Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Տհաճ հոտեր. նախազգուշացման համակարգ ուղեղի համար

Տհաճ հոտեր. նախազգուշացման համակարգ ուղեղի համար

2021-11-11

Տհաճ հոտերի ազդանշանները մարդու ուղեղին հասնում են ավելի վաղ, քան դրական հոտերինը 

  Հնարավոր սպառնալիքի դեպքում հոտառության միջոցով վտանգը զգալու և դրան արձագանքելու կարողությունը մարդու և այլ կաթնասունների գոյատևման նախապայմանն է: Նորագույն տեխնիկայի կիրառության միջոցով Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչ է տեղի ունենում ուղեղում, երբ կենտրոնական նյարդային համակարգը հոտը «վտանգավոր է համարում»: Վերջերս ամերիկյան գիտահետազոտական PNAS ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ վտանգի ժամանակ տհաճ հոտերի ազդանշանները մարդու ուղեղին հասնում են ավելի վաղ, քան դրական հոտերի ազդանշանները՝ առաջացնելով խուսափողական արձագանք:

  «Վտանգավոր տհաճ հոտերից խուսափելու մարդու արձագանքը նախկինում համարվել է որպես գիտակցված ճանաչողական գործընթաց, սակայն մեր ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց տվեց, որ դա ենթագիտակցական պրոցես է և կատարվում է  չափազանց արագ», - ասում է հետազոտության հեղինակ, Կարոլինսկայի ինստիտուտի նյարդաբանության բաժանմունքի գիտաշխատող Բեհզադ Իրավանին։

Հոտի ազդանշանները ուղեղ են հասնում շնչելուց 100-150 միլիվայրկյանի ընթացքում

  Հոտառության օրգանը զբաղեցնում է մարդու ուղեղի մոտ 5 տոկոսը և թույլ է տալիս զանազանել միլիոնավոր տարատեսակ հոտեր։ Այս հոտերի մեծամասնությունը կապված է մեր առողջությանն ու ապրելուն ուղղված սպառնալիքների հետ, ինչպիսիք են քիմիական նյութերի և փտած սննդի հոտը: Հոտի ազդանշանները ուղեղ են հասնում քթի միջոցով՝ շնչելուց 100-150 միլիվայրկյանի ընթացքում:

  Բոլոր կենդանի օրգանիզմների գոյատևումը կախված է վտանգը զգալու և դրանից խուսափելու բնազդից: Մարդկանց մոտ հոտառությունը հատկապես կարևոր է պոտենցիալ վտանգավոր երևույթների հայտնաբերման և կանխարգելման համար:

 Մեթոդ, որը հնարավորություն է տալիս չափել ազդանշանները, տարանջատել հոտերը

  Երկար ժամանակ հայտնի չէր, թե որ նյարդային մեխանիզմներն են ներգրավված մարդկանց կողմից հոտերի հանդեպ խուսափողական վարքագծի դրսևորման գործում: Պատճառներից մեկը հոտառական ազդանշանների չափման ոչ ինվազիվ մեթոդների բացակայությունն էր։

  Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականներն  մշակել են մի մեթոդ, որը հնարավորություն է տալիս չափել ազդանշանները, տարանջատել հոտերը և ազդանշաններ փոխանցել ուղեղի այն հատվածներին, որոնք վերահսկում են պաշտպանական մեխանիզմներն ու վարքը:

Ի՞նչ են ցույց տվել հետազոտության արդյունքները 

  Հետազոտության արդյունքները հիմնված են երեք փորձարկման վրա, որոնց ժամանակ հետազոտողները մասնակիցներին խնդրել էին նկարագրել իրենց զգացողությունները վեց տարբեր հոտի հանդեպ։ Դրանցից մի քանիսը հաճելի էին, մյուսները՝ տհաճ։

  «Ակնհայտ էր, որ հոտառության համար պատասխանատու օրգանը արագ արձագանքեց տհաճ հոտերին և ուղիղ ազդանշան ուղարկեց դեպի ուղեղ մոտ 300 միկրովայրկյանում», - ասում է հետազոտության հեղինակ, Կարոլինսկայի ինստիտուտի կլինիկական նյարդաբանության ասիստենտ  Յոհան Լունդստրյոմը,-և հավելում,- «Ազդանշանը ստիպում է մարդուն ենթագիտակցորեն հետ թեքվել և հեռանալ հոտի աղբյուրից»: 

  Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մարդու համար հոտառությունը չափազանց կարևոր է ՝ մոտակա վտանգները զգալու տեսանկյունից, և որ այն ոչ թե գիտակցական պրոցես է, ինչպես նախկինում ընդունված էր կարծել, այլ ենթագիտակցաբար է տեղի ունենում, նախքան մարդը կարձագանքի դրան՝ տեսողության և լսողության միջոցով:


Բժշկական Նորություններ