Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


COVID-19-ի պատվաստանյութի հակամարմինները պահպանվում են կրծքի կաթում մի քանի ամիս շարունակ

COVID-19-ի պատվաստանյութի հակամարմինները պահպանվում են կրծքի կաթում մի քանի ամիս շարունակ

2021-04-09

   Կերակրող մայրերը, ովքեր պատվաստվել են COVID-19-ի դեմ, պատվաստումից հետո առնվազն 80 օրվա ընթացքում կարող են կրծքի կաթի միջոցով հակամարմինները փոխանցել իրենց երեխային, ըստ Victoria health news-ի, այս մասին գրում է News medical.net գիտական կայքը, հղում անելով մարտի 30-ին Ամերիկյան մանկաբարձության և գինեկոլոգիայի ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը։

   «Պատվաստանյութերի վերաբերյալ այս պահին մեծածավալ ապատեղեկատվություն է տարածվում լրատվամիջոցների կողմից, ինչը վախեցնում է կերակրող մայրերին պատվաստանյութ ստանալ, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գիտականորեն ուսումնասիրել այս խնդիրը»,- նշում է հետազոտության գլխավոր հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Ջենի Քելլին: Հետազոտությանը մասնակցել են կրծքով կերակրող 5 մայրեր, ովքեր կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech ընկերության երկփուլ պատվաստանյութն էին ստացել։ «Մենք գիտենք, որ Քովիդ-19-ի հակամարմինները կրծքի կաթի միջոցով անցնում են երեխայի բերան և կոկորդ և պաշտպանում են նրան հիվանդությունից։ Այսպիսով, կրծքով կերակրման ժամանակ պատվաստանյութի միջոցով ստացած հակամարմինները պաշտպանում են թէ մորը, թէ երեխային մի քանի ամիս շարունակ»:

  Հետազոտության մեջ ընդգրկված կանանց նորածին երեխաների տարիքը տատանվում էր 1-ից մինչև 24 ամիս: Կրծքի կաթում իմունային պատասխանը գնահատելու համար հետազոտողները հսկողության մեջ են պահել կաթի մեջ IgA և IgG իմունոգոլոբուլինների մակարդակը․ դրանք հակամարմիններ են, որոնք իմունային համակարգը օգտագործում է նորածիններին վարակներից պաշտպանելու համար:

  Ստացված փաստերը հաստատում են, որ կրծքի կաթում բարձրանում է IgA և IgG հակամարմինների մակարդակը պատվաստումների առաջին չափաբաժինը ստանալուց անմիջապես հետո, և այս հակամարմինները բոլոր մասնակիցների մոտ հասնում են իմունախթանիչ մակարդակի առաջին պատվաստումից հետո 14-20 օրվա ընթացքում:

  «Չնայած այն հանգամանքին, որ ուսումնասիրությանը սահմանափակ թվով կանայք են մասնակցել, այնուամենայնիվ ստացված արդյունքները հուսադրող են», - նշում է Վաշինգտոնի համալսարանի մանկաբուժության դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Միստի Գուդը:


Բժշկական Նորություններ