Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Գարնանը սրվում են սրտանոթային հիվանդությունները

Գարնանը սրվում են սրտանոթային հիվանդությունները

2022-03-15

  Ոչ վարակիչ հիվանդություններից մահվան դեպքերի մեջ  մեծ թիվ են  կազմում  սրտանոթային հիվանդությունները:  Իսկ  հատկապես գարնանը նկատվում է  սրտանոթային հիվանդությունների սրացում: Սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանն ասում է, որ այն կապված է,  ինչպես բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների, այնպես էլ՝   մարդու օրգանիզմում տարբեր ֆիզիոլոգիական պրոցեսների հետ, որը բերում է քրոնիկ հիվանդությունների սրացման: Սրտանոթային հիվանդությունների պարագայում, դա առաջին հերթին վերաբերվում է զարկերակային հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ և  առիթմիաներով տառապող հիվանդներին:

  Սրտաբանը՝  սրտանոթային հիվանդությունների սրացումը   կապում  է ոչ միայն  առողջապահական, այլ սոցիալական խնդիրների հետ: Կարծում է, որ այս դեպքում մեծ է առաջնային օղակի անելիքը. «Առաջնային օղակը պետք է ճիշտ իրականացնի  քրոնիկ սրտային հիվանդություններով տառապողների վարման գործընթացը:  Հսկողության տակ պահի այս հիվանդների զարկերակային ճնշումը, սիրտ-անոթային տարբեր պարամետրեր և անհրաժեշտության դեպքում կատարի   կորեկցիաներ՝ բուժման և վարման մեջ»:

 Անդրադառնալով տարիքային առաձնհատկություններին, մասնավորապես սրտանոթային տարբեր հիվանդությունների երիտասարդացմանը, նշեց, որ դա մի կողմից  համաշխարհային միտում է՝ սոցիալական և տարբեր գործոնների ազդեցությամբ,  իսկ  մյուս կողմից, կարծում է,  որ, պարզապես,  լավացել է ախտորոշումը. «Մասնավորապես մեր երկրում, տարբեր ախտորոշիչ նորագույն մեթոդների, բժշկական, առողջապահական ծրագրերի ներդրումը բարելավել է  հիվանդությունների ախտորոշումը և հիվանդությունների վաղ հայտնաբերումը»:

  Համլետ Հայրապետյանը նշեց նաև, որ առողջապահության նախարարի որոշմամբ՝  ձևավորվել է  սրտանոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ, որի գործունեության նպատակն է  մոտակա տարիների համար   պատրաստել առաջարկություններ,  պետական ծրագրեր, բարելավել  եղած ծրագրերն ու մարզային սրտանոթային ծառայությունները:


Հարցազրույցներ