Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Սպիտակ բանակը հայ զինվորի կողքին է

Սպիտակ բանակը հայ զինվորի կողքին է

2020-10-10

 

  Սեպտեմբերի 27-ին,  Ադրբեջանն  Արցախի նկատմամբ սանձազերծեց  հերթական պատերազմը: Ավելին, այս անգամ Արցախի պաշտպանության բանակը  պայքարում է ոչ միայն ադրբեջանա-թուրքական ագրեսիայի, այլ նաև՝ վերջիններիս կողմից ներմուծված սիրիացի ահաբեկիչ վարձակների դեմ:  Առաջին իսկ օրերից  տասնյակներով հայ բժիշկներ մեկնեցին Արցախ՝ տեղում բուժօգնություն ցուցաբերելու ինչպես զինվորներին, այնպես էլ՝ քաղաքացիական տուժածներին:   

   Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սանձազերծել են   այն ժամանակ, երբ  աշխարհն ամիսներ շարունակ պայքարում է անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որի վտանգն ամենևին էլ չի անցել:

  Հայ բժիշկներից շատերն  այս օրերին իրենց կոչով դիմեցին աշխարհի բժշկական հանրությանը, հորդորելով  դատապարտել և զսպել  Ադրբեջանի ու Թուրքիայի անմարդկային ագրեսիան:  

  ԵՊԲՀ ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մուրադյանն հոկտեմբերի 2-ին, Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, կոչով դիմեց բժշկական հանրությանը՝ մասնավորապես նշելով.

  «Կորոնավիրուսային համավարակի օրերին, ցավոք, ադրբեջանական դիկտատուրան վարձկանների, ահաբեկիչների օգնությամբ պատերազմ է հրահրել այն պահին, երբ աշխարհը պայքարում է համաճարակի դեմ, երբ յուրաքանչյուրի կյանքը գտնվում է բժշկական հանրության ուշադրության կենտրոնում: Այս ավանտյուրային զոհ են դարձել ոչ միայն զինվորականները, այլև խաղաղ բնակչությունը` երեխաներ, ծերեր, կանայք, ինչպես նաև լրագրողներ, որոնք աշխարհին ցանկանում էին ներկայացնել ճշմարտությունն այն մասին, որ հայերը ապրել են, ապրում են ու կապրեն իրենց հայրենիքում: Ես որպես բժիշկ, մարդ, որը նվիրված է ամենամարդասիրական մասնագիտությանը, գտնում եմ, որ աշխարհի բժշկական հանրությունը պետք է վրդովմունքի ձայն բարձրացնի և համաճարակի օրերին պատերազմ հրահրողներին ասի` կանգ առեք ագրեսորներ: Դատելով վնասվածքներից, որոնք մենք տեսնում ենք, կարծում եմ`այն զենքերը, որոնք կիրառվում են, ուղղակի բոլոր մարդասիրական և համամարդկային արժեքներից դուրս են` հաշվի առնելով դրանց վնասակար և վտանգավոր էությունը: Եվ, այսպիսով, կարող ենք հստակ արձանագրել, որ այդ զենքերի կիրառումը, չեմ զլանա ասել, անմարդկային բնույթ է կրում, առավել ևս մի պահի, երբ մենք բոլորս փաստացի համախմբված ենք այլ արհավիրքի` COVID-ի դեմ պայքարում»,- եզրափակում է Արմեն Մուրադյանը։

  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհան Գեբրայեսուսին  իր ՖԲ-յան էջում կոչով դիմեց լյարդաբան, բ.գ.թ. Հասմիկ Ղազինյանը. «Աշխարհը գրեթե մեկ տարի է պայքարում է Քովիդ-19-ի համաճարակի դեմ։ Ավելի քան 34 միլիոն մարդ վարակվել է, գրանցվել է ավելի քան մեկ միլիոն մահվան դեպք: Ձեր հորդորով ՝ համաշխարհային բժշկական համակարգը  և աշխարհի ողջ  բնակչությունը պայքարում են կորոնավիրուսային վարակի դեմ: Պայքարը միավորված է, քանի որ այն 2020 թ-ի համաշխարհային աղետ է: Այս պատերազմում պայքարը դեռ չի ավարտվել, մենք դեռ սպասում ենք համաճարակի երկրորդ ալիքին և շատ անելիքներ ունենք դրա դեմ պայքարում՝  նոր վարակները կանխելու համար և իհարկե՝ կանխելու մահացությունը, սակայն այս վճռական պահին, երբ մարդկությունը պայքարում է համաճարակի դեմ, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծվեց Հայաստանի դեմ պատերազմը։ Անմարդկային է, այս կերպ առաջ քաշել մահվան երկրորդ ալիքը, ուստի՝ հուսով եմ, որ Դուք՝ Ձեր ձայնը կբարձրացնեք այս կարևոր ժամին և կհամախմբեք ողջ աշխարհի բժիշկներին միանալու Ձեզ, որպեսզի դադարեցվի ցանկացած պատերազմական գործողություն համավարակի ընթացքում»:  

   Նշենք նաև, որ այս օրերին հայ բժիշկները  սոցիալական կայքերում նախաձեռնել են ֆլեշմոբ՝  #Stayhomeerdogan կարգախոսով՝ կատարելով հետևյալ գրառումը՝ «Այն ժամանակ, երբ համայն աշխարհի բժիշկները պայքարում են #Covid -19 համավարակի դեմ, Արցախի և Հայաստանի բժիշկները կյանքի ու մահու կռիվ են տալիս քաղաքացիական անձանց և զինծառայողների կյանքերի համար, որոնք տուժել են Էրդողանի հրամանով ամբողջ աշխարհում միջազգային կոնվենցիաներով արգելված զենքերից»:

   Իսկ հայ բժիշկները շարունակում են պատվով կատարել իրենց աշխատանքը՝ փրկելով վիրավոր զինվորների և քաղաքացիական բնակչության կյանքերը:


Բժշկական Նորություններ