Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՔԱՐԵԼ ԳՐԻՊԻ ԴԵՄ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՔԱՐԵԼ ԳՐԻՊԻ ԴԵՄ

2020-02-13

       Ինչո՞ւ են որոշ մարդիկ կարողանում ավելի լավ պայքարել գրիպի դեմ

      Մանկության ժամանակ գրանցված գրիպով հիվանդացության առաջին դեպքն օգնում է բացատրել, թե ինչու է վիրուսը մարդկանց մի խմբի վրա առավել մեծ ազդեցություն ունենում, քան մյուսների

      UCLA-ի և Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդկանց՝ գրիպի վիրուսի դեմ պայքարելու կարողությունը որոշվում է ոչ միայն գրիպի ենթատեսակներով, որոնց նրանք բախվում են կյանքի ընթացքում, այլև այդ վիրուսներով հիվանդանալու հաջորդականությամբ:

     «Victoria health news»-ը ներկայացնում է հանրամատչելի «PLoS Pathogens»  ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը:

      Սեզոնային գրիպի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար մշակված ռազմավարություններին  կօգնեն  այս հետազոտության արդյունքները

      UCLA- ի գիտնականները, «PLoS Pathogens»  ամսագրի տվյալ հետազոտության գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Ջեյմս Լլոյդ Սմիթի հետ միասին, վերջերս ավարտել են մի ուսումնասիրություն, որը վերլուծում էր նորագույն coronavirus 2019-nCoV տարածման պատճառները: Հետազոտողները հայտնում են, որ ճանապարհորդների սքրինինգային զննումն այնքան էլ արդյունավետ չէ 2019 թ-ի կորոնավիրուսի դեպքում, քանի որ այն միջին հաշվով վարակում է ճանապարհորդների կեսից ավելիին, և նրանցից շատերի մոտ նույնիսկ վիրուսը չի էլ հայտնաբերվում  ախտանիշների բացակայության պատճառով։ Հետևաբար, վիրուսի տարածումը օդանավակայաններում և զբոսաշրջային այլ կենտրոններում դադարեցնելու լավագույն տարբերակը ստուգման մեթոդների կատարելագործումն է:

     «Դա պետական ​​կառավարման մարմինների և հանրային առողջապահության ոլորտի պաշտոնյաների առջև խնդիր է դնում ճամփորդությունից վերադառնալուց հետո ուղևորներին մեկուսացնել և մշտական հսկողության տակ պահել նրանց», - ասում է UCLA- ի էկոլոգիայի և էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսոր Լլոյդ Սմիթը։

      Շատ կառավարություններ սկսել են կարանտինի մեթոդը կիրառել, կամ նույնիսկ ճամփորդելու արգելքներ են դնում, քանի որ գիտակցում են, որ սքրինինգը բավարար չէ կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար:

    Լլոյդ Սմիթը նշել է, որ մյուս, հատկապես զարգացող երկրները, չունեն կանխարգելիչ միջոցառումների համար համապատասխան ենթակառուցվածքներ և ռեսուրսներ,  հետևաբար, խոցելի են հիվանդության ներմուծման համար. «Հանրային առողջապահության կազմակերպությունների մեծ մասը անհանգստացած է Աֆրիկա և Հնդկաստան մուտք գործող կորոնավիրուսով,  քանի որ այս երկրների բնակչության ճնշող մեծամասնությունը չունի առաջադեմ բժշկական ծառայությունների հասանելիություն», - ասել է նա:

     Հետազոտողները, Չիկագոյի համալսարանի և Լոնդոնի Արեւադարձային հիգիենայի եւ բժշկության դպրոցի գիտնականների հետ միասին, մշակել են անվճար օնլայն հավելված, որի միջոցով մարդիկ կարող են հաշվարկել ճանապարհորդության անվտանգությունը` հիմք ընդունելով մի շարք պարամետրեր:

       Ինչու՞ է գրիպի վիրուսի միևնույն շտամը տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն ունենում

      Թիմը, որտեղ ներգրավված էին նաև Կալիֆոռնիայի և Արիզոնայի համալսարանի  վերոհիշյալ գիտնականներից մի քանիսը, 2016-ի զեկույցում նշել է, որ մանկության տարիներին ունեցած վիրուսները մարդկանց մասնակիորեն պաշտպանում են հետագա ողջ կյանքի ընթացքում գրիպի այլ կապակցված վիրուսներից: Կենսաբանները կարծում են, որ վաղ տարիքում գրիպով հիվանդացությունը  որոշում է մարդու հետագա  «իմունաբանական պատկերը»:

    2016 թ-ի ուսումնասիրությունները հերքում են տարածված այն կարծիքը , որ գրիպի նախորդ վիրուսի ազդեցությունը իմունային թույլ պաշտպանություն է ապահովում կենդանիներից  մարդկանց անցնող շտամների հանդեպ, ինչպիսիք են օրինակ`խոզի  կամ թռչնի գրիպի շտամերը: Այս շտամները, որոնք բազմաթիվ մարդկանց երկրորդային ծանր հիվանդացության և  մահվան պատճառ են դարձել, մտահոգում է բոլորին, քանի որ դրանք կարող են առաջացնել մուտացիաներ, որոնք կարող են  հեշտությամբ անցնել ոչ միայն կենդանիներից մարդուն, այլև փոխանցվել մարդուց մարդ։

     Նոր հետազոտության ընթացքում մասնագետները փորձել են պարզել, արդյոք իմունոլոգիական հետագա պատկերի միջոցով հնարավոր է բացատրել մարդու օրգանիզմի արձագանքը բնակչության շրջանում արդեն տարածվող գրիպի շտամների հանդեպ, և ինչ ազդեցություն է ունենում սեզոնային գրիպը տարբեր տարիքային խմբերի վրա

     Գրիպի վիրուսի տարատեսակ շտամների ազդեցությունը տարբեր տարիքի մարդկանց շրջանում պարզելու համար՝ թիմը վերլուծել է Արիզոնայի Առողջապահության դեպարտամենտի՝ հիվանդանոցներից և ընտանեկան բժիշկներից ձեռք բերված տվյալները։ Գրիպի վիրուսի երկու ենթատեսակներ՝ H3N2 և H1N1, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ամենատարածվածն են գրիպի սեզոնային բռնկումների ժամանակ: H3N2- ի մահվան ելքով ծանր դեպքերը հանդիպում են տարեց մարդկանց մոտ։ H1N1-ը ավելի տարածված է երիտասարդների և միջին տարիքի մարդկանց շրջանում և ավելի քիչ է մահվան հանգեցնում։

      Հետազոտողները վերլուծել են նաև գրիպի շտամների միջև էվոլյուցիոն հարաբերությունները

     Ըստ UCLA-ի էկոլոգիայի և էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսոր և ուսումնասիրության ավագ հեղինակ Ջեյմս Լլոյդ Սմիթի, H1N1- ը և H3N2-ը գրիպի տարբեր տեսակներ են։ Գրիպի մի տեսակով հիվանդանալուց հետո իմունային համակարգն ավելի ակտիվորեն է սկսում պաշտպանել օրգանիզմը միևնույն խմբի վիրուսի տեսակներից, որոնցով մարդը հիվանդացել է։

     Ուսումնասիրությունը նաև բացահայտում է մեկ այլ օրինաչափություն. մարդիկ, որոնք փոքր ժամանակ առաջին անգամ առնչվել են  H2N2- ի հետ, որը H1N1- ի խմբի մեջ է մտնում, հետագայում H1N1-ով հիվանդանալիս ունեցել են շատ թույլ իմունային արձագանք, ինչը դժվար էր բացատրել, քանի որ այս երկու ենթատեսակները գտնվում են միևնույն խմբում, և ավելի վաղ հետազորությունները ցույց են տվել, որ մի տեսակով հիվանդանալուց հետո օրգանիզմի պաշտպանական ռեակցիան  հաջորդի հանդեպ ավելի ուժեղ է։

      Ամբողջ աշխարհում գրիպը շարունակում է մնալ առաջին հորիզոնականում մահացության դեպքերի քանակով

     Նախորդ երկու գրիպի տեսակներն սպասվածից ավելի վտանգավոր էին, ասում է ուսումնասիրության համահեղինակ և Արիզոնայի համալսարանի էկոլոգիայի և էվոլյուցիոն կենսաբանության ամբիոնի վարիչ Մայքլ Ուորոբին: 2017-2018 թթընթացքում ԱՄՆ-ում մահացել է 80,000 մարդ, ավելի շատ, քան  2009 թ-ին խոզի գրիպի համաճարակի ժամանակ։

     Հետազոտողները հույս ունեն, որ իրենց բացահայտումները կօգնեն կանխատեսել, թե մարդկանց որ տարիքային խմբերն առավել շատ կարող են տուժել  գրիպի հետագա համաճարակների ժամանակ։ Այս տեղեկատվությունը կարող է օգնել նաև առողջապահության ոլորտի պատասխանատուներին հասկանալու, թե ովքեր պետք է ստանան որոշակի պատվաստանյութեր, որոնք հասանելի են սահմանափակ քանակությամբ:

    Հետազոտությունը ֆինանսավորվել է Առողջապահության ազգային ինստիտուտի, Գիտության ազգային հիմնադրամի, DARPA- ի և David and Lucile Packard հիմնադրամի կողմից: 2018 թ-ին NIH- ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը հայտարարեց գրիպի համընդհանուր պատվաստանյութ մշակելու ռազմավարական պլան


Բժշկական Նորություններ