Ի՞նչ է սթրեսը
Սթրեսը մարդու «ունիվերսալ» հարմարողական ռեակցիան է բարդ կամ վտանգավոր կամ անորոշ իրավիճակին, երբ հնարավոր չէ կիրառել նախկին փորձը: Այլ կերպ ասած, օրգանիզմի պաշտպանական պատասխանն է վտանգին, որն ուղեկցվում է նյարդային, իմուն, սրտանոթային և մկանային համակարգերի մոբիլիզացմամբ և հոգեկան լարվածությամբ:
Հոգեբան Խաչատուր Գասպարյանը թվարկում է այն հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում կարող եք հասկանալ, որ սթրեսի ազդեցությունը դուրս է եկել ձեր վերահսկողությունից: Երբ դյուրագրգիռ եք, ունեք քնելու դժվարություններ, անկարող եք կյանքից հաճույք ստանալ, ունեք ախորժակի խանգարում, կան խնդիրներ՝ հարաբերություններում և մարդկանց հետ հաղորդակցվելիս, դժվարանում եք մտածել կառուցողական և ունեք կենտրոնացման խնդիրներ: Սրանք այն նշանններն են, որոնք վկայում են այն մասին, որ մարդը չի կարողանում վերահսկել սթրեսը:
Ի՞նչ անել
Հոգեբանը խորհուրդ է տալիս նման դեպքերում սահմանափակել լրատվամիջոցներից և այլ հարթակներից օգտվելու ժամանակը: Այսօր տեղեկատվական հոսքերի մեծ քանակը, որոնցում շատ է բացասական ինֆորմացիան, ևս առաջացնում է սթրես: Բազմաթիվ հարթակների, ԶԼՄ-ների, սոցիալական մեդիայի միջոցով ստացած տեղեկությունների պատճառով առաջացած սթրեսը բնորոշվում է որպես տեղեկատվական սթրես: Երեկոյան խուսափեք տագնապային ֆիլմեր դիտելուց. տագնապի զգացողությունների դեպքում կիրառեք շնչառական վարժություններ, ֆիզիկական ակտիվություն, իրականությունն ընդունեք ցանկալի և անցանկալի բոլոր կողմերով, պլանավորեք քայլերն առաջիկայի համար՝ տարանջատելով անելիքները: