Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


«Այս պահին հոգեկան առողջության ոլորտում կա համախմբվածություն և թիմային աշխատանք». «Հոգեկան առողջության ծառայություն» կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյան

«Այս պահին հոգեկան առողջության ոլորտում կա համախմբվածություն և թիմային աշխատանք». «Հոգեկան առողջության ծառայություն» կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյան

2020-12-03

   Պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո հասարակությունը, դրա տարբեր խմբեր՝ մեծ կամ փոքր  չափով ենթարկվում է  հոգեբանական սթրեսի: Այս օրերին առաջնային հոգեբանական աջակցության կարիք ունեն պատերազմի մասնակից զինվորները, նրանց ընտանիքները և տեղահանվածները:  Պատերազմից մինչ օրս  շուրջ 10 000 մարդ ստացել է հոգեբանական և հոգեբուժական խորհրդատվություն՝ բարեգործական հիմունքներով, հիմա արդեն գալիս է հետվերականգնողական աշխատանքի փուլը, և այդ մարդիկ պետք է ստանան ավելի հիմնավոր, խորքային և սիստեմատիկ հոգեբանական ծառայություն:

   Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:  «Victoria health news» -ը զրուցել է  «Հոգեկան առողջության ծառայություն» (MHS) կենտրոնի տնօրեն, հոգեբույժ Արամ Հովսեփյանի հետ: Վերջինիս խոսքով՝ այս պահին հոգեկան առողջության ոլորտում կա համախմբվածություն և թիմային աշխատանք, որպեսզի ամեն մեկն զբաղվի նրանով,  ինչն ավելի լավ է ստացվում իր մոտ: Հենց այս նպատակով էլ   մի քանի մասնավոր կենտրոններ, այդ թվում և «Հոգեկան առողջության ծառայությունը»  (MHS),  «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» հետ կազմել են ալյանս՝   համագործակցելով  նաև պետական համակարգերի հետ:

   Արամ Հովսեփյանի խոսքով ՝ պատերազմը թողել է երեք տեսակի ազդեցություն.  առաջինը՝   սուր սթրեսային ռեակցիաներն են, որը որ ունեցել են բնակչության տարբեր խմբեր՝ կապված հենց պատերազմական գործողությունների հետ, այդ սուր ազդեցությունը արդեն աստիճանաբար անցնում է, այսինքն՝  մարդկանց մի մասը վերականգնվում է  դրանից, իսկ մի մասն էլ անցնում է  ուրիշ վիճակների, երկրորդ ազդեցությունը՝    հետտրավմատիկ  սթրեսային խանգարումն է, որը որ նոր սկսում է զարգանալ և մոտակա ամիսների ընթացքում ավելի ու ավելի շատ մարդկանց  մոտ է զարգանալու, սա ավելի հետաձգված և ավելի խորը ռեակցիան է, որը աստիճանաբար է հասունանում,   և երրորդ՝ ունենք ընդհանուր բնակչության ընկճվածություն, բարոյահոգեբանական ֆոնի իջեցում, հուսալքվածություն, հուսախաբվածություն, որոնք արդեն կապված են պատերազմը պարտվելու հետ: Այս 3 հիմնական ազդեցություններն են, որոնց հետ պետք է աշխատել և ծավալուն  գործը դեռ առջևում է ու դա կարող է տարիներ տևել:

   Կենտրոնի հիմնական թիրախային խումբը պատերազմական գործողությունների արդյունքում տուժածներն են՝ զինվորները  և նրանց ընտանիքի անդամները, որոնք որ բախվել են իրենց զինվորի  հաշմանդության կամ կորստի հետ:

   Հոգեբույժի դիտարկմամբ, հոգեբանական աջակցության կարիք ունեցող մարդկանց միայն մի մասն է պատրաստ դիմել հոգեբանի. «Նման մարդիկ հիմնականում իրենք էլ փնտրում և գտնում են, իսկ մյուս  մասին պետք է իրազեկել, լրատվամիջոցներով խոսել, ավելի շատ տեղեկացնել, և համապատասխան ինֆորմացիա ստանալու  արդյունքում նրանք ևս  պատրաստ կլինեն դիմել հոգեբանի»:

   Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Արամ Հովսեփյանը նշեց, որ պատրաստվում են նաև կրթական ծրագրերով այցեր կատարել մարզեր՝տեղի բժիշկներին վերապատրաստելու համար, աշխատելու այն շահագրգիռ խմբերի հետ, որոնք  կիրազեկեն  մարդկանց. «Մեր ծրագրով նախատեսել ենք  աշխատել  նաև շրջաններում, տեղում  կատարել այցեր, տեղի բնակչության հետ աշխատել, որովհետև կա մի մեծ զանգված, որոնք որ պատրաստ չեն դիմել՝   իրազեկված չեն կամ  թերահավատ են, վախենում են, կամ էլ ռեսուրս չեն գտնում դիմելու»:

   Տեղեկատվական նյութեր տպագրելու, մարզեր այցելու և  զորամասեր սպայական կազմի համար դասընթացներ կազմակերպելու համար պահանջվում են հավելյալ դրամական միջոցներ:  Այդ նպատակով Արամ Հովսեփյանը կազմակերպել է դրամահավաք (ՀՀ դրամով 2470028033090000, HOVSEPYAN ARAM ASHOTI, ARDSHINBANK CJSC):

   «Առաջին փուլում հենց իմ կազմակերպությունն է միջոցներ տրամադրել, բայց քանի որ սա երկարատև գործընթաց է պետք է նոր միջոցներ ընդգրկենք»:

   Եվ  վերջում, Արամ Հովսեփյանը հորդորում է մարդկանց՝   խնդրի առկայութան դեպքում հնարավորինս շուտ դիմել հոգեբանին, որովհետև միայն  այդ դեպքում  է, որ խնդիրն  ավելի արագ և արդյունավետ է լուծվում:


Հարցազրույցներ