Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վիշտը

Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վիշտը

2020-12-18

  «Victoria  health news» ը ներկայացնում է հոգեբան, խորհրդատու Մարինե Պետրոսյանի  խորհուրդները, թե ինչպե՞ս պետք է խոսել երեխայի հետ՝  հարազատ մարդու  կորստի մասին:

Ինչո՞վ է տարբերվում  երեխայի վիշտը, ինչպե՞ս են երեխաները ապրում վիշտը

  Հոգեբանի դիտարկմամբ մեզանում կա խնդիր, թե ինչպես խոսել  երեխաների հետ կորստի մասին: Այն բնորոշ է մեր  մշակույթին, երբ մենք ցանկանում ենք հեռու պահել    երեխաներին  վշտից, ցավից՝ կարծելով,  որ եթե   երեխաների հետ խոսենք վշտի կամ կորստի մասին իրենց ավելի ցավ կպատճառենք: Թեև հոգեբանը նկատում է, որ  վերջին տարիներին մեծահասակները բավական շատ են  հարցնում,  թե ի՞նչ պետք է անել, եթե երեխան հարազատ է կորցրել: Նշենք, որ երեխայի համար կորուստ են նաև  տունը, դպրոցը, բակը,  անգամ կենդանին:

  Մեծահասակներին թվում է, թե երեխաները չեն հասկանում: Դա այդպես չէ: Նրանք  նույն կերպ են ապրում վիշտը, ինչ մեծահասակները, պարզապես դրանց դրսևորման ձևերն են տարբեր՝ ելնելով իրենց տարիքային առաձնահատկություններից: Կախված նրանից,  թե երեխան ինչքանո՞վ է հասկանում՝ ի՞նչ է մահը  կամ ինչ որ բան կորցնելը, չնայած որ խաղալիքի կորսուստը երեխան հասկանում է շատ վաղ տարիքից: Երեխան ապրում է նույն վիշտը և նա իրավունք ունի ապրելու այդ վիշտը: Եվ եթե  որոշում ենք երեխային  ոչինչ չասել, որպեսզի  չցավեցնենք, մենք իրեն ավելի ենք  վնասում, որովհետև պիտի ընդունենք, որ երեխան այդ վիշտը ապրում է, ինչպես յուրաքանչյուրս, յուրովի: Պարզապես  մեծահասակաները պետք է օգնեն, որ երեխան այդ վիշտն ապրի: Մեծերի  վիշտն ապրելը պետք է մոդել լինի փոքրիկի համար. նրանք կարծես թե թույլտվություն են ստանում այդ վիշտը ապրելու, որովհետև հաճախ, երբ մեծերը վախենում են երեխաների զգացումների համար` ասելով՝ «դու պիտի չտխրես», «պետք չի, որ դու տխրես», և այլ նմանատիպ արտահայտություններ, թույլ չեն տալիս,  որ երեխան իր վիշտն ապրի:

Վիշտ և կորուստ

  Ցանկացած երեխա կարող է ապրել ցանկացած վիճակ այնքան ժամանակ, մինչև որ նրան չասվի ճշմարտությունը և հնարավորություն չտրվի իր սիրելիների հետ կիսելու այն բնական զգացմունքները, որ մարդիկ ունենում են կորստի ժամանակ:

  Փոքր երեխաները,  մինչև 8 տարեկան (3-8 տ.),  սուր են տանում վշտի փուլը. սա կարևոր առաձնահատկություն է: Նրանք կարող են մեկ լացել, մեկ՝ ծիծաղել: Մեկ ցույց տալ իրենց տխրությունը, մեկ էլ՝  խաղալ: Եվ սա է, որ շատ մեծահասակների շփոթության մեջ է գցում: Մտածում են՝  «Դե լավ,  երեխան ուրախ է, ուրեմն՝ ինքը վիշտը չի ապրում  և պետք չէ երեխայի համար անհանգստանալ»:

Գործոններ, որոնք ազդում են վշտի ապրման վրա

  Մարինե Պետրոսյանը՝ խոսելով մշակութային առանձնահատկությունների մասին, նշում է, որ այն Հայաստանում անգամ մարզից մարզ տարբերվում է: Այսինքն,  երեխայի վիշտը հասկանալու համար, բացի այն որ նա ապրում է Հայաստանում և հայ է, պետք է հասկանալ, թե ինչ մշակույթ ունի իր ընտանիքը:

  Կան գործոններ, որոնք ազդում են երեխայի՝ վիշտը ապրելու վրա: Դրանցից ամենակարևոր գործոնը, որ շատ օգնում է երեխային վշտի պարագայում,  օգնող մեծահասակի առկայությունն է: Եթե մահացել է երեխայի հայրը, ապա՝ մայրն է դառնում այդ անձը, և հակառակը: Եթե մահացել է տատիկը, պապիկը, ապա որևէ մեկը ընտանիքի անդամներից, որը կօգնի ու կհասկանա երեխային: Սա շատ կարևոր գործոն է, որն օգնում է երեխային ապրել  կորուստը:  Թե ինչքան ուժեղ կապրի վիշտը երեխան, կապված է նաև, թե այդ մահացածը երեխայի հետ ինչ հուզական կապվածություն է ունեցել: Եթե երեխան շատ կապված է իր խաղալիքի, բակի, տան հետ, ապա՝  շատ դժվարություն կունենա վիշտն ապրելիս:

  Կարևոր գործոն է ընտանիքում հարաբերությունները՝  ջերմ են, մեղմ են,  կոնֆլիկտային են, թե  ամուսնալուծված ընտանիք է, որտեղ  կան շատ մեղադրանքներ և այլ սթրեսներ ու լարվածություններ:

  Կարևոր է նաև  մահվան հանգամանքները: Այսինքն, ինչպե՞ս է տեղի ունեցել հարազատի մահը, և ի՞նչ գիտի երեխան դրա մասին: Սկսած 8-9 տարեկանից, վաղ դեռահասության շրջանից,  մինչև դեռահասության շրջան, բնականաբար, երեխաները շատ բան հասկանում են մահվան հանգամանքներից, կարող են հենց սկզբից էլ  այդ մասին իմանալ, և սա կարող է կամ ծանրացնել, կամ մեղմացնել, կամ օգնել կամ խանգարել:

  Շատ կարևոր է երեխայի համար շրջապատող միջավայրը: Մենք միշտ շեշտը դնում ենք շրջապատի աջակցության վրա: Ամենամոտ շրջապատը, բնականաբար, ընտանիքի անդամներն են, հաջորդը այն սոցիալական ինստիտուտն է, որտեղ հաճախում է երեխան՝  մանկապարտեզը, դպրոցը,  այլ սոցիալական ծառայությունները,  համայնքը, հարևանները, այսինքն՝ այն ինչ շրջապատում է երեխային աստիճանական հեռավորությամբ: Եվ որքան ամուր են այս բոլորը, այնքան երեխաները հնարավորինս թեթև կապրեն  վիշտը:

Ինչպես են երեխաները արտահայտում վիշտը՝ կախված տարիքից

0-3 տարեկան

  Շատ կարևոր հանգամանք է, թե ինչպես է երեխան հասկանում մահը: Մահվան հասկացումը տարիքից տարիք փոխվում է: Օրինակ, 0-3 տարեկանում մահվան գիտակցված հասկացումը բացակայում է: Երեխան չի հասկանում՝ մահն ինչ է:  Երեխան իր կողքին ունի կարևոր մեծահասակ, նա անպայման նկատում է այդ մեծահասակի բացակայությունը, անգամ, երբ երեխայի  ձեռքից  իր խաղալիքը վերցնում ես՝ նա   զգում է: Սակայն  ինչ վերաբերվում է մահվանը, որ ինչ որ մեկը հեռացել է, չկա, երեխան   չի հասկանում, որ դա անդառնալի երևույթ է: Եվ, բնականաբար, նա  ուրիշ կերպ է ապրում.  այն մեկը, որ իր շրջապատում էր, այժմ չկա, իր կողքին չէ: Երեխաներն այս տարիքում շատ զգայուն են, թե մյուս մեծահասակները ինչպես են իրենց պահում  և նրանք կարող են շատ ուժեղ արձագանքել, օրինակ, ընտանիքի մյուս անդամների կամ նրանք ովքեր խնամում են երեխային,  ապրումներին, այսպես կոչված, դիսթրեսին: Եթե մեծերը շատ լարված են, անհանգիստ են, բարձր ձայնով լացում են, իրենց ժամանակ չեն տրամադրում,  երեխաները շատ արագ զգում են և իրենց վրա կարող է բավականին բացասկան ազդեցություն ունենալ:

  Ինչպե՞ս են  արտահայտում.  լացում են, ինչ որ բան չեն ուզում անել, իրենց քմահաճույքներն են առաջ տանում, կարող են անտարբեր լինել,  վախենալ, ամենակարևոր վախն  այս տարիքում  բաժանման վախն է: Այսինքն, եթե երեխան կարող է տեսնել, որ վաղուց մայրիկը չի գալիս, կամ հայրիկը չի գալիս ինքը կառչում է մյուսին: Մենակ չի ուզում մնալ, որտեղ բոլորը գնում են, ինքն ուզում է իրենց հետ լինել, անընդհատ պահանջում է ֆիզիկական ներկայությունը: Սա նաև տարիքային  առանձահատկություն է, երբ երեխաները սիրում են իրենց մտերիմ մեծահասակներին իրենց հայացքի ներքո պահել:

3-5 տարեկան

  Այս տարիքում ևս  երեխաները չեն հասկանում մահը: Իրենք տեսնում են, որ իրենց հարազատը չկա, բայց հասկանում են,  որ  վերադառնալու է: Մահը՝ որպես անդառնալի երևույթ,  չեն հասկանում: Շատ հաճախ հավատում են, որ իրենք հիմա կարող են անել ինչ որ բաներ, որ  կարող է ազդել շրջապատող աշխարհի վրա  (դա տարիքային առանձնահատկություն է, խոսում է իրենց զարգացվածության մասին)  և իրենք մտածում են՝  այ, եթե  հիմա ինքը ընթրիքը ուտի, իրեն խելոք պահի, խաղալիքները հավաքի, գուցե մահացած հարազատը հետ կվերադառնա: Նույնը վերաբերվում է, երբ  կենդանի են կորցնում.  դարձյալ չեն հավատում, որ կենդանին կորել է,  սկսում են  փնտրել, երբեմն թաղված կենդանիներին փորձում են գնալ հանել, գտնել: Այսինքն,  հասկանում են, որ ինչ որ մեկը բացակայում է, չկա, կարող են լսել այդ մահ բառը, որ իրենց ասել են մահացել է, բայց միևնույն է իրենք չեն կարող պատկերացնել, որ դա անդառնալի երևույթ է:

  Ինչպե՞ս է արտահայտվում.   սկսում են հարցեր տալ, որը բխում է իրենց՝ աշխարհը ընկալելու շատ բառացի ձևից, կարող է թվալ շատ անտակտ: Օրինակ, մեր օրերում դեռևս ընդունված է  տանը կազմակերպել  հանգուցյալի հրաժեշտը,  և երեխան տեսնում է նրա դին, նա կարող է գնալ խոսել, բարկանալ, ասել, ինչու ես պառկել այստեղ, կարող է  մտերիմ մեծահասկաներին ասել՝ « բա դու ե՞րբ ես մեռնելու»: Եվ սա նրանից չէ, որ երեխաները ապրումներ չունեն, այլ նրանք չեն հասկանում: Նա  մտածում է, թե ով է իրեն խնամելու, ուզում է հասկանալ իր շրջապատող մարդիկ  գնալո՞ւ  են  և ուզում է հասկանալ, թե ովքեր են հոգ տանելու իր մասին:  Նրանց փաստերի ընկալումն էլ շատ տարբեր է լինում.  կարող են ասել՝  «այո, ես գիտեմ հայրիկը, կամ մայրիկը մահացել է», բայց հաջորդ պահին վերադառնալ ու ասել՝ « բա ինքը երբ է վերադառնալու տուն»: Հաճախ նրանց մոտ կարող է արտահայտվել, հետընթաց՝ ռեգրես: Նրանք կարող են անել գործողություններ, որոնք անում էին ավելի փոքր տարիքում: Օրինակ, կարող են մատ ծծել,  կամ կարող են անհանգստացնող երազներ տեսնել: Եվ քանի որ երեխաները շատ դժվարությամբ են բառերով արտահայտում իրենց զգացումները, ապա՝  ցույց են տալիս վարքով: Կարող են խաղեր խաղալ, հարազատին կառչած մնալ, այստեղ ևս պահպանվում է հարազատին կորցնելու վախը և թույլ չտալ իրենց մտերիմ մեծահասակը հեռու գնա: Կարող են դառնալ քմահաճ,  անուշադիր, մեկ՝  ուրախանալ, մեկ՝ տխրել, մեկ՝  ավելի ջղային լինել և  խաղալիքներ կոտրել:

5-8 տարեկան

  Այս տարիքում երեխան հասկանում է, որ մահն անդառնալի է: Իրենց ապրումներից   սկսում են ջղայնանալ և  ջղայնանալ այն մարդու վրա, ով մահացել է: Ինչո՞ւ է իրենց թողել, ինչու է գնացել, ինչո՞ւ հետ չի գալիս. ավելի են կառչում ու կապնվում իրենց խնամող մեծահասակի հետ: Այս տարիքը նաև համարվում է մահվան վախի տարիք, որպես տարիքային առանձնահատկություն: Ինչո՞ւ, որովհետև իրենք հասկանում են, որ մահն անդառնալի կորուստ է, դրա համար էլ սկսում են հասկանալ, որ իրենց հարազատը կամ ծնողը կարող է մահանալ: Եվ երբեմն, այս տարիքում, երբ առաջանում է վախը, համընկնում է, որ երեխան հարազատ է կորցնում: Այս կորստի,  վշտի ապրումը՝ որպես հետևանք թողնում է նաև շատ վախեր և դժվարանում է ապրումը: Այս տարիքում նույնպես երեխաները դժվարանում են խոսել իրենց զգացմունքների մասին : Ապրում են ուժեղ ջղայնություն, իրենց թույլ չեն տալիս տխրել: Մեր մշակույթում, հատկապես տղաներին,   լացելու հետ կապված շատ հաճախ կարող են ասել՝  մի՛ լացիր, մի՛ տխրի,  և մենք այդպես խախտում ենք վշտի ապրման կարևոր ընթացքը:

8-12 տարեկան

  Այս տարիքային փուլում երեխաները  հասկանում են մահվան անդառնալիությունը և բավականին մեծ հետաքրքրություն են ցույց տալիս, թե ինչ է տեղի ունենում մարդկանց հետ ֆիզիկապես, երբ որ մարդիկ մահանում են, կենսաբանական ինչ-որ գործընթացների մասին են սկսում  անհագստանալ:

  Ինչպե՞ս է արտահայտվում. երբեմն երեխաները կարող են ուզենալ  մահանալ, բայց սա պետք չի դիտարկել որպես սուիցիդալ միտք, որովհետև դա առավել շատ ցույց է տալիս, որ երեխան ուզում է լինել մահացած հարազատի հետ: Երբեմն այս վաղ դեռահասային տարիքում երեխաների մտքերը նաև կապված են լինում իրենց կրոնական հավատալիքների  հետ, կարող են ասել մահվանից հետո կյանք կա, և երեխաները ցանկանան իրենք էլ մահանալ  և լինել իրենց հարազատի կողքին: Սա կապված է, իհարկե,  տվյալ երեխայի ընտանիքի կրոնական հավատալիքներից: Նրանք ունենում են դժվարություններ ուսման մեջ, անհանգստություն, կարող են ըմբոստություն  ցույց տալ,  մեկուսանալ:

  Այս բոլոր 3 տարիքային խմբում երեխաները կարող են ունենալ ֆիզիոլոգիական սինդրոմներ.  նրանք կարող են չհասկանալ, թե ինչու է իրենց փորը ցավում կամ ոտքերը դողում,  որքան տարիքը փոքր է, այնքան այդ ֆիզիկական սինդրոմների առկայությունը շատ է:

12  և ավելի  տարեկան (15-16)

  Նրանց մահվան մասին պատկերացումները այնպիսին են, ինչպես մեծերինը: Նրանք հաճախ հետաքրքվում են մահվան էքզիստենցիալ խնդիրներով,  իմաստով, ի՞նչ է լինում մահվանից հետո, ինչպե՞ս իմաստավորել այն: Այս տարիքային փուլում և նախորդ տարիքային փուլում էլ, երեխաները դարձյալ դժվար են խոսում: Եթե ավելի փոքր տարիքում ճիշտ բառերը չգիտեն իրենց ապրումներն արտահայտելու համար, ապա՝ այս դեպքում պարզապես չեն ուզում խոսել: Իրենք սովոր չեն իրենց հույզերը կիսել մեծահասկաների հետ, դա իրենց համար մեծ դժվարություն է,  հատկապես այն դեպքում,  եթե իրենց ընտանեկան մշակույթում ընդունված չի:

  Կարող են շատ ուժեղ հուզական ռեակցիաներ ունենալ: Նրանք ավելի շուտ ու ավելի հաճախ կարող են դիմել իրենց հասակակիցներին, քան՝ մեծահասակներին: Դեռահասները հասակակիցների հետ ավելի հեշտ կարող են խոսել իրենց ապրումներից, մտքերից: Այս տարիքում երեխաները իրենց վրա վերցնում են պատասխանատվություն ընտանեկան ինչ-որ կարևոր հարցերում, օրինակ,  մտածում են, որ պիտի հայրիկի փոխարեն հոգ տանեն մյուսների համար, օգնեն մայրիկին: Այս, գուցե շատ բարի մղումները խանգարում են  ապրել վիշտը, իրենց ուսերին դնում են տարիքին անհամապատասխան ծանրություն և բնականաբար մեծահասակները պիտի ուշադիր լինեն, որ այդ ծանրությունը երեխան իր ուսերին չվերցնի և  ապրի իր մանկությունը, դեռահասությունը: Դարձյալ կարող են լինել սովորելու դժվարություններ, ունենալ դեպրեսիվ տրամադրություն, ըմբոստ վարք, դրսևորել ոչ սոցիալական վարք, կարող են օգտագործել ալկոհոլ, թմրանյութ:

Ինչպե՞ս խոսել երեխայի հետ վշտի, կորստի մասին

  Պետք է լսել, թույլ տալ, որ երեխան խոսի այն ամենի մասին ինչ իր մտքում է, բաց չթողնել այն հարմար պահը, երբ երեխան ցանկանում է խոսել, հիշել, որ երեխան կարող է ունենալ ֆանտազիաներ մահացողի  հետ լինելու հետ կապված, ուշադիր լինել արտահայտած հնարավոր ինքնավնասման, ինքնասպանության մտքերին: Երեխաների համար կարևոր է, որ նրանք  տեսնեն  իրենց հետ զրուցող մեծահասակի անկեղծ զգացմունքները:  Խոսելիս հաշվի առնել երեխայի զարգացման մակարդակը:

Ցանկալի և ոչ ցանկալի արտահայտություններ

  Ոչ թե ասել՝ «Ես հաստատ գիտեմ, թե դու ինչ ես զգում», այլ՝ «Շատ ցավում եմ, որ ապրում ես այս ցավագին պրոցեսը»: Ասել ոչ թե՝ « Հասկանում եմ ինչ ես զգում», այլ՝ «Պիտի որ շատ դժվար լինի ընդունել տեղի ունեցածը»: Ոչ թե՝ «Ժամանակն է վերադառնաս սովորական կյանքին», այլ՝ « Վիշտը ժամանակ է պահանջում»:

  Երեխայի հետ պետք է խոսել անկեղծ, հաշվի առնել նրա զարգացման մակարդակը, հասկանալու աստիճանը, անհանգստությունները, մտքերը, զգացմունքները:

  Երեխայի հետ խոսեք իր մահացած հարազատի մասին, օրինակ, ինչ էր սիրում հայրիկը, ինչ խաղ էիք սիրում միասին խաղալ, կամ ասեք թող պատմի  ինչ-որ հետաքրքիր պատմություն, որ կապված է այդ կորցրած հարազատի հետ կամ ի՞նչ երաժշտություն էր սիրում, ի՞նչ նախասիրություններ ուներ: Եթե երեխան կորցրել է տուն, ապա՝  թող խոսի իր հարազատ  տան, սենյակի, իրերի մասին:

  Կորցրած հարազատի մասին խոսելը, շատ լավ ձև է, որպեսզի  երեխան արտահայտի իր զգացմունքները և ապրի իր վիշտը: Թույլ տվեք, որ իրենց վիշտը արտահայտեն գրելով, նկարելով, լաց լինելով: Տեղեկություններ տվեք այն մասին, որ կարող են ֆիզիկական զգացողություններ ունենալ:  


Հարցազրույցներ