Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Հետկովիդային համախտանիշ. անբացատրելի թուլություն, մշուշոտ ուղեղ, տագնապ, ընկճախտ

Հետկովիդային համախտանիշ. անբացատրելի թուլություն, մշուշոտ ուղեղ, տագնապ, ընկճախտ

2022-05-31

 2021 թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  և մի շարք միջազգային կազմակերպություններ  հաստատեցին, որ գոյություն ունի հետկովիդային համախտանիշ ախտորոշումը: Այսօր արդեն  հիվանդությունների դասակարգման աղյուսակում ավելացվել է նոր կոդ՝  հետկովիդային համախտանիշ:

  Ինչպես հասկանալ, որ  ունեք հետկովիդային համախտանիշ, այս մասին «Victoria health news»-ը զրուցել է թերապևտ-սրտաբան  Լամարա Մանուկյանի հետ: 

Որքա՞ն է տևում հետկովիդային համախտանիշը

  -Սուր կովիդը տևում է մինչև 4 շաբաթ, անկախ նրանից  մարդը լավանում է  7,  10, թե 14 օրում: Սուր շրջանից հետո ձգձգվող կովիդն է,  որը տևում է 1 ամսից մինչև 3 ամիս, այնուհետև 3 ամիս հետո մինչև ընդհուպ 1 տարի հետկովիդային շրջանն է, երբ լինում են  բազմաթիվ գանգատներ և  օրգան համակարգերի ախտահարումներ:

  Մարդը կարող է լրիվ լավանալ, բացարձակապես գանգատ չունենալ և 3 ամիս հետո ընդհանուր թուլություն, հոգնածություն, հիշողության կորուստ ունենա:

  Կովիդով վարակվածների 90 տոկոսն  ունի հետկովիդային համախտանիշ՝ անկախ  ծանրության ընթացքից: Ասեմ ավելին, հետկովիդային համախտանիշ ունենում են նաև այն մարդիկ, որոնք  անախտանիշ են տարել կորոնավիրուսը:

 Որո՞նք են հետկովիդային համախտանիշի ախտանշանները

  -Հետկովիդային համախտանիշը շատ խիստ նվազեցնում է կյանքի որակը, ընկնում է աշխատունակությունը, մարդը չի կարողանում ինքն իր առօրյա խնդիրները լուծել՝ խանութ գնալ, կերակուր պատրաստել:  Գոյություն ունի 55  հետկովիդյան ախտանիշ:  

  Առաջին տեղում  է հետկովիդային ասթենիան, այսինքն՝ անբնական թուլությունը, որը  չի համապատասխանում  կատարած ֆիզիկական աշխատանքին: Մարդը կարող է առավոտյան արթնանալ  և   թուլություն  զգալ, լինել անաշխատունակ: Այդ մարդիկ դժվարանում են նույնիսկ իրենց  առօրյա գործունեությունը ծավալել: Դա անբացատրելի թուլություն է:

  Երկրորդ տեղում են  տարբեր հոգեհուզական խնդիրները՝ ընկճախտը և տագնապային համխտանիշը:  Մարդը հիասթափված է, թույլ, չունի մոտիվացիա, վախերը դեռ մինչև հիմա հետապնդում են: Այստեղ պետք է հավելեմ,  որ մեր հոգեհուզական դաշտին բացասաբար ազդեց  նաև  պատերազմը:

  Շատերը գանգատվում են  հիշողության կորստից: Ունենք նաև նոր համախտանիշ՝ մշուշոտ ուղեղ:  Մարդը դժվար է կենտրոնանում, խոսելիս դժվարությամբ է բառեր ընտրում,  դժվարանում  է  հաղորդակցվել,  յուրացնել  նոր նյութը,  ընկալել  դիմացինի խոսքը, առավել ևս, եթե դա ինտելեկտուալ զրույց է կամ ուսումնական պրոցես:

Շատ են սրտանոթային համակարգի հետկովիդային ախտահարումները՝ հետկյովիդային ինֆարկտները:

  Լամարա Մանուկյանը նշեց, որ կովիդից հետո անպայման պետք է բժշկական միջամտություն, ինչպես դեղորայքային, այնպես էլ վերականգնողական: Բոլոր երկրներում ստեղծվել են հետկովիդային  վերականգնողական կենտրոններ: Հայաստանն առայժմ չունի նման կենտրոն, բայց այն շատ կարևոր է:


Հարցազրույցներ