Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«Հասարակությանը պետք է առողջացնել՝  թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես և ունենալ նոր գաղափարախոսություն. Անահիտ  Սահակյան

«Հասարակությանը պետք է առողջացնել՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես և ունենալ նոր գաղափարախոսություն. Անահիտ Սահակյան

2020-11-26

  «Հասարակությանը պետք է առողջացնել՝  թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես և ունենալ նոր գաղափարախոսություն, որի շուրջը կմիավորվենք բոլորս.  այդ գործը չպետք է թողնել վաղվան, այլ պետք է սկսել հենց այսօրվանից». Անահիտ  Սահակյան

  Հետպատերազմյան տրավմաների  և դրանց հաղթահարման ուղիների մասին  «Victoria health news»-ը զրուցել է  ԵՊՀ  սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Անահիտ Սահակյանի հետ։

  Հայտնի է, որ պատերազմից հետո հասարակությունը ենթարկվում է տրավմայի: Տիկին Սահակյան, խնդրեմ՝  ներկայացնեք այն խմբերը, որոնք ավելի  թիրախային են:

- Ցանկացած պատերազմից հետո լինում են  հետվսնասվածքային հետևանքներ կենսագործունեության գրեթե  բոլոր ոլորտներում.  դրանք կարող են լինել և՛ հոգեբանական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական:  Եթե խոսենք միայն հոգեբանական տրավմաների մասին, ապա՝  հասարակության բոլոր խավերը,  տարիքային բոլոր խմբերը կարող են ունենալ այդ տրավմատիկ ապրումները:

  Առաջին հերթին պետք է խոսել վիրավորների մասին, ես ինքս այցելել եմ հիվանդանոցներ, որտեղ տեսել եմ այնպիսի վիրավորումներ, որոնց հետևանքով լուրջ փոփոխությունների կենթարկվի տվյալ մարդու հետագա կենսագործությունը՝ կապված հաշմանդանության, զբաղվածության հետ:  Նույնիսկ հնարավոր է, որ նրանք  հետևյալ հարցն ուղղեն իրենք իրենց՝  արժեր արդյոք այսքանը: Եվ սկսվում է  մեղավորների փնտրտուքը, հատկապես կամավոր գնացածները կմեղադրեն պետությանը, կառավարությանը և այդ մեղադրանքները  հենց այնպես չեն անցնելու, այդ մեղադրանքները արտահայտվելու են ագրեսիվության  տեսքով, դրսևորումները կարող են լինել տարբեր:

  Մյուս խումբը նրանք են, որոնք չեն եղել պատերազմական կենտրոններում: Մենք տեսանք,  թե ինչպես  Հայաատանում ապրողները ոգևորված,  հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն զինվորի, հանուն արցախցու պաշտպանության ամեն ինչ արեցին: Սա նաև այն խավն էր, որը սկսեց արցախից տարհանվածներին տեղավորել, և մեծ սիրով էին անում: Ես անձամբ շատ  դեպքեր գիտեմ, որ իրենց բնակարաններում, կացարաներում ու հյուրանոցներում սիրով ընդունեցին, մասնավոր անձինք իրենց բիզնեսը կանգնեցրին, որպեսզի տեղավորեն տեղահանվածներին: Սա շատ գովելի է, որ մենք ունենք նաև այսպիսի մարդիկ: Եվ նրանք այս ամենն անտրտունջ արեցին:  Սակայն պատերազմից հետո  այս խումբը հասկացավ, որ դա որևէ արդյունք չի տվել: Անձամբ ես,  սթրեսի կառավարման խմբային աշխատանքներ եմ անցակցրել, հատկապես մայրիկների հետ, որովհետև  նրանց անկայուն  հոգեվիճակը ուղիղ անդրադառնում է  երեխաների վրա:  Եվ այդպիսի խմբային աշխատանքների միջոցով մի փոքր կարողացել եմ օգնել նրանց:  Մարդիկ, իհարկե,  հասկանում են, որ այն ինչ արվել է՝  մարդասիրական նպատակով է արվել, օրինակ  տատիկները գուլպաներ էին գործում,  ուսանողները  ժրաջան, մեծ նվիրումով ուտելիքով արկղեր էին հավաքում, իսկ վերջում բոլորս ունեցանք կասկած, որ  ամեն ինչ  չէ, որ հասավ զինվորներին: Իսկ  սա  կարող է կրկին հիասթափություններ առաջացնել: Ի դեպ, հետապատերազմյան շրջանում բամբասանքերն ու ասեկոսեները, իրարամերժ զրույցները բավականին շատ են լինում:  

  Ես ուզում եմ խոսել նաև իրենց ամուսինների ու զավակների մասին ընդհանրապես տեղեկություն  չունեցող խմբի մասին, որոնք   մնացել են ձեռնունայն ու հայտնվել անորոշության մեջ:  Եվ  պատասխան չստանալով՝  նրանք, անշուշտ , նույնպես կունենան ագրեսիվություն, տագնապայնության բարձրացում:

  Այդ փորձը ես ունեցել եմ 2016 թ-ի քառօրյա պատերազմից հետո, երբ այցելում էի զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին:  Անգամ  իմ պրոֆեսիոնալ որակներն ու փորձառությունը ինձ չէին օգնում, որովհետև շատ ծանր էր այդ մարդկանց մխիթարելը, շատ ծանր էր այդ մարդկանց հետ աշխատելը, և եթե այնտեղ ունեինք մոտավոր 100 այդպիսի ընտանիք, ապա այսօր թիվը շատ մեծ է:

  Հոգեբանական ի՞նչ փուլերով է անցնելու   հասարակությունը:

 - Վշտի, կորստի, ապրման յուրահատուկ փուլեր գոյություն ունեն, դեռ շոկային փուլն է, դեռ անձնական ռեսուրսների հավաքագրման փուլն է:

   Ես այսօր ինքս ինձ ասացի, որ ես ընդունում եմ իրականությունը և անցնում առաջ: Ես պիտի ապրեմ, որ ապրեցնեմ, ես պիտի ապրեմ, որ կարողանամ ապրել և բոլորը չէ, որ այդպես արագ կարողանում են ընդունել իրականությունը: Շատերի հոգեբանական պաշտպանական մեխանիզմները, դրանցից է օրինակ՝  ժխտման մեխանիզմը, դեռևս մարդկանց կարող է պահել  ոչ իրական աշխարհի վիճակում:  Ծնողները դեռ հավատում են, որ  իրենց  որդին  կգա, ասում են՝ ցուցակներում կա անունը, բայց ես հավատում եմ, որ նա կա: Մյուս օրինակը՝  բոլորս ասում ենք՝  թեև  փաստաթղթերով հանձնել են Արցախը, բայց դա ժամանակավոր է,  դեռ Արցախը մերը կլինի: Այսինքն՝ ժխտման պաշտպանական մեխանիզմն է աշխատում, որից հետո իհարկե գալու է իրականությունը տեսնելու, ընկալելու և ընդունելու կամ չընդունելու պահը: Միշտ չէ, որ մարդը կարող է այնքան ռեսուրս ունենալ, որ կարողանա հաղթահարել դա:

   Շոկի փուլին կամ դիմադրության, հավաքագրման փուլին, որն առաջին փուլն է, հաջորդում է  ադապտացման  փուլը: 3-րդը՝  զիջման փուլն է. օրգանիզմը չի դիմանում և  մարդկանց մոտ ի հայտ են գալիս  փսիխոսոմատիկ՝  հոգեմարմնական հիվանդություններ:

  Հոգեմարմնականը կարող է ցանկացած օրգան համակարգ  շարքից հանել՝  սրտանոթայինը, աղեստամոքսային տրակտը, էնդոկրինը, շնչառականը, այսինքն նա,  որն ավելի թույլ է:  

  Հոգեմարմնականին գումարած՝  ի հայտ է  գալիս նաև հոգեբանականը. դրանք կլինեն զանազան տիպի նեվրոզներ, որոնք  կարող են և՛ հոգեկան անկայունության հասցնել մարդուն, և՛ վարքային լուրջ խանգարումների: Իսկ  նեվրոզ ունեցող մարդը լիարժեք ապրել չի կարող:

   Կա արդյո՞ք նման վիճակագրություն, թե՞  որքան ժամանակ հետո հասարակությունը կկարողանա  լիարժեք հաղթահարել հետպատերազմյան տրավման:

   -3 ամիսը նորմայի մեջ է, 6 ամիսն էլ ծայրահեղն է:  6 ամսում  մարդիկ պիտի արդեն կարողանան ինքնամաքրվել, ուժեր ստանալ և առաջ շարժվել: Բայց դա էլ խիստ անհատական է՝  կապված անցյալի փորձի, տարիքի, սեռի, կյանքում ստացած սթրեսների քանակից:  Մենք պետք է այդ մարդկանց ժամանակ տանք ապրումներով դուրս գան այս վիճակից, եթե չկարողանան՝  պետք է մասնագիտական օգնություն ցուցաբերել և օգնել հաղթահարել այս իրավիճակը:

  Օրինակ, ամերիկյան կառավարությունը, Վիետնամի պատերազմից հետո, չափազանց մեծ գումարներ է ներդրել Վիետնամից վերադարձած զինվորների՝ հետտրավմատիկ խնդիրների  հաղթահարման համար: Առաջին հերթին նրանք  լուրջ և երկարատև հոգեբանական աջակցություն պետք է ստանան,  պետք է ունենան զբաղվածություն:  Աչքի  առաջ  զոհված ընկերների մասնատված մարմիններ, դիակներ տեսած մարդն ունենում է  շատ լուրջ հոգեբանական խնդիրներ, ընդհուպ մինչև հոգեբուժական:

  Սա անհատական մեկի ցավը չէ, սա բոլորինս է: Չեմ կարծում,  ընդհանուր հոգեբանական աջակցություն կլինի, բայց կոչ  եմ  անում՝   յուրաքանչյուր կառույցի, կազմակերպության  հոգեբան կամ սոցիալական աշխատող իր նախաձեռնությամբ հոգեբանական աջակցություն ցուցաբերի:

   Արդյո՞ք իրատեսական է այն կարծիքը, որ  պարտությունն  ավելի ամուր է  դարձնում  հասարակությունը և մղում  նոր հաղթանակների:

   -Մենք պետք է ունենանք այն սիմվոլը, որի շուրջը կմիավորենք Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող հայերին:  Օրինակ, ցեղասպանության գաղափարը մի ամբողջ հարյուրամյակ մեզ միավորել է, որից հետո ունեցանք Արցախ: Թե՛ առաջին արցախյան պատերազմին, թե 2016-ի ապրիլին, թե՛ այսօր  գնացին մեր ոսկի տղաները, որոնք հայրենիքի պաշտպանությունը գերադասեցին անձնական կյանքից:  Հիմա մենք, ցավոք սրտի, կորցնում ենք այդ առանցքը: Ես այսօր վախենում եմ, եթե վաղը կամ մյուս օրը կրկին կարիքը լինի հայրենիքը պաշտպանելու, կկարողանա՞նք այդքան մարդ  համախմբել:

  Եթե մարդու հոգեկանը առողջ չի, մարդը ֆիզիկապես առողջ չի, չի կարող սոցիալական գործառման մեջ լինել առողջ, մեկը մյուսի հետ կապակցված է: Որպեսզի մարդը ներդաշնակ լինի հասարակության մեջ՝  3 ոլորտն էլ պիտի առողջ լինի՝ ֆիզիկականը, հոգեկանը և սոցիալական հնարավորությունները: Պետությունն էլ պետք է ստեղծի գաղափար, մոտակա և հեռահար նպատակներ դնի իր առջև,  հայրեիքը հզորացնի: Մարդը երբ տեսնում է, որ ինքն իր աշխատանքը լավ է անում, կարծում է, որ իր լավ աշխատանքով օգնում է պետությանը, բայց հակառակն է ստացվում, հուսահատվում է:  Բայց երբ տեսնի, որ   կառավարությունը զբաղված է  հայրենիքի հզորացմամբ ու պետականաշինությամբ՝  կշարունակի լավագույնս կատարել իր աշխատանքը, քանի որ դա  հոգեբանական վարակով կհասնի բոլորին:

  Ուրեմն,  պետք է հասարակությանը առողջացնել՝  թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես և ունենալ նոր գաղափարախոսություն, որի շուրջը կմիավորվենք.  դրա համար ժամանակ է պետք, բայց այդ գործը չպետք է թողնել վաղվան, այլ պետք է սկսել հենց այսօրվանից:


Հարցազրույցներ