Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԱՐԴՅՈ՞Ք ՇՊԱՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱԿՆԵԻ ԺԱՄԱՆԱԿ

ԱՐԴՅՈ՞Ք ՇՊԱՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱԿՆԵԻ ԺԱՄԱՆԱԿ

2020-02-11

        Թույլատրվո՞ւմ է շպարվել և անել  մազահեռացում ակնեի ժամանակ

     Ինչպես գիտենք ակնեն ճարպագեղձերի գերաշխատանքի հետևանք է: Ակնե կարող է լինել մարդու մարմնի գրեթե բոլոր հատվածներում, բացառությամբ ձեռքի ափերի և ներբանների, սակայն այն ավելի շատ արտահայտվում է դեմքի, կրծքավանդակի և մեջքի հատվածներում: Հայերի մոտ ակնեի տարածվածությունը պայմանավորված է ինչպես ազգային առաձնահատկություններով, այնպես էլ մի շարք այլ գործոններով (կլիմա, սնունդ): Մաշկային այս հիվանդությունը հանդիպում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների մոտ՝ տարբեր տարիքներում:

     Ակնեն, իհարկե, բուժվում է: Բուժման ձևն ու տևողությունը խիստ անհատական է: Աղջիկների մոտ (երբ արտահայտված է դեմքի շրջանում) ակնեի առկայությունը ուղեկցվում է նաև հոգեբանական խնդիրներով, ի հայտ են գալիս բարդույթներ, սահմանափակվում է անհատի շփումը միջավայրի հետ: Անառողջ մաշկը  փոքրիշատե  քողարկելու միակ տարբերակը շպարն է:

      Արդյո՞ք  շպարը հակացուցված է ակնեի ժամանակ
    Այս մասին «Victoria health news»-ը զրուցել է մաշկաբան-վեներոլոգ, ՀՀ ԱՆ մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Վերջինս  ամենևին չի սահմանփակում շպարի օգտագործումը: Ավելին, նա համարում է, որ բազային քսուքների օգտագործումը, գոնե հոգեբանական տեսանկյունից, ցանկալի է և օգնում է  առավել հեշտությամբ հաղթահարել բուժման ընթացքը: Մաշկաբանն, իհարկե, չի բացառում, որ կոսմետիկ միջոցները կարող են գրգռել մաշկը, բայց դրանից պետք չէ վախենալ:

     Աղջիկներին հուզող մեկ այլ հարցին՝ արդյո՞ք ակնեի ժամանակ կարելի է կատարել մազահեռացում տարբեր մեթոդներով՝ լազերային, ասեղային, էլոս և այլն, մաշկաբանն ասաց.

    -Չկան կոնկրետ հետազոտություններ: Նշեմ՝ սակայն, որ լազերային մազահեռացման որոշ լազերներ (օր.՝ալեքսանդրիտ), նաև օգտագործվում են ակնեի բուժման ժամանակ: Հնարավոր է, որ որևէ մեթոդով մազահեռացում անելու դեպքում ակնեն սրվի, սակայն, եթե դեմքի շրջանում եղած մազերը ձեզ այնքան են անհանսգտացնում՝ առաջացնելով բարդույթներ և սահմանափակում  շփումները մարդկանց հետ, ապա՝ պետք է ազատվել այդ բարդույթներից, իսկ հետո մաշկաբանը կզբաղվի ակնեով:

     Ըստ մաշկաբանի՝ հարցին պետք է մոտենալ նաև պացիենտի տեսանկյունից և չկտրվել իրականությունից:


Հարցազրույցներ