Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Արևի ճառագայթների ազդեցությունը հանգեցնում է աուտոիմուն հիվանդությունների առաջացման, երիկամների վնասման

Արևի ճառագայթների ազդեցությունը հանգեցնում է աուտոիմուն հիվանդությունների առաջացման, երիկամների վնասման

2021-02-01

   «Victoria health news»-ը ներկայացնում է  «PNAS» ամսագրում հրապարակված հետազոտությունը, ըստ որի՝ գիտնականները պարզել են, թե ինչպես կարող է մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը վատթարացնել աուտոիմուն հիվանդությունների, մասնավորապես համակարգային կարմիր գայլախտի կլինիկական ախտանշանները։ Հետազոտությունն իրականացվել է Դարտմութում և այլուր գտնվող տարբեր թիմերի կողմից, հեղինակներից մեկը Սլադյանա Սկոպելյա Գարդներն է:

   Համակարգային կարմիր գայլախտն աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը հարձակվում է իր իսկ հյուսվածքների վրա և կարող է առաջացնել հոդերի, մաշկի, երիկամների, արյան բջիջների, ուղեղի, սրտի և թոքերի ախտահարում։

 Ուլտրամանուշակագույն լույսի մեկանգամյա ազդեցությունը խթանում է երիկամներում բորբոքային պրոցեսները

   Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգային կարմիր գայլախտով տառապող հիվանդների 80% -ի մոտ արևի ճառագայթները կարող են առաջացնել ինչպես մաշկի տեղային բորբոքում, այնպես էլ համակարգային բռնկումներ, ներառյալ երիկամների հիվանդություն: Սակայն շատ բան դեռ պարզ չէ այս գործընթացի կառավարման մեխանիզմների մասին:

   Որոշելու համար, թե ինչպես է ուլտրամանուշակագույն լույսը առաջացնում երիկամների բորբոքում, թիմը դեռևս ուսումնասիրում է նեյտրոֆիլների դերը (նեյտրոֆիլները հատիկավոր        լեյկոցիտներ են, կազմում են լեյկոցիտների ընդհանուր քանակի 50-70%-ը), որոնք առաջինն են արձագանքում օրգանիզմում ցանկացած տեսակի բորբոքումներին` կապված մաշկի և երիկամների հյուսվածքների վնասման հետ համակարգային կարմիր գայլախտով տառապող հիվանդների մոտ:

  Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից տարբեր ժամանակահատվածների ընթացքում մաշկի, արյան և երիկամների բորբոքման և վնասման մարկերներ են փնտրել փորձամկների մոտ։

   Նրանք կարողացել են պարզել, որ նեյտրոֆիլները ոչ միայն ներթափանցում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ գտնվող մաշկի մեջ, այլև արյան շրջանառության միջոցով անցնում են նաև երիկամներ: Նրանք պարզել են, որ մաշկի վրա ուլտրամանուշակագույն լույսի մեկանգամյա ազդեցությունը խթանում է երիկամներում բորբոքային պրոցեսները, ներառյալ անցողիկ պրոտեինուրիան նույնիսկ առողջ մկների մոտ (պրոտեինուրիան մեզի հետ սպիտակուցի դուրս բերումն է 200 մգ-ից ավելի: Այն  երիկամների ախտահարման ամենահաճախակի նշանն է, սակայն որոշ դեպքերում կարող է հայտնաբերվել նաև առողջների մոտ):

Համակարգային կարմիր գայլախտով տառապողների  մոտ ե՞րբ կարող է  բռնկվել երիկամների հիվանդություն

   Ավելի պարզ պատկերացնելու համար թիմն ասում է, որ առողջ մկների մոտ երիկամների հիվանդության կլինիկական վիճակ չի դիտվել, ինչն առկա է համակարգային կարմիր գայլախտով տառապող փորձամկների մոտ: Նրանց մոտ լինում է սուբկլինիկական վնասվածք, ինչը նշանակում է, որ երիկամներում կա բորբոքային և տրավմատիկ պրոցես, որը տեսանելի չէ պաթոլոգիայի տեսանկյունից կամ բուն հյուսվածքին նայելիս: Փորձամկները դրանից հետո վերականգնվում են ու իրենց հիանալի են զգում:

  Այնուամենայնիվ, սուբկլինիկական վնասվածքը կարող է համակարգային կարմիր գայլախտով տառապող հիվանդների մոտ նախկինում առկա բորբոքման խոցելի օջախներում պաթոլոգիայի առաջացման պատճառ դառնալ և հանգեցնել երիկամների հիվանդության բռնկման արևի լույսի ազդեցությունից հետո:

  Կարևոր է նշել, որ փորձամկների երիկամներում ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությունից հետո հայտնաբերված բորբոքման և վնասման մարկերները շատ նման էին երիկամային վնասվածքի մարկերներին, որոնք կապված են սուր երիկամային անբավարարության հետ համակարգային կարմիր գայլախտով տառապող հիվանդների մոտ:

  Բացի այդ, ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությունը նաև առաջացնում է իմունային պատասխան, որը հաճախ է դիտվում համակարգային կարմիր գայլախտով տառապող հիվանդների մեծամասնության մոտ, այն է  1-ին տիպի ինտերֆերոնային պատասխանը ինչպես մաշկի, այնպես էլ երիկամների շրջանում:


Բժշկական Նորություններ