Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Մանկական ծուռթաթություն. ավելի շատ հանդիպում է տղաների մոտ

Մանկական ծուռթաթություն. ավելի շատ հանդիպում է տղաների մոտ

2021-12-03

  Երեխայի ծնվելուց հետո ե՞րբ և քանի՞ անգամ է անհրաժեշտ, որ նրան զննի մանկական օրթոպեդը, ի՞նչ խնդիր է ծուռթաթությունը և ինչպե՞ս է բուժվում, այս հարցերի  մասին  «Victoria health news»-ը զրուցել է մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, բ.գ.դ., պրոֆեսոր Արա Այվազյանի հետ:

Փոքրիկի ծնվելուց  հետո՝ ի՞նչ հաճախականությամբ պետք է նրան զննի օրթոպեդը

-Ըստ ուղեցույցի՝ երեխան պետք է օրթոպեդի զննում անցի նոր ծնված ժամանակ, , 1 և 3 ամսականում, ինչպես  նաև 1 տարեկանում: Սա ընդունված տարբերակն է, բայց, ցավով  պետք է նշեմ, որ մեզանում այդ մշակույթը չկա: Ցանկալի կլիներ, գոնե  երեխայի առաջին 3 ամսում գոնե մեկ անգամ նրան զննի օրթոպեդը:

  Այս խնդիրը մի քանի պատճառներ ունի՝ կապված կազմակերպման, ֆինանսավորման հետ: Պոլիկլինիկաներում մեծ մասամբ նախատեսված է 1 հաստիք՝ օրթոպեդի կամ վիրաբույժի, և քանի որ վիրաբուժական հիվանդությունները կյանքին վտանգ սպառնացող են, պոլիկլինիկայում, որպես կանոն, աշխատում են վիրաբույժներ: Մանկական օրթոպեդների քանակը երկրում գնալով պակասում է, որը լուրջ խնդիր է  ոչ միայն մեր երկրում:

Մանկական խնդիրներից անդրադառնանք ծուռթաթությանը:  ի՞նչ է այն

  -Այդ խնդիրը արտաքնապես արտահայտվում է ոտնաթաթերի ծռվածությամբ՝ դեպի ներս, ընդունված է ասել արջի թաթեր: Սակայն խնդիրն, իհարկե,  ավելի խորն է. այն ոտնաթաթերի թեքվածությունը չէ միայն, այլ սրունքի մկանների զարգացման անոմալիա է, որի պատճառով սրունքի մկանները թերզարգանում են, լինում են ավելի կարճ, ինչպես նաև կարճանում են ջլերը, ինչի հետևանքով թեքվում է ամբողջ թաթը, այսինքն՝ ոտնաթաթը ծռվում է երկրորդային: Պետք է իմանալ, որ  խնդիրը ոտնաթաթում չի, դա սրունքի մկանների զարգացման արատ է:

Ո՞րն է առաջացման  պատճառը և հնարավո՞ր է կանխել

  -Առաջացման պատճառները լիովին հայտնի չեն, անշուշտ կա գենետիկ գործոն: Եվ քանի որ չգիտենք առաջացման պատճառը, հետևաբար, չենք էլ կարող կանխել: Պարզապես, նշեմ, որ,  ըստ վիճակագրության, տղաների մոտ ավելի շատ է հանդիպում, քան՝ աղջիկների: Մոտ 1 հիվանդ երեխա՝ ամեն 1000 ծնվածից, ինչը բավականին մեծ ցուցանիշ է: 

Ինչպե՞ս է  բուժվում ծուռթաթությունը

  -Որքան երեխայի բուժումը  շուտ է սկսվում, այնքան արդյունավետությունը մեծ է: Որովհետև փոքր հասակում երեխաներն ավելի հեշտ են ենթարկվում կոնսերվատիվ բուժման: Այսինքն՝  հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պետք է դրվեն առաջին  գիպսակապերը: Ժամանակակից օրթոպեդների մոտ լայն տարածում է գտել Իգնասիո Պոնսետիի (Ignasio Ponseti) բուժման տարբերակը, երբ մինչև 6 ամսականը պետք է դնել էտապային գիպսակապեր, այնուհետև, եթե խնդիրը մնում է, արդեն կատարվում են ջլերի վիրահատություններ: Սա համալիր բուժում է: Ծնողները պետք է իմանան մի քանի բան. առաջինը՝  բուժումը սկսել հնարավորնիս շուտ,  երկրորդ՝  թաթն ուղղելուց հետո՝ երեխայի հասակ առնելուն զուգահեռ  խնդիրը կարող է կրկնվել: Այսինքն՝  թաթերը շտկվեցին, դեռ չի նշանակում, որ խնդրից ազատվեցիք: Այն, ինչպես արդեն նշել եմ, մկանների զարգացման անոմալիա է՝  հենց այդ պատճառով էլ կարող է կրկնվել:  Այդ իսկ  պատճառով,  բուժումը  շատ դեպքերում տևում է մինչև նախադպրոցական տարիքը:

  Կարևոր է նաև, որ  բուժումն  սկսվի ժամանակին և կիսատ չթողնվի:  Ծնողները պետք է ընդգրկվեն այս բուժման երկարատև ընթացքի մեջ: Շատ անգամ ծնողներին ուղարկում ենք ռեաբիլիտոլոգների մոտ, որպեսզի սովորեն բուժական ֆիզկուլտուրայի վարժություններ՝ տանն անելու համար: Եվ եթե ծնողներն ամեն ինչ ճիշտ են անում,  գործը չի հասնում վիրահատության:

  Յուրաքանչյուր տարիքի համար կան վիրահատության որոշակի խմբեր, ձևեր: Փոքր տարիքում անում են ջլերի երկարացումներ, դրանից հետո՝ ջլային տրանսպազիցիաներ, ավելի մեծ հասակում կատարում են ոսկրահատումներ:

  Պետք է ընդգծեմ, որ սա այն հիվանդությունն է, որի բուժումն  ուղիղ կապված է՝ բժշկի փորձառության, բուժումը սկսելու ժամանակահատվածի, ինչպես նաև ծնողների հետևողականության հետ: Դրա համար  կոչս է, հորդորս,  երբ ծնողը  տեսնում է, որ  խնդիր կա՝ չսպասի հարևանների խորհուրդներին, չզբաղվի ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմի մասնագետին:  Հիշե՛ք, որքան վաղ շրջանում բուժումը սկսվի, այնքան արդյուքները ավելի լավը կլինեն և  երեխաները կբուժվեն առանց հետևանքների։


Հարցազրույցներ