2020 թ-ից մեկնարկած արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի շնորհիվ` 2020-2021թթ. հեպատիտ Ց-ով 1500 պացիենտի ապրելիության ցուցանիշները բարելավվել են. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ըստ ԱՀԿ-ի տվյալների` աշխարհում շուրջ 257 մլն մարդ քրոնիկ վարակված են հեպատիտ Բ վիրուսով, 71 մլն՝ հեպատիտ Ց վիրուսով: Հեպատիտները լյարդի ախտաբանությամբ պայմանավորված մահվան հիմնական պատճառներից են: Տարեկան 1,34 մլն մարդ մահանում է սուր վիրուսային հեպատիտներից և քրոնիկ վիրուսային հեպատիտների հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից:
ՀՀ-ում, ըստ վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծության, հեպատիտ Ց-ով վարակված է բնակչության շուրջ 4%-ը: Ըստ աշխարհագրական տարածվածության, տարբերակում ենք բարձր, միջին և ցածր տարածվածության երկրներ: Հայաստանը այդ հիվանդությունների միջին տարածվածության երկրների շարքում է:
Ինչպիսի՞ն են «Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագրի» արդյունքները ՀՀ-ում. «Victoria health news»-ը փորձել է պարզել՝ զրուցելով լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
Նախ, խնդրեմ, ներկայացնել, թե ի՞նչ է հեպատիտ Ց-ն և ի՞նչ հիվանդություններ է առաջացնում
-Հեպատիտ Ց-ն հեպատոտրոպ վիրուս է, որի թիրախը հիմնականում համարվում է լյարդը և օրգանիզմ մտնելուց հետո Ց վիրուսը հանգրվանում է լյարդի բջիջներում: Նրա ընթացքը հիմնականում լատենտ է՝ թաքնված, և շատ ժամանակ այն հայտնաբերում ենք արդեն բավականին արտահայտված լյարդային բարդությունների շրջանում, դրանք լյարդի ցիռոզն է և լյարդի առաջնային ուռուցքը:
Հեպատիտ Ց վիրուսը բուժելի՞ է
-Թեև իր տարածվածությանն ու բարդություններ առաջացնելու հատկությանը, եզակի դրականը, որ կարելի է ասել այս ինֆեկցիայի մասին, այն է, որ հեպատիտ Ց-ն, բարեբախտաբար, ամբողջ աշխարհում համարվում է բուժելի: Եվ վերջին տարիներին ներառված հակավիրուսային դեղամիջոցները բավականին արդյունավետ են, առանց կողմնակի ազդեցությունների: Արձանագրենք, որ հակավիրուսային բուժման էֆեկտիվությունը 90-ից 98 տոկոս է:
Ինչպիսին է իրավիճակը Հայաստանում՝ կապված հեպատիտ Ց-ի հետ
-Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն հիմա գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում և նմանատիպ հիվանդների բուժումն անվճար է: Եթե նախկինում կային չափորոշիչներ, ըստ որոնց՝ առաջնահերթ բուժում պետք է ստանային որոշակի սոցիալական խմբերում գտնվող անձինք, ապա հիմա առաջնահերթության չափորոշիչները հանված են, և ովքեր ունեն հեպատիտ Ց, կարող են անվճար ստանալ բուժում: Նշեմ, որ բուժման ընթացքը, կախված պացիենտի գենոտիպից և հիվանդության ծանրության աստիճանից, տևում է 3-ից 6 ամիս: Հայաստանի Հանրապետությունում ութ բժշկական կենտրոն զբաղվում է հեպատիտ Ց-ի բուժմամբ, որոնք ունեն վերապրոֆիլավորված մասնագետներ:
Այնպես որ, մենք ունենք բավականին լուրջ արդյունքներ, և ես՝ որպես կլինիցիստ, բավարարված եմ այն ուշադրությամբ, որը ցուցաբերվում է հեպատիտ Ց վիրուսի նկատմամբ: