Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ալմազովի կենտրոնում սրտի փոխպատվաստումից հինգ տարի անց հաջողությամբ կատարվել է ռոբոտ-ասիստենտ ռադիկալ պրոստատէկտոմիա

Ալմազովի կենտրոնում սրտի փոխպատվաստումից հինգ տարի անց հաջողությամբ կատարվել է ռոբոտ-ասիստենտ ռադիկալ պրոստատէկտոմիա

2021-02-15

  Ալմազովի կենտրոնում սրտի փոխպատվաստումից հինգ տարի անց տղամարդուն հաջողությամբ կատարվել է ռոբոտ-ասիստենտ ռադիկալ պրոստատէկտոմիա։

   Ըստ «Victoria Health News»-ի, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ալմազովի կենտրոնի ուրոլոգիայի և ռոբոտային վիրաբուժության կլինիկայի բժիշկ Իվան Սերեդինը։

  Սերեդինը գրում է, որ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՊՀ-ի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում կատարվել է ռոբոտ-ասիստենտ առաջին վիրահատությունը: Այն իրականացրել է Ալմազովի կենտրոնի ուրոլոգիայի և ռոբոտային վիրաբուժության կլինիկայի բժշկական գծով տնօրեն, բ․գ․դ․ պրոֆեսոր Մ. Մոսոյանը։

  Վիրահատությունը հնարավոր է դարձել իրականացնել մուլտիդիսցիպլինար մոտեցման, բուժհաստատության հագեցվածության բարձր մակարդակի և տարբեր մասնագիտությունների բժիշկների բարձր որակավորման շնորհիվ։ Նման հիվանդների բուժման համար անհատական մոտեցման անհրաժեշտության գաղափարը առաջարկել է Ալմազովի կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Եվգենի Վլադիմիրովիչ Շլյակտոն:

  «Մասնավորապես, ստեղծվել է մասնագետների մի խումբ, որն իրականացրել է հիվանդի վիրահատության մանրակրկիտ նախապատրաստումը, բուն վիրահատությունը եւ հետվիրահատական վարումը։ Գործողությունները համակարգել է կլինիկայի գլխավոր բժիշկ Իրինա Ստրիժակը», - նշում է պրոֆեսոր Մոսոյանը։

  Պացիենտի բուժմանը մասնակցած մասնագետների թիմում ընդգրկվել են ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Դ․ Շելիփանովը, բուժող բժիշկ-ուրոլոգ Դ. Ֆյոդորովը, սրտի անբավարարության բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդների լաբորատորիայի վարիչ, բ. գ. թ. Պ. Ֆեդոտովը, սրտաբան- տրանսպլանտոլոգ բժիշկ Մ. Սիմոնենկոն, անեսթեզիոլոգիայի-վերակենդանացման բաժանմունքի վարիչ Ռ. Վ. Ռուտկովսկին։

  Վիրաբույժի աշխատանքը բարդացրել է հիվանդի մարմնի քաշի բարձր ինդեքսը, շագանակագեղձի մեծ ծավալը (80 սմ3-ից ավելի), նախորդած հակակոագուլյանտներով թերապիան, և հատկապես այն, որ հիվանդի մոտ տեղադրված է եղել կարդիոստիմուլյատոր, որն ապահովում է սրտի երեք ռիթմ՝ դոնորի, ռեցիպիենտի եւ կարդիոստիմուլյատորի: Այդ պատճառով, վիրահատության ընթացքում գրեթե անհնար է եղել օգտագործել մոնոպոլյար կոագուլյացիա։ Հակառակ պարագայում, կոագուլյատորի էլեկտրական հոսանքը կարող էր նվազեցնել սրտի ռիթմը։ Բացի այդ, ռոբոտ-ասիստենտ ռադիկալ պրոստատեկտոմիայի ընթացքում հիվանդը օպերացիոն սեղանին պառկեցվում է Տրենդելենբուրգի դիրքով, երբ սեղանի գլխային հատվածը թեքվում է 30° անկյան տակ, իսկ հիվանդի որովայնի խոռոչը լցվում է ածխաթթու գազով, որպեսզի ստեղծվի աշխատանքային տարածք վիրահատական գործիքների համար։ Այս ամենը դիաֆրագմի, թոքերի եւ սրտի վրա ստեղծում է ճնշում, դժվարացնելով գործիքային աշխատանքը:

  Ալմազովի կենտրոնի մասնագետների տարիների փորձի և մասնագիտական հմտությունների շնորհիվ վիրաբուժական ու անեսթեզիոլոգիական միջամտությունը բարեհաջող է անցել: Հետվիրահատական շրջանը ընթացել է առանց բարդությունների։ Ներկայումս հիվանդը ապաքինվում է եւ պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից:

  "Ցավոք, օրգանների փոխպատվաստումը ենթադրում է պարտադիր կարգով իմունոսուպրեսորների նշանակում՝ տրանսպլանտատի հանդեպ օրգանիզմի հակառեակցիաները ճնշելու համար, քանի որ այս հանգամանքը զգալիորեն մեծացնում է ուռուցքային հիվանդությունների առաջացման և զարգացման վտանգը։  Նույնիսկ չարորակ ուռուցքների թեթև տեսակները, որոնց բնորոշ չէ ագրեսիվ ընթացքը սովորական պայմաններում, նման միջամտություններից հետո չափազանց անկանխատեսելի կարող են լինել։ Հետեւաբար, հիվանդները օրգանների փոխպատվաստումից հետո (երիկամների, սրտի, լյարդի, թոքերի եւ այլն) գտնվում են քաղցկեղի զարգացման առանձին ռիսկի գոտում, եւ նրանց համար չարորակ նորագոյացությունների ախտորոշման եւ բուժման անհատական մոտեցում է պահանջվում", - նշում է սրտի անբավարարության բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդների լաբորատորիայի վարիչ, բ.գ. թ. Պ. Ֆեդոտովը:

  Բժիշկ Սերեդինը գրում է նաև, որ նման հիվանդների մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման դեպքերը երկրորդ տեղն են զբաղեցնում ուռուցքային հիվանդությունների շարքում մաշկի քաղցկեղից հետո, և նշում է,  որ ողջ աշխարհում այդ հիվանդների մոտ շագանակագեղձի քաղցկեղի բուժման մասին տվյալները շատ քիչ են։ Ինչ վերաբերում է ռոբոտ-ասիստենտ ռադիկալ պրոստատեկտոմիային օրգանների փոխպատվաստումից հետո, նման միջամտությունների մասին միայն եզակի տվյալներ կան ստացված։


Բժշկական Նորություններ