Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մինչ դաշտանադադարը՝  ցիկլի տևողության փոփոխությունները կարող են խոսել սրտային հիվանդությունների մասին

Մինչ դաշտանադադարը՝ ցիկլի տևողության փոփոխությունները կարող են խոսել սրտային հիվանդությունների մասին

2021-10-19

  «Victoria health news»-ը շարունակում է ներկայացնել բժշկագիտության վերջին ձեռքբերումները: Վերջերս «Menopause» ամսագրում հրապարակված հոդվածը պատմում է այն մասին, որ մինչ դաշտանադադարը ցիկլի տևողության փոփոխությունները կարող են խոսել կնոջ մոտ սրտային հիվանդություններ ունենալու մասին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Դաշտանային ցիկլի տևողության փոփոխությունները  սրտանոթային հիվանդությունների զարգացման  ռիսկ

  Դաշտանադադարից առաջ դաշտանային ցիկլի տևողությունը հաճախ երկարում է: Այն կարող է հուշել կնոջ մոտ սրտային հիվանդությունների զարգացման ռիսկի մասին, ասված է Պիտսբուրգի համալսարանի գիտնականների նոր հետազոտության մեջ:

  «Menopause» ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ նկարագրվում են դաշտանադադարի անցումային շրջանում ցիկլի տևողության փոփոխությունները և պարզվում է, որ այն կանայք, որոնց մոտ ցիկլը սկսել է երկարել վերջին դաշտանից երկու տարի առաջ, ունեցել են անոթների առողջության ավելի բարձր ցուցանիշներ, քան այն կանայք, որոնց  ցիկլը կայուն է եղել դաշտանադադարի փուլում: Դաշտանադադարին բնորոշ այլ ախտանշանների հետ զուգորդվելով, ցիկլի տևողության փոփոխությունները կարող են օգնել բժիշկներին կանխատեսել, թե որ հիվանդներն են հակված սրտանոթային հիվանդությունների զարգացման  ռիսկին, ինչը բժիշկներին կօգնի իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։  

  «Սրտանոթային հիվանդությունները կանանց՝  համար մեկ թշնամին են, և միջին տարիքից հետո դրանց ռիսկը զգալիորեն մեծանում է, ուստի մենք կարծում ենք, որ դաշտանադադարը կարող է նպաստել դրանց զարգացմանը», - ասում է ուսումնասիրության գլխավոր հեղինակ, համաճարակաբան, բ.գ.թ․ Սամար Էլ Խուդարին,- Մենոպաուզան բարդ անցումային փուլ է, որի ընթացքում կանայք իրենց մոտ նկատում են բազմաթիվ փոփոխություններ, որոնք կարող են մեծացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Դաշտանային ցիկլի տևողության փոփոխությունը, որը կապված է կնոջ հորմոնների մակարդակի հետ, այն ցուցիչն է, որը հուշում է, թե որ կինն է ավելի շատ վտանգված »:

Անկանոն ցիկլ ունեցող կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների,  կրծքի քաղցկեղի, օստեոպորոզի ռիսկն ավելի բարձր է

  Դաշտանային ցիկլի միջին տևողությունը մոտ 28 օր է, սակայն յուրաքանչյուր կնոջ մոտ այն կարող է տարբեր լինել: Կայուն ցիկլ ունեցող կանանց մոտ էստրոգենի մակարդակն ավելի բարձր է ի տարբերություն երկարատև անկանոն ցիկլ ունեցող կանանց, և հորմոնների մակարդակի այս փոփոխությամբ է պայմանավորված այն հանգամանքը, թե ինչու է վերարտադրողական տարիներին երկարատև և անկանոն ցիկլ ունեցող կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների,  կրծքի քաղցկեղի, օստեոպորոզի և այլ հիվանդությունների ռիսկն ավելի բարձր։

  Էլ Խուդարին և նրա թիմին հետաքրքրում էր, կարո՞ղ են արդյոք դաշտանադադարի անցումային փուլում ցիկլի տևողության փոփոխությունները սրտանոթային համակարգի հետագա առողջական վիճակի ցուցիչ լինել: Այս հարցին պատասխանելու համար գիտնականները վերլուծեցին թվով 428 կնոջ տվյալ: Հետազոտությանը մասնակցեցին նախադաշտանադադարային և հետդաշտանադադարիային փուլում գտնվող 45-ից 52 տարեկան կանայք: Գիտնականները հավաքագրեցին դաշտանադադարի փուլում գտնվող կանանց ցիկլի տևողության տվյալները և գնահատեցին սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը դաշտանադադարից հետո` ստուգելով նրանց զարկերակի վիճակը։

  Մասնակիցների մոտ 62%-ը ունեցել է կայուն ցիկլ, ինչն էապես չի փոփոխվել մինչև դաշտանադադարը, մինչդեռ մոտ 16% -ի և 22% -ի մոտ նկատվել է ցիկլի տևողության աճ, որը սկսվել է վերջին դաշտանից հինգ կամ երկու տարի առաջ:

  Այս արդյունքները կարևոր են, քանի որ ցույց են տալիս, որ  չպետք է կանանց հետազոտել որպես մեկ խումբ։ Ստացված տվյալներն օգնում են լրացնել ու մշակել միջին տարիքի կանանց առողջությամբ զբաղվող բժիշկների գործիքակազմը, ինչը կնպաստի  տարբեր խմբի կանանց առավել գրագետ մոտեցում ցուցաբերել և մշակել անհատական բուժման պլան:

  «Հաջորդ ուսումնասիրություններն ուղղված կլինեն կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխություններին։ Քանի որ դեռևս անհասկանալի է, թե ինչու է կայուն ցիկլ ունեցող մասնակիցների մոտ սրտային հիվանդությունների վտանգն ավելի բարձր»,-ասում է Էլ Խուդարին: Թեև ըստ հետազոտությունների՝ էստրոգենի բարձր մակարդակը կարող է պաշտպանել կայուն ցիկլ ունեցող երիտասարդ կանանց սրտային հիվանդություններից , սակայն նույնը չենք կարող ասել տարեց կանանց մասին:

  Էլ Խուդարին նաև ցանկանում է պարզել, թե արդյոք դաշտանային ցիկլի փոփոխությունները կապ ունեն ռիսկի այլ գործոնների հետ, օրինակ որովայնային ճարպի առաջացման, ինչը Էլ Խուդարին նախկինում  կապում էր դաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ:


Բժշկական Նորություններ