Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Շարժական կլինիկա  Հայաստանի մարզերում. «Մեփլ-լիֆս» հայ-կանադական կլինիկայի բարեգործական ծրագիրը

Շարժական կլինիկա Հայաստանի մարզերում. «Մեփլ-լիֆս» հայ-կանադական կլինիկայի բարեգործական ծրագիրը

2021-03-03

     

   

   «Ուրախ եմ տեսնել, որ շարժական կլինիկայի համար նախատեսված փոխադրամիջոց ձեռք բերելու միջոցով Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի ավելի քան 21 գյուղական համայնքում աղքատ ու սոցիալապես խոցելի բնակչությունը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- «Մեփլ-լիֆս» հայ-կանադական կլինիկայում իր ելույթում  ասաց  Հայաստանում Ճապոնիայի  արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

  Տարիներ շարունակ «Մեփլ-լիֆս» հայ-կանադական կլինիկան բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանի մարզերում: Այս անգամ ծրագրին միացել է ՀՀ-ում Ճապոնիայի կառավարությունը և Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում տրամադրել  մեքենա, նախատեսված շարժական կլինիկայի համար:

  Մարտի 2-ին ծրագրի ամփոփումն էր, որին ներկա էին  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջուն Յամադան, ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Ա․ Եգանյանը, հյուրեր, գործընկերներ և այլք։

  «Մեփլ-լիֆս» հայ-կանադական կլինիկայի տնօրեն Վարդգես Ավագյանը  մեզ հետ զրույցում նշեց, որ կլինիկան ստեղծման օրվանից  ունեցել է մեկ  առաքելություն՝   ոչ միայն  տրամադրել որակյալ  բուժօգնություն, այլ նաև իրականացնել բարեգործական  ծրագրեր.  «Բարեգործական ծրագրերը մենք իրականացնում ենք ինչպես  մեր գործընկերների հետ, այնպես էլ՝ սեփական միջոցներով: Այդ ծրագրերի շնորհիվ  գյուղական հեռավոր համայքներում իրականացնում ենք բուժում և  կանխարգելում»:  Հենց այդ նպատակով  կլինիկան զարգացրել է   հեռաբժշկությունը. «Մենք փորձում ենք գնալ դեպի բնակիչը, որը գտնվում է հեռավոր գյուղում և անապահով խավից է»:

  «Մեփլ-լիֆս» հայ-կանադական կլինիկայի մարզային համակարգող, ընտանեկան բժիշկ Էլմիրա Մարտիրոսյանը   մեզ հետ զրույցում ներկայացնելով ծրագիրն՝ ասաց, որ շահառուներին (վիրավորներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ)  նախապես  են հավաքագրում, ինչից հետո բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերում. «Առաջին փուլում  ընտանեկան բժիշկը կամ թերապևտը կատարում է ընդհանուր առողջության գնահատում և դասակարգումից հետո՝  2-րդ փուլում,  ընդգրկվում են  արդեն նեղ մասնագետները՝  նյարդաբանը, սրտաբանը, հոգեբանը, էնդոկրինոլոգը»:

  «Ընդհուպ մեր հնարավորության սահմաններում տրամադրում ենք որոշ դեղամիջոցներ՝ առնվազն մի քանի ամսվա կտրվածքով»,- հավելեց «Մեփլ-լիֆս» հայ-կանադական կլինիկայի տնօրեն Վարդգես Ավագյանը:   Նշենք, որ ծրագրում ընդգրկված են նաև հոգևորականներ:

  ՀՀ-ում Ճապոնիայի  դեսպան Ջուն  Յամադան հույս հայտնեց, որ այս նոր շարժական կլինիկան հնարավորություն կտա, ավելի շատ մարդկանց աջակցել և  բժշկական ծառայությունները դարձնել հասանելի՝ նշելով, որ  ցանկություն ունեն շարունակել  համագործակցությունը:

  «Մեփլ-լիֆս» հայ-կանադական կլինիկայի տնօրեն  Վարդգես Ավագյանն էլ իր հերթին  հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակելու համար  կմիանան նոր համախոհներ և  ընդգծեց, որ այս փուլում, հետպատերազմյան շրջանում, մարզային բուժօգնության այս ծրագրի շնորհիվ  հնարավոր է խուսափել հետագա բարդացումներից. «Սա համարում եմ մեր պարտքը, այլ ոչ թե օգնություն»:


Բժշկական Նորություններ