Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացությունը կազմում է 48.3 տոկոս

Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացությունը կազմում է 48.3 տոկոս

2022-10-06

  Աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահացությունը կազմում է շուրջ 16 տոկոս

 Սրտանոթային հիվանդությունները առողջապահական համակարգի գերակա հիմնախնդիրներից մեկն է: Հիվանդացության և մահացության ցուցանիշները ամենաբարձրն են բոլոր երկրներում: Ըստ ԱՀԿ տվյալների, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի սրտանոթային հիվանդություններից մահացությունը կազմում է շուրջ 16 տոկոս: Մահացության բարձր ցուցանիշը բնորոշ է ավելի միջին ու ցածր եկամուտ ունեցող երկրներին:

  Եթե կանխագելման և բուժման միջոցառումներ չիրականացվեն, ապա, ըստ ԱՀԿ-ի կանխատեսումների, մինչև 2030 թ-ը կգրանցվի շուրջ 23 մլն մահվան դեպք:

Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացությունը կազմում է 48.3 տոկոս

  «Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացությունը ևս առաջին տեղում է՝ կազմելով 48.3 տոկոս»,- «Արմենպրես» լրատվական գործակալության տաղավարում  նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տեղակալ Դիանա Անդրեասյանը: Նրա խոսքով,  սակայն նախորդ տարվա համեմատ եղել են մահացության թվերի նվազեցում 525 դեպքով (2021 թ-ին եղել է16 589 դեպք, 2020 թ-ին՝ 17 114): «Պետք է նշեմ, որ մինչև 2019 թ-ը ունեինք թվերի նվազեցման միտում, սակայան 2020 և 2021 թթ-ի իրադարձությունների հետևանքով եղավ մի փոքր ցուցանիշի աճ»,- նշեց նա:

Տղամարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններից մահացությունը  2 անգամ բարձր է

  Անդրադառնալով կանանց և տղամարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններից մահացության դեպքերի հարաբերակցությանը, Դիանա Անդրեասյանը նշեց, որ մինչև 70 տարեկան տղամարդկանց շրջանում մահացությունը շուրջ 2 անգամ բարձր է,  քան՝  կանանց, «Սա խոսում է այն փաստի մասին, որ տղամարդիկ, մինչև  70 տարեկան և  առավել ևս 35-65 տարիքային խումբը, համարվում է ռիսկային: Պատճառն այն է, որ տղամարդկանց վարքագիծը ավելի ռիսկային է.  յուրքանչյուր 2-րդ տղամարդ ծխում է, զարկերակային բարձր ճնշման տարածվածությունը, ֆիզիկական թերակտիվությունը, ավելցուկային քաշը՝ ճարպակալումը, որը բնակչության շրջանում կազմում է 48 տոկոս և աղի չարաշահումը»:

10 քայլ՝  առողջ սիրտ ունենալու համար

Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ, մարզվե՛ք շաբաթական առնվազն 150 րոպե:

Շաքարային դիաբետից խուսափելու համար պարբերաբար ստուգե՛ք արյան շաքարի մակարդակը և սահմանափակե՛ք վերամշակված ածխաջրերի օգտագործումը:

Դադարեցրե՛ք ծխելը:

Նվազեցրե՛ք ալկոհոլի օգտագործումը

Խուսափե՛ք հագեցած ճարպերից. դրանք նպաստում են անոթների խցանմանը:

Սնվե՛ք առողջ, օրական օգտագործե՛ք մինչև 500 գրամ միրգ և բանջարեղեն:

Կառավարե՛ք ձեր սթրեսը, հաճախ հանգստացե՛ք:

Վերահսկե՛ք և կարգավորեք արյան բարձր ճնշումը  և պարբերաբար չափեք:

Վերահսկե՛ք ձեր քաշը:

Առողջ լինելու համար քնեք միջինում 7 ժամ:

 


Բժշկական Նորություններ