Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«Մեր զինվորների  պատերազմը հանուն  քրիստոնեական արժեքների է». Ռուբեն Հովհաննիսյան

«Մեր զինվորների պատերազմը հանուն քրիստոնեական արժեքների է». Ռուբեն Հովհաննիսյան

2020-10-29

   «Victoria health news»-ը շարունակում է  ներկայացնել  բժիշկների քաջալերող խոսքը՝ ուղղված մեր զինվորներին: Այս անգամ մեր զրուցակիցը «Սլավմեդ»  ԲԿ-ի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, ուրոլոգ  Ռուբեն Հովհաննիսյանն է:

   Մեզ  հետ պատերազմող երկրները քաղաքակրթությանը ոչինչ չեն տվել

   Մենք պետք է գիտակցենք, որ իրականում գործ ունենք  մարդկանց, երկրների հետ, որոնք քաղաքակրթության հետ որևէ աղերս չունեն: Այո, մեզ հետ պատերազմող երկրները մարդկությանը և ոչ մի բանով պիտանի չեն եղել: Ադրբեջանական ժողովրդի մասին լռենք, քանզի այդպիսինը գոյություն չունի: Ինչ վերաբերում է թուրքերին, ապա որքան էլ նրանց այսօրվա ղեկավարը հոխորտա, միևնույն է, նրանք մնում են արյունարբու քոչվոր ցեղ, նրանք իրենց պատմության ողջ ընթացքում միայն զավթել են այլոց հողերը, տարհանել ու սրի են քաշել ժողովուրդների, իրենց բարեկեցությունը կառուցել են այլոց դժբախտության, վշտի, մահվան վրա, սերմանել են դաժանություն, անհանդուրժողականություն  և թշնամություն՝ նախ և առաջ, քրիստոնյա ժողովուրդների, քրիստոնեական նյութական ու ոչ նյութական արժեքների նկատմամբ:

   Մարդը որպես հոգևոր,  ինտելեկտուալ և բանական էակ   որևէ զարգացում չի ապրել

   Վերջին մեկ ու կես դարի ընթացքում աշխարհում ծագած  պատերազմներն ու կոնֆլիկտները  ընթանում են քաղաքակիրթ աշխարհի կողմից ստեղծած օրենքներին բացարձակ հակառակ: Այսինքն՝ այն դաժանությունը, այն սահմռկեցուցիչ երևույթները, որոնք մենք տեսնում ենք խիստ անմարդկային են, և ապացույցն են այն բանի, որ 21-րդ դարի մարդը ականատեսն ու, դժբախտաբար, հեղինակն է դարերով մշակված միջազգային, ազգամիջյան, միջպետական, նույնիսկ միջաձնային հարաբերությունների, վարքի ու վերաբերմունքի, ինչպես նաև բարոյականության, խղճի և արժանապատվության  հիմնահատակ ջախջախման: Կարծես թե մենք ապրում ենք 21-րդ դարում՝  քաղաքակիրթ մի դարում, որը տեխնոլոգիապես  շատ զարգացած է, բայց իրականում որ դարում է մնացել մարդկությունը, ես դժվարանում եմ ասել, բայց վստահաբար 21-րդ դարում չենք: Մեր աչքի առաջ են ծավալվել մարդկության պատմության 20 և 21-րդ դարերը, ինչը թույլ է տալիս մեծագույն ցավով փաստել, որ մարդը որպես հոգևոր,  ինտելեկտուալ, բանական էակ որևէ զարգացում ոչ միայն չի ապրել, այլև՝  հետ է գլորվել: Մարդը զարգացրել է միայն   իր  շրջապատը, այսինքն՝ մարդը ստեղծել է տեխնոլոգիաներ, ներառյալ իշխելու և փող վաստակելու տեխնոլոգիաները:

  Թե որպես բժիշկ, թե որպես աշխարհի ճակատագրով մտահոգ մարդ ես հարց եմ տալիս՝ արդյո՞ք այդ մեր տեխնոլոգիաները, իշխանությունն ու փողը ծառայել են մարդկությանը: Արդյո՞ք անցած հազար կամ հարյուր տարվա մեջ մարդկությունը դարձել է ավելի խոհեմ և իմաստուն, կարեկից ու գթասիրտ,  արդյո՞ք մարդկությունն ավելի ու ավելի հեշտ ու թեթև է ապրել, արդյո՞ք քչացել է վիշտն ու ցավը, սովը, չքավորությունը, նախանձը, դաժանությունը, ագահությունը կամ էլ պատերազմները, բռնությունը, հիվանդությունները, չարությունը, սուտն ու ատելությունը: Դժբախտաբար՝ ոչ:

   Թուրքիան ունի տեր կամ տերեր, որոնք  նրան և Ադրբեջանին կրկին «քսի են տվել» մեր վրա:

   Իրականում մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը չի եկել Արցախի հետևից, նույնիսկ Թուրքիան չի եկել Արցախի հետևից, նրանք չեն եկել անգամ Հայաստանի հետևից:  Թուրքիան ունի տեր կամ տերեր, որոնք  «քսի են տվել»  նրան՝ այս անգամ ադրբեջանցու ձեռքով,  ևս մեկ անգամ իրականացնելու 105 տարի առաջ անավարտ մնացած ծրագրերը:

  Եթե նկատեք, այսօր մոլորակի վրա մի հանգիստ տեղ չկա. նույն Թուրքիան ու նրա տերերը կոնֆլիկտներ են  ստեղծել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Պակիստանում, Աֆղանստանում,  Պաղեստինում, պատերազմ է Ուկրաինայում: Մենք պերմանենտ պատերազմի մեջ ենք: Սա գլոբալ  պատերազմ է, որտեղ Թուրքիան ինչ-որ մեկի շակալն է, շունն է, որին  «քսի են տվել» մեզ վրա՝  հետապնդելով է՛լ ավելի գլոբալ և հեռու գնացող նպատակներ, քան մեր եղեռնն է:

   «Միջազգային հանրությունը»  ֆասադն է, որի հետևում այն հրեշներն են, որոնք Թուրքիայի տերերն են

   Եկեք ոչինչ էլ չակնկալենք  «միջազգային հանրություն» կոչվածից:  Թուրքիային «քսի տվողները» հենց նրանք են,  որոնց մենք, միամտաբար  դիմում ենք, կոչ ենք անում, բայց իրականում այդ «միջազգային հանրությունը»  ֆասադն է, որի հետևում այն հրեշներն են, որոնք Թուրքիայի տերերն են: Եվ մենք ակնկալում ենք, որ այդ պետությունները պիտի Թուրքիային զսպե՞ն: Ծիծաղելի է, երբ  մենք նրանց դիմում ենք՝  այս գազանին տեր կանգնեք, նրանք էլ Թուրքիային կոչ են անում, թե՝  «Շուն, խելո՛ք պահիր քեզ»:  Դա, պարզապես, խեղկատակություն է: Ահա թե ինչի են վերածել այսօրվա աշխարհը: Կարծում եմ, այդ կոչերն անիմաստ են:

  Եվ այսօր, հայ ժողովուրդը, ցավոք, միայնակ է  կանգնել այդ գազանի դեմ: Մենք ստիպված ենք  զենքով պաշտպանել մեր հայրենիքը:

  Մեծագույն ցավով եմ նշում նաև, որ  անկախության համարյա 30 տարիների ընթացքում մենք ոչ միայն չկարողացանք դեմոգրաֆիկ խնդիրը լուծել, այլ այն էլ ավելի վատթարացավ և այսօրվա կորուստները մեզ համար անընդունելի մեծ են՝  թե՛ քանակապես, թե՛ որակապես:

   Մեր զինվորները ճշտի, բարու, Քրիստոսի և նրա արժեքների պաշտպաններն են

  Մեր զինվորները, որ արդեն մեկ ամիս է վարում են այս հերոսամարտը, նույնիսկ քաջալերման կարիքը չունեն: Ես զրուցել եմ մեր հիվանդանոցում ապաքինվող վիրավոր զինվորների հետ, զրուցել եմ տարբեր մարդկանց հետ, որոնք վերադարձել են ճակատից, նրանց ոգին շատ, շա՛տ բարձր է: Բայց, վստահաբար, պետք է ասեմ, որ եթե պիտի նրանք քաջալերվեն, ապա պիտի քաջալերվեն միայն ու միայն նրանով, որ մենք՝ թիկունքում 100 տոկոսով համոզված ենք, որ իրենք բացարձակ ճիշտ են վարվում, և ցանկացած գործողության մեջ մեր զինվորները բացարձակ ճիշտ են, քանի որ  իրենք՝  ճշտի, բարու, Աստծու և նրա կողմից արժեքների պաշտպաներն են: Իրենք պետք է վստահ լինեն, որ  մենք  100 տոկոսով սատարում ենք իրենց ցանկացած գործողությունը և մղումը: Հայ ժողովուրդը և իր լավագույն զավակներն իրենց խիզախությամբ և այս պատերազմով պաշտպանում են համամարդկային և հավերժ քրիստոնեական արժեքները, իրենց արյամբ ապացուցում են այդ արժեքների կենսական կարևորությունը մարդկության գոյատևման համար:


Հարցազրույցներ