Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԲԱՑԱՍԱԿԱՆ   ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ   ԴԵՄԵՆՑԻԱՅԻ   ՊԱՏՃԱՌ

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄԵՆՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌ

2020-06-09

      Սովորեք մտածել դրական

    Ըստ  «Victoria health news»-ի ամերիկյան CNN լրատվական ծառայությունը ներկայացրել է  նոր ուսումնասիրություն, ըստ որի  շարունակական բացասական մտածողությունը ծերության ընթացքում հանգեցնում է ճանաչողական ֆունկցիայի անկման եւ Ալցհեյմերի հիվանդության համար պատասխանատու երկու վնասակար սպիտակուցների մեծ քանակությամբ սինթեզմանը։

      Ցանկանու՞մ եք ապրել ավելի երկար՝  եղե՛ք լավատես

     «Մենք ենթադրում ենք, որ շարունակական բացասական մտածողությունը կարող է դեմենցիայի (ձեռքբերովի թուլամտություն) զարգացման ռիսկի նոր գործոն լինել», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ, հոգեբույժ, Լոնդոնի համալսարանական քոլեջի հոգեկան առողջության դեպարտամենտի ավագ գիտաշխատող  Նատալի Մարչանտը։

      Հետազոտության մեջ ներգրավված է եղել 55-ից բարձր տարիքի ավելի քան 350 մարդ, ովքեր անցել են համապատասխան սկանավորում,  ինչն էլ ցույց է տվել, որ ի տարբերություն լավատես մարդկանց,  չորս տարիների ընթացքում այն մարդկանց մոտ, ովքեր ավելի տևական ժամանակ են բացասական մտքեր ունեցել, դիտվում է ավելի մեծ քանակությամբ Տաու եւ Բետա ամիլոիդների կուտակումներ, ավելի թույլ հիշողություն եւ ճանաչողական ֆունկցիայի ավելի մեծ անկում։ Ուսումնասիրությամբ նաեւ ստուգվել է անհանգստության եւ դեպրեսիայի մակարդակը եւ դիտվել է դեպրեսիվ եւ անհանգիստ մարդկանց մոտ ճանաչողական ֆունկցիայի էլ ավելի մեծ անկում, որը կրկնում է նախորդ հետազոտությունների արդյունքները: Սակայն Տաու եւ Բետա ամիլոիդ սպիտակուցների մակարդակը չի աճել արդեն իսկ դեպրեսիվ եւ անհանգիստ մարդկանց մոտ, ինչը կասկածի տակ  է դնում այն, որ շարունակական բացասական մտածողությունը կարող է լինել դեպրեսիայի եւ անհանգստության հիմնական պատճառը, որն էլ նպաստում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը:

      «Համադրելով նաև այլ ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ դեպրեսիան եւ անհանգստությունը կապվում են դեմենցիայի զարգացման ռիսկի հետ, մենք ակնկալում ենք, որ տևական բնույթ կրող մտածողության քրոնիկ բացասական մոդելները կարող են մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը», - ասել է Մարչանտը:

    «Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս կենսաբանական կապը շարունակական բացասական մտածողության եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ եւ բժիշկներին ավելի հստակ  ինֆորմացիա է տալիս գնահատելու ռիսկը եւ առաջարկելու հիվանդության բուժման անհատական մոտեցումներ»,-նշում է նյարդաբան, Նյու Յորքի բժշկական կենտրոնի Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման կլինիկայի հիմնադիր, դոկտոր Ռիչարդ Այզեքսոնը։

      Սա նշանակում է, որ շատ մարդիկ, ունենալով այս բոլոր սիմպտոմները, գտնվում են ռիսկի խմբի մեջ և նույնիսկ չգիտեն այդ մասին, քանի որ չեն պատկերացնում, թե ինչ անդառնալի  հետևանքներ կարող է ունենալ բացասական մտածողությունը մարդկային ուղեղի աշխատանքի վրա։

       Մեդիտացիան նպաստում է դրական մտածողության զարգացմանը

       Կարճաժամկետ բացասական մտածողությունը դեռևս չի նշանակում, որ  կհանգեցնի Ալցհեյմերի հիվանդությանը։ Հետազոտողները ենթադրում են, որ մտավոր ուսուցման այնպիսի պրակտիկան, ինչպիսին մեդիտացիան է, կարող է նպաստել դրական մտածողության զարգացմանը։

     «Հոգեկան առողջության մասին հոգ տանելը շատ կարեւոր է, եւ դա պետք է լինի հանրային առողջության առաջնահերթություններից», -ասում են ուսոմնասիրության հեղինակները։

     Մարդիկ, ովքեր դրական են նայում կյանքին, շատ ավելի հավանական է, որ խուսափեն ցանկացած տեսակի սրտանոթային հիվանդություններից։ Որքան դրական է մարդը, այնքան ավելի պաշտպանված է սրտի կաթվածից, ինսուլտից եւ մահվան ցանկացած  այլ պատճառներից:

      Սովորեք լինել լավատես

    Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լավատեսությունն ու առողջ ապրելակերպի վարումը, օրինակ, առողջ սնունդը, ծխախոտ չօգտագործելը եւ ֆիզիկական վարժությունները,  էլ ավելի են ամրապնդում իմունային համակարգը եւ բարելավում  թոքերի ֆունկցիան: Ըստ նախորդ ուսումնասիրությունների,  մկանային «վերապատրաստման» միջոցով հնարավոր է մարզել նաև ուղեղը՝  լավատես լինելու համար։

     «Եվ վերջապես, մենք գիտենք, որ ճանաչողական-վարքագծային թերապիան դեպրեսիայի բուժման շատ արդյունավետ մեթոդ է. Իսկ հոռետեսությունը ուղիղ ճանապարհ է դեպի դեպրեսիա», - ասում են հեղինակները։

     Պարզապես պետք է ինքներդ ձեզ սովորեցնեք, որ կա մտածելու այլընտրանքային միջոց  և վերաձեւակերպեք ձեր բացասական մտքերը, այդ կերպ դուք կարող եք հասնել մեծ առաջընթացի։


Բժշկական Նորություններ