Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


 Հայաստանում բուժվել է 1500 հեպատիտ Ց-ով հիվանդ

Հայաստանում բուժվել է 1500 հեպատիտ Ց-ով հիվանդ

2021-12-28

  2020 թ-ից մեկնարկած արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի շնորհիվ` 2020-2021թթ. հեպատիտ Ց-ով 1500 պացիենտի ապրելիության ցուցանիշները բարելավվել են. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

  Ըստ ԱՀԿ-ի տվյալների` աշխարհում շուրջ 257 մլն մարդ քրոնիկ վարակված են հեպատիտ Բ վիրուսով, 71 մլն՝ հեպատիտ Ց վիրուսով:  Հեպատիտները լյարդի ախտաբանությամբ պայմանավորված մահվան հիմնական պատճառներից են: Տարեկան 1,34 մլն մարդ մահանում է սուր վիրուսային հեպատիտներից և քրոնիկ վիրուսային հեպատիտների հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից:

  ՀՀ-ում,  ըստ վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծության,  հեպատիտ Ց-ով վարակված է բնակչության շուրջ  4%-ը: Ըստ աշխարհագրական տարածվածության, տարբերակում ենք բարձր, միջին և ցածր տարածվածության երկրներ: Հայաստանը այդ հիվանդությունների միջին տարածվածության երկրների շարքում է:

  Ինչպիսի՞ն են «Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագրի» արդյունքները ՀՀ-ում. «Victoria health news»-ը փորձել է պարզել՝ զրուցելով  լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:

Նախ, խնդրեմ, ներկայացնել, թե ի՞նչ է հեպատիտ Ց-ն և  ի՞նչ հիվանդություններ է առաջացնում

  -Հեպատիտ Ց-ն հեպատոտրոպ վիրուս է, որի  թիրախը հիմնականում համարվում է լյարդը և օրգանիզմ մտնելուց հետո Ց վիրուսը հանգրվանում է լյարդի բջիջներում: Նրա ընթացքը հիմնականում լատենտ է՝ թաքնված,  և շատ ժամանակ այն հայտնաբերում ենք արդեն բավականին արտահայտված լյարդային բարդությունների շրջանում, դրանք  լյարդի ցիռոզն է  և լյարդի առաջնային ուռուցքը:

Հեպատիտ Ց վիրուսը բուժելի՞  է

 -Թեև իր տարածվածությանն ու  բարդություններ առաջացնելու հատկությանը, եզակի դրականը, որ կարելի է ասել այս ինֆեկցիայի մասին, այն է, որ հեպատիտ Ց-ն, բարեբախտաբար,   ամբողջ աշխարհում համարվում է բուժելի:   Եվ  վերջին տարիներին ներառված հակավիրուսային  դեղամիջոցները բավականին արդյունավետ են, առանց կողմնակի ազդեցությունների: Արձանագրենք, որ հակավիրուսային բուժման էֆեկտիվությունը  90-ից 98 տոկոս է:

Ինչպիսին է իրավիճակը Հայաստանում՝ կապված հեպատիտ Ց-ի հետ

  -Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն հիմա գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և  նմանատիպ հիվանդների բուժումն անվճար է: Եթե նախկինում կային չափորոշիչներ, ըստ որոնց՝ առաջնահերթ բուժում պետք է ստանային որոշակի սոցիալական խմբերում գտնվող անձինք, ապա հիմա առաջնահերթության չափորոշիչները հանված են, և ովքեր ունեն հեպատիտ Ց, կարող են անվճար ստանալ բուժում: Նշեմ, որ բուժման ընթացքը,  կախված պացիենտի գենոտիպից և հիվանդության ծանրության աստիճանից,   տևում է  3-ից  6 ամիս: Հայաստանի Հանրապետությունում  ութ բժշկական կենտրոն զբաղվում է հեպատիտ Ց-ի բուժմամբ, որոնք ունեն վերապրոֆիլավորված մասնագետներ:

Այնպես որ,   մենք ունենք բավականին լուրջ արդյունքներ,  և ես՝ որպես կլինիցիստ,  բավարարված եմ այն ուշադրությամբ, որը ցուցաբերվում է հեպատիտ Ց վիրուսի նկատմամբ:


Հարցազրույցներ