Երեխան պետք է հասկանա,  որ  բացի ուզելուց  կան բաներ, որ  միավորվում են «պետք է» բառի տակ

Երեխայի դաստիարակության մեջ չպետք է գործածել հետևյալ միտքը՝ «Ինչ ուզում է թող անի»: Երեխան պետք է հասկանա,  որ  բացի ուզելուց  կան բաներ, որ  միավորվում են «պետք է» բառի տակ: Օրինակ կան երեխաներ, որոնք դասին չեն կարողանում նստել, քայլում եմ, դա նշանակում է, որ նրանց նկատմամբ «պետք է» բառը չի կիրառվել:  Եթե հոգեբանորեն այդ «պետք է» բառը  մտած է երեխայի մեջ, ուրեմն՝  նրա մեջ կա կարգուկանոն և  կարող եք նրան տանել դպրոց:

Յուրաքանչյուր երեխա  ընտանիքի հայելին է

Եթե ուսումնասիրեք, կնկատեք, որ վատ սովորող երեխաների զգալի մասը այն ընտանիքներից են, որտեղ  ընտանեկան մթնոլորտը խաղաղ չէ.  ծնողները կռվում են, ծնողներից մեկն ունի կախումներ՝ հարբեցող է, թմրամոլ է կամ  խաղամոլ:  Ապրելով այդպիսի միջավայրում՝ երեխան  բացարձակապես ադապտացված չի լինում դպրոցին և արդեն 6, 7 տարեկանում լինում է  կոնֆլիկտային.  դպրոցում  խփում է, հրում, կսմթում  և կռիվներ  ստեղծում: Եվ երբ  երեխան կոնֆլիկտային է և  չի մեծանում ոգեղեն արժեքներով, նրա համար  գիտելիք ստանալը դառնում է ոչ մի բան:

Ծնողները պետք է հետևեն իրենց բառերին

Կան նաև ծնողներ, որոնք   իրենց խոսքերով են  նպաստում, որ երեխան չսովորի. ասում են՝«Ինչ ես այդքան սովորում, կմեծանաս մի օբյեկտ կտամ կաշխատեցնես, կապրես»: Եվ երեխան կրթությանը նայում է որպես  ոչ պետքական բանի: Ծնողները պետք է հետևեն իրենց բառերին, մտքերին:

Երեխան պետք է ունենա գլխավոր դաստիարակող

Երբ երեխան ապրում է տատիկ-պապիկների, հորաքույր-մորաքույրների հետ, ամեն մեկը սկսում է մի առաջադրանք տալ , մի պահանջ  դնել երեխայի առջև, և դրանք հաճախ իրարամերժ են լինում: Չի՛ կարելի: Պետք է հասկանալ թե ով է երեխայի գլխավոր դաստիարակողը, ով է երեխային կամ թույլ տալիս, կամ արգելում, մյուսներն էլ  պետք է վարվեն նույնկերպ:

Երեխայից  մի՛ պահանջեք այն, ինչ նա չի կարող

Ամենամեծ սխալներից է նաև , երբ երեխային ներկայացնում են շատ բարձր պահանջներ.  շատ հաճախ, ծնողը երեխայից ավելի շատ բան է պահանջում, քան երեխան ի վիճակի է տալու: Եթե , օրինակ, երեխան մաթեմատիկական հակումներ չունի, պետք չի իրենից պահանջել , առավել ևս պատժել, ծեծել, և զրկել նրան ինչ-որ բաներից: Դրա պատճառով նա կարող է  հիասթափվել  անգամ իր սիրելի առարակներից:

Ոչ մի դեպքում ձեր երեխային ուրիշ երեխայի հետ մի՛ համեմատեք:

Երեխայի  մեջ սերմանե՛ք սեր կրթության, ուսման, գիտելիքի նկատմամբ

Բացատրեք նրան, որ ուսումն  ունի սկիզբ, բայց ոչ երեբեք ավարտ:  Նա պետք է գիտակցի, որ ինչ մասնագետ էլ դառնա՝ կոշկակար, թե իրավաբան, իրեն գիտելիք է պետք, և գիտելիք ստանալը նրա համար պետք է ամենալավ հաճույքը լինի:  

Երեխան այն մատղաշ բույսն է, որը պետք է շատ մեծ խնամքով աճեցնել, և ճիշտ ջրելն ու պարարտացնելը լավ մարդ մեծացնելու գրավականն են: 


Բժշկական Նորություններ