Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ի՞նչ է չոր աչքի համախտանիշը և ինչպե՞ս է այն բուժվում

Ի՞նչ է չոր աչքի համախտանիշը և ինչպե՞ս է այն բուժվում

2021-11-01

  Եթե ձեր աչքերը գրգռված են, կարմրած և շուտ են հոգնում, ապա դուք ունեք չոր աչքի համախտանիշ: «Victoria health news»-ը ստորև  ներկայացնում է ամերիկյան «Health.com» կայքում հրապարակված հոդվածը, որտեղ ակնաբույժները ներկայացնում են չոր աչքի համախտանիշը, այն առաջացնող գործոններն ու  բուժումը:

  Չոր աչքի համախտանիշի հիմնական ախտանշանը աչքերի արտահայտված չորությունն է: Կարող է դիտվել նաև պղտորված տեսողություն։ Այս ախտանշանները կարող են լինել մեղմ և ծանր՝ պարբերական և շարունակական բնույթ կրող։ Չոր աչքի համախտանիշը զարգանում է այն դեպքում, երբ կա՛մ աչքը չի արտադրում բավարար քանակությամբ արցունքներ, կա՛մ արցունքները շատ արագ են գոլորշիանում, ինչի հետևանքով աչքը սնուցում չի ստանում։ Եթե ձեզ մոտ առկա են այս ախտանշանները, դա կարող է ազդանշան լինել, որ դուք գործ ունեք աչքի ընդհանուր հիվանդության հետ, որը կարող է հանգեցնել տեսողության խնդիրների։

  Չոր աչքի համախտանիշով տառապում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում, նշում է Ամերիկյան օպտոմետրիայի ասոցիացիայի նախագահ Ուիլյամ Ռեյնոլդսը և հավելում, որ աչքերի չորությունը տարածված և հաճախ քրոնիկ բնույթ կրող խնդիր է, հատկապես տարեցների շրջանում: Այնուամենայնիվ, տարիքային բոլոր խմբերի մարդիկ կարող են տառապել աչքերի չորությունից: Մոտ 16 միլիոն ամերիկացիների մոտ ախտորոշվել է չոր աչքի հիվանդություն, թեև իրականում այս թիվը շատ ավելի մեծ է, ասվում է «Ophthalmology Times»-ի 2019 թվականի հոդվածում:  Չորություն կարող է դիտվել մեկ կամ երկու աչքում:

  Ախտանշաններն են՝ աչքի չորությունը, կարմրությունը, ավազի զգացողությունը, օտար մարմնի առկայության զգացողությունը, այրոցը, պարադոքսալ արցունքահոսությունը, լուսավախությունը, տեսողության աղավաղումը։

  Չոր աչքի համախտանիշի պատճառը արցունքների պակասն է կամ լավ որակի արցունքների բացակայությունը: Դոկտոր Ռեյնոլդսն ասում է, որ  խոսքը լացելուց առաջացող արցունքների մասին չէ։ Արցունքներն ամեն անգամ թարթելիս տարածվում են աչքի մակերեսի վրա և չափազանց կարևոր են եղջերաթաղանթի առողջության պահպանման և տեսողության համար, նվազեցնում են աչքի վարակի վտանգը, դուրս են մղում աչքից օտար մարմինները և պահում աչքի մակերեսը հարթ և մաքուր:

  Օպտոմետրիայի ամերիկյան ակադեմիայի անդամ, ակնաբույժ, դոկտոր Շահն ասում է. «Արցունքները պարզապես ջրային հիմքով նյութ չեն, դրանք իրականում կազմված են երեք տարբեր բաղադրիչից. 1․ լորձ, որը  պաշտպանիչ շերտն է և արցունքները տարածում է եղջերաթաղանթի վրա, 2․ ջրային շերտ, որը պարունակում է կարևոր սպիտակուցներ և ֆերմենտներ և օգնում է պայքարել բորբոքումների դեմ, 3․ յուղային շերտ, որն օգնում է պաշտպանել ջրային շերտը։ Չոր աչքի համաշտանիշը սովորաբար առաջանում է, երբ այս շերտերից մեկում կամ մի քանիսում խանգարումներ են լինում. դեպքերի մոտ 85%-ը կապված է ջրային և յուղային շերտերում առաջացած խնդիրների հետ»։

Աչքի խնդիրներ առաջացնող ռիսկային գործոններն են՝

   Տարիքը․ 50 տարեկանից բարձր մարդկանց մեծամասնությունը չոր աչքի համախտանիշ է ունենում:

  Սեռը.  կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ, ունենում են չոր աչքի համախտանիշ՝ հղիության, դաշտանադադարի և հակաբեղմնավորիչ հաբերի հետևանքով առաջացած հորմոնալ փոփոխությունների հետևանքով։

 Դեղորայք․ ըստ Ամերիկյան ակնաբուժության ակադեմիայի (AAO), որոշ դեղամիջոցներ, ներառյալ հակահիստամինային պրեպարատները, դեկոնգեստանտները, արյան ճնշման դեղերը և հակադեպրեսանտները, կարող են նվազեցնել արցունքաբերությունը և մեծացնել աչքերի չորության հավանականությունը:

  Քրոնիկ հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ, դիաբետ և վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ չոր աչքի համախտանիշ ունենան: Ըստ AAO-ի՝ կոպերի բորբոքումը (բլեֆարիտ), աչքի մակերեսների բորբոքումը և կոպերը հաճախ տրորելը նույնպես կարող են առաջացնել աչքերի չորություն:

  Բնապահպանական խնդիրներ. արտանետվող ծխի, քամու և չոր կլիմայի ազդեցությունը կարող է հանգեցնել արցունքների գոլորշիացման և չոր աչքի համախտանիշի առաջացման։

  Աչքերը պարբերաբար թարթելու անկարողություն. առաջանում է, երբ տևական ժամանակ առանց թարթելու նայում եք համակարգչին, այն կարող է հանգեցնել աչքերի չորացման:

  «Դիետա պահելու» սովորություն. մարդիկ, ովքեր չեն ստանում բավարար քանակությամբ վիտամին A (առկա է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են գազարը, բրոկոլին և լյարդը) կամ օմեգա-3 ճարպաթթուներ (որոնք առկա են ձկան, ընկուզեղենի և բուսական յուղերի մեջ), ավելի հավանական է, որ չոր աչքի համախտանիշ ունենան։

  Կոնտակտային լինզաներ. կոնտակտային լինզաների երկարատև կրումը ևս կարող է հանգեցնել աչքերի չորության։

 Աչքի ռեֆրակցիոն վիրահատություններ. տեսողության բարելավման, ինչպես նաև կատարակտի վիրահատությունները կարող են նվազեցնել արցունքաբերությունը և նպաստել աչքերի չորացմանը։ «Սակայն չոր աչքի համախտանիշը սովորաբար այս վիրահատությունների միայն ժամանակավոր կողմնակի ազդեցությունն է»-, ասում է դոկտոր Շահը:

Չոր աչքի համախտանիշի բուժումը

  Ցավոք, չոր աչքի համախտանիշի բուժում չկա։ Սակայն կան բուժման բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են օգնել նվազեցնել ախտանշանների ինտենսիվությունը: Քանի որ աչքերի չորությունը կարող է լինել քրոնիկ, բուժումը հաճախ նպատակ ունի վերականգնել և պահպանել նորմալ արցունքաբերությունը, բացատրում է բժիշկ Ռեյնոլդսը: Չոր աչքի համախտանիշի բուժման հիմնական մեթոդ չկա, սակայն կան՝ աչքերի համար նախատեսված կաթիլներ, որոնք ծառայում են որպես արհեստական արցունքներ․ դրանք կարող են կիրառվել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Խորհուրդ է տրվում օգտագործել առանց կոնսերվանտների արհեստական արցունքաբեր լուծույթներ, քանի որ դրանք պարունակում են ավելի քիչ հավելումներ, քան կոնսերվանտային լուծույթները (որոնք կարող են գրգռել աչքերը): Շատ անգամ չոր աչքերի համախտանիշի մեղմ դեպքերը կարող են բուժվել առանց դեղատոմսի։ Միջին և ծանր դեպքերի ժամանակ ակնաբույժը կարող է նշանակել կաթիլներ, որոնք, կախված աչքի չորության պատճառներից, կա՛մ մեծացնում են արցունքի արտադրությունը, կա՛մ նվազեցնում են աչքերի մակերեսի բորբոքումը:

Արցունքածորանի խցանում կամ վիրահատություն

  Բնական արցունքների երկարատև պահպանումը աչքերում կարող է թեթևացնել չոր աչքի ախտանշանները. այդ նպատակով արգելափակվում են արցունքաբեր խողովակները։ Դա արվում է շարժական փոքրիկ սիլիկոնե կամ գելային խցանների կամ վիրահատության միջոցով:

Տնական միջոցներ

  Հնարավոր է ինքնուրույն նվազեցնել աչքերի չորությունը պարզ առօրյա գործողությունների շնորհիվ՝ դրսում արևային ակնոցներ կրել, սննդային հավելումներ ընդունել (օրինակ՝ օմեգա-3, որը նպաստում է արցունքների արտադրությունը),  փոխել սննդակարգը և բավականաչափ ջուր խմել։

Այլ միջոցներ

  Տաք կոմպրեսները և կոպերի մերսումը, քսուքները կամ կոպերը մաքրող միջոցները կարող են օգնել նվազեցնել աչքերի մակերեսի շուրջ բորբոքումը: Կա կոնտակտային լինզաների հատուկ տեսակ՝ սկլերալ լինզաներ, որոնք ևս կարող են խոնավացնել չոր աչքերը։

Ե՞րբ է պետք բժշկի դիմել

  Եթե նկատում եք աչքերի չորության որևէ ախտանշան, դիմեք ակնաբույժին։ Նա կարող է անել մի շարք թեստեր՝ պարզելու համար՝ արդյոք դուք տառապում եք աչքերի չորությունից, թե կա այլ պատճառ, օրինակ՝ աչքի մկանների խնդիր։ Բժիշկը կկատարի աչքի ամբողջական հետազոտություն։

  Մի՛ հետաձգեք այցը: Որքան շուտ դիմեք բժշկին, այքան շուտ կկանխեք հետագա հնարավոր բարդացումները,  ինչի շնորհիվ  կբարելավեք ձեր կյանքի որակը և կօգնեք կանխել աչքի վարակներն ու եղջերաթաղանթի վնասումը:


Բժշկական Նորություններ