Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Համակարգչով աշխատելիս՝  20 րոպեն մեկ ընդմիջեք

Համակարգչով աշխատելիս՝ 20 րոպեն մեկ ընդմիջեք

2022-01-27

  21-րդ դարի մարդու համար արդեն դժվար է պատկերացնել իր առօրյան առանց համակարգչի, հեռախոսի, գաջետի ու պլանշետի։ Դրանցով մենք աշխատում ենք, կրթվում, ստանում տեղեկատվություն, կատարում գործարքներ։ Թվային տեխնոլոգիաները դարձել են նաև փոքրիկների օրվա երբեմն  պարտադիր գործիքը, երբեմն էլ  ժամանցային միջոցը։

  Թվային տեխնոլոգիաները որքան որ դյուրինացրել են մարդու առօրյան, նույնքան էլ իրենց հետ բերել են նոր խնդիրներ։ Մասնավորապես, երեխաների շրջանում,  շատացել են տեսողական խնդիրները։ Այդ մասին  փաստում է նաև  ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բակիրսկա- Թամազյանը, ում հետ էլ՝  այս խնդրի մասին զրուցել է «Victoria health news»-ը։

Աչքի ի՞նչ խնդիրներ կարող են  առաջացնել   պլանշետները, գաջետները, համակարգիչներն ու հեռախոսները

  -Պլանշետները, գաջետները, համակարգչային ցանկացած միջոց կարող է բերել ոսպնյակի լարվածության․ դա կոչվում է ակոմոդացիայի սպազմ, լարվածություն, որի ժամանակ ոսպնյակը սկսում է աշխատել միևնույն տարածության վրա։ Եթե համակարգիչ է,  60 սմ-ի վրա է անընդհատ լարված աշխատում, եթե հեռախոս՝  30 սմ-ի։ Եվ եթե կա կարճատեսության նախատրամադրվածություն հնարավոր է, որ այն չսահմանափակվի  միայն սպազմով , այլ հետագայում  նկատվի  նաև կարճատեսության աճ և կարճատեսության սկիզբ։ Ինչից հետո, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կարճատեսության դեմ․ դրանք ակնոցներն են, կոնտակտային ոսպնյակները և հետո՝  18-ը լրանալուց հետո,  լազերային միջամտությունը։

  Պետք է նշեմ, որ բացի տեսողության անկումից, գաջետները, հեռախոսները և համակարգիչները  առաջացնում են նաև աչքի չորության համախտանիշ։ Որովհետև անթարթ   հայացքով նայելը համակարգչին,  չորացնում է աչքի մակերեսը և  առաջացնում արհեստական արցունքի  արտահոսք․ երբ աչքը չոր է լինում՝ ուղեղին հրահանգ է տալիս, որ մակերեսը չոր է, խոնավեցրու և սկսվում է արտադրվել շատ արցունք։

  Կան երեխաներ, որոնք հաճախ են թարթում աչքերը։ Սակայն պետք է  տարանջատել այն նյարդաբանական դեֆեկտ  է, թե չորությունից է։ Այս դեպքում նշանակվում է արհեստական արցունքներ և , եթե չի անցնում, ապա՝  մանկական նյարդաբանը նշանակում է հանգստացնողներ։ Երբեմն հենց այդ խաղերը դիտելիս, տպավորվող երեխաների մոտ կարող է առաջանալ այդ նյարդաբանական խնդիրը։

Ի՞նչ անել, որպեսզի չառաջանան նման խնդիրներ

  - Մենք գիտենք, որ գրել,  կարդալու ժամանակ լուսավորությունը պետք է ընկնի ձախից, համակարգչի վրա  լույս չընկնի, որ չփայլի այն։ Ցանկալի է,  20 րոպեն մեկ ընդմիջել։  Հիմա,  քանի որ դասերն օնլայն են և երեխաների շփումը  համակարգչի հետ  շատ է, խորհուրդ եմ տալիս,  ժամանակ առ ժամանակ նայել   պատուհանից դուրս՝  հեռու առարկաներին, հորիզոնին, դիմացի ծառերին, շենքերին։ Գոնե այդկերպ  անթարթ, լարված հայացքը  մի քիչ կտեղափոխվի հեռուներ։


Հարցազրույցներ