Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս կանխարգելել շաքարային դիաբետի հնարավոր բարդությունները

Ինչպե՞ս կանխարգելել շաքարային դիաբետի հնարավոր բարդությունները

2022-09-14

   2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների մեծ մասը բավականաչափ կարևորություն չեն տալիս իրենց հիվանդությանը, քանի որ հաճախ չունեն առանձնակի ախտանշաններ: Նրանք դժվարություններ են ունենում ախտորոշումն ընդունելու, մշտական թերապիայի և ապրելակերպի փոփոխությանը հետևելու հարցում: Մինչդեռ վարքի փոփոխություններն օգնում են վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և նվազեցնել շաքարային դիաբետով պայմանավորված բարդությունների ռիսկը:

2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցողներին խորհուրդ է տրվում.

  • կանոնավոր ֆիզիկական ակտիվ կյանք վարել, որը կբարելավի ածխաջրերի փոխանակությունը,

  • նվազեցնել և պահպանել մարմնի քաշը, քանի որ նախադիաբետի և նոր ախտորոշված 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում քաշի կորուստն ամենակարևոր և արդյունավետ ռազմավարությունն է. մարմնի քաշի 5-10%-ի կորուստը կարող է օգնել կարգավորելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը,
  • Ավելի հաճախ սնվել տանը` օգտագործելով թարմ, չմշակված մթերք: Սա լավ միջոց է երեխաների և դեռահասների մոտ առողջ սնվելու վարքագծի ձևավորման առումով,

  • սննդակարգի կտրուկ սահմանափակումներն ու ծոմապահությունը հակացուցված են,

  • կարևոր է նաև սննդակարգում ներառել ճարպաթթուներով հարուստ մթերք (ձուկ, ձիթապտղի յուղ, նուշ, ընկույզ և այլն),

  • շաքարային դիաբետի հաջող բուժման կարևորագույն պայմաններից է պացիենտի ինքնավերահսկումը (դեղերի ժամանակին ընդունում` ըստ դեղաչափի, ճիշտ սննդակարգի պահպանում և այլն), որը թույլ է տալիս թե՛ բժշկին, թե՛ պացիենտին գնահատել հիպոգլիկեմիկ թերապիայի արդյունքը, իրականացնել անհրաժեշտ շտկում,

  • ցանկալի է պահել օրագիր` համապատասխան գրառումներով (արյան մեջ շաքարի պարունակության մոնիտորինգի արդյունքները, դեղաչափերի փոփոխությունները, ինքնազգացողության առանձնահատկությունները և առօրյա ռեժիմ),

  • ձեռքի տակ մշտապես ունենալ հեշտությամբ մարսվող ածխաջրեր՝ հիպոգլիկեմիան կանխելու համար,

  • հրաժարվել ծխախոտից (դիաբետ ունեցող ծխողները և պասիվ ծխի ենթարկվող դիաբետով պացիենտները գտնվում են ռիսկի խմբում չծխողների համեմատ` սրտանոթային հիվանդությունների, միկրոանոթային բարդությունների և գլիկեմիայի ավելի վատ վերահսկման առումով),

  • եթե մաշկը վնասված է (ճաք, քերծվածք, կտրվածք), չօգտագործել սպիրտ և ներկանյութ պարունակող լուծույթներ։ Մշակման համար օգտագործել անգույն ջրային հակասեպտիկ միջոցներ,

  • պարբերաբար և ժամանակին խորհրդակցել բուժող բժշկի հետ:


Բժշկական Նորություններ