Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


AstraZeneca և  Johnson&Johnson ընկերությունները վերսկսել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները Միացյալ Նահանգներում

AstraZeneca և Johnson&Johnson ընկերությունները վերսկսել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները Միացյալ Նահանգներում

2020-10-26

   Ըստ «Victoria health news»-ի, AstraZeneca և  Johnson&Johnson դեղագործական ընկերությունները ուրբաթ օրը հայտարարել են, որ մտադիր են վերսկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները Միացյալ Նահանգներում, այս մասին հայտնում է ամերիկյան CNN լրատվականը:

   Ըստ կայքի, AstraZeneca-ի կողմից իրականացվող փորձարկումը հետաձգվել էր սեպտեմբերի սկզբից, իսկ Johnson & Johnson ընկերությանը՝ հոկտեմբերի սկզբից։

  CNN-ի փոխանցմամբ,  AstraZeneca-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի Պարենի և դեղորայքի վերահսկողության վարչությունը թույլատրել է վերսկսել փորձարկումները հոկտեմբերի 15-ին, անվտանգության բոլոր տվյալների դիտարկումից եւ եզրակացություններից, ինչպես նաև ինստիտուցիոնալ դիտորդական խմբերի կողմից փորձանյութերի հաստատումից հետո, համոզվելով, որ փորձարկումների վերսկսումն անվտանգ է:  Գործընթացն արդեն իսկ վերսկսվել է այլ երկրներում։

  Փորձարկումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայում կամավորի մոտ նյարդաբանական հիվանդություն էր զարգացել, և ինչպես նշում է ընկերությունը, տվյալ հիվանդության զարգացման «ոչ մի հստակ պատճառ» չի հայտնաբերվել:

  «Կան բազմաթիվ հնարավոր գործոններ, որոնք կարող էին տվյալ հիվանդության առաջացման պատճառ հանդիսանալ։ Հիմնվելով այսօրվա դրությամբ հավաքագրված տեղեկատվության եւ անկախ փորձագետների կարծիքների վրա՝ ընկերությունը ոչ մի ապացույց չի գտել, որ հենց թեկնածու պատվաստանյութն է առաջացրել այդ հիվանդությունը»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:

  CNN-ը հիշեցնում է, որ Johnson&Johnson ընկերության պատվաստանյութի փորձարկումը սկսվել է սեպտեմբերի 23-ին թվով ութ երկրներում, ներառյալ Միացյալ Նահանգներում՝ ընդգրկելով թվով 60.000 հիվանդի։

  ԱՄՆ Կառավարության առողջապահության ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև արտաքին փորձագետները նշել են, որ նման դադարները լավ օրինակ են հանդիսանում ցույց տալու համար, թե ինչպես են աշխատում  անվտանգության մարմինները ամերիկացիներին հնարավոր վտանգավոր պատվաստանյութերից պաշտպանելու հարցում: Կարգավորող մարմինները ցանկացել են համոզվել, որ որևէ խնդիր չի կարող առաջանալ պատվաստանյութերի պատճառով: AstraZeneca  ընկերությունը իր պատվաստանյութը մշակելու համար համագործակցում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի հետ։

  AstraZeneca ընկերության՝  CNN-ի կողմից սեպտեմբերին հրապարակված ներքին անվտանգության զեկույցում նշվում է, որ հետազոտությանը մասնակցող նախկինում առողջ 37-ամյա կին կամավորի մոտ պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց հետո հաստատվել է լայնակի միելիտ, եւ սեպտեմբերի 5-ին նա տեղափոխվել է հիվանդանոց:

  Ընկերությունը հոկտեմբերի 22-ին հայտնել է, որ փորձարկումների արդյունքները պատրաստ կլինեն  այս տարի ավելի ուշ։ 


Բժշկական Նորություններ