Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հետկորոնավիրուսային բարդություններ

Հետկորոնավիրուսային բարդություններ

2021-12-21

  Արդեն 2 տարի և ավելի մարդկության կյանք ներխուժած COVID 19-ը շարունակում է իր «հաղթարշավը», ժամանակ առ ժամանակ մուտացվում ու առաջացնում նոր՝ իր վարակելիությամբ բարձր և ընթացքով ծանր, շտամներ:

  Կորոնավիրուսով վարակված մարդկանցից շատերի մոտ՝ հետկորոնավիրուսային շրջանում,   ի հայտ են գալիս  առողջական նոր խնդիրներ, որոնք մինչ վարակվելը չեն եղել:

  Թոքաբան Անուշ Ալավերդյանի խոսքով, հետկորոնավիրուսային բարդություններն իսկապես շատ են: Քանի որ կորոնավիրուսը ախտահարում է օրգանիզմի բոլոր օրգանները, հետևաբար սպասելի են նաև բարդություններ բոլոր օրգան համակարգերի կողմից:

  Ինչպիսի՞ բարդություններ կարող է առաջացնել կորոնավիրուսը և արդյո՞ք դրանք հաղթահարելի են. ահա այս հարցերի մասին է զրուցել  «Victoria health news»-ը թոքաբան Անուշ Ալավերդյանի հետ:

Կթվարկեք, թե ի՞նչ  հետկորոնավիրուսային բարդություներ կարող են առաջանալ

  -Կարող են դիտվել ախտանիշներ՝

կենտրոնական նյարդային համակարգի կողմից՝ ընկճախտի, դեպրեսիաների տեսքով,

անքնություն,

մազաթափություն,

հենաշարժական համակարգի կողմից՝ մկանացավեր, հոդացավեր,

կոնյուկտիվիտներ (շաղկապենաբորբ),  

միջին ականջի բորբոքումներ,

շնչական անբավարարություն կապված ֆիբրոզի հետ, որը զարգանում է թոքերում առաջացնելով շնչական անբավարարություն,

պերիկարդիտներ՝  սրտամկանի թաղանթի բորբոքում,

միոկարդիտներ՝ սրտամկանի բորբոքում,

եղունգների շրջանի բորբոքումներ,

երիկամային ախտահարումներ,

որովայնի օրգանների ախտահարում՝  լուծի, փորկապության տեսքով:

Վերը թվարկած խնդիրներն արդյո՞ք բուժելի են

  -Համապատասխան մասնագետի դիմելու դեպքում շատ-շատ ախտանիշներ դարձելի են: Միայն պետք է հետևողական լինել, չընկճվել և  բուժվել ճիշտ մասնագետի մոտ: Հատկապես, որ մեր երկրում այսօր կան իսկապես լավ պատրաստված բժիշկներ: Ամենակարևորը՝ ինքնաբուժմամբ չզբաղվել:

Իսկ որքա՞ն կարող են տևել այս ախտանշանները

  -Հետկովիդային սինդրոմները կարող են տևել 2-ից մինչև 12, երբեմն 24  շաբաթ, երբեմն էլ ավելի երկար, բայց կրկին նշեմ, որ դրանք ի վերջո հաղթահարելի են:


Հարցազրույցներ