Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Նորապսակները, հղիություն պլանավորելու նպատակով,  կարող են անվճար հետազոտվել

Նորապսակները, հղիություն պլանավորելու նպատակով, կարող են անվճար հետազոտվել

2022-09-28

  ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ամուսնությունը գրանցելուց հետո 3 ամսվա ընթացքում զույգերը կարող են դիմել իրենց հաշվառման կլինիկա՝  հղիություն պլանավորելու նպատակով խորհրդատվություն ստանալու և անվճար հետազոտվելու համար:

  Ծրագրի նպատակն է վաղ հայտնաբերել և բուժել որոշ հիվանդություններ, ինչպես նաև կանխարգելել և կառավարել ռիսկի այն գործոնները, որոնք կարող են ազդել ապագա երեխայի առողջության վրա:

  Խորհրդատվության և հետազոտությունների մասին տեղեկատվական թերթիկը տրամադրում են ՔԿԱԳ մարմինները:

  Երեխայի առողջության հիմնաքարերից է առողջ հղիություն պլանավորելը: Ուստի, հղիանալու որոշումը հիանալի առիթ է առողջ կենսակերպի անցնելու, ծխելը և այլ վնասակար սովորույթները թողնելու համար: Ծխելը դանդաղեցնում է  պտղի զարգացումը, հանգեցնում  հիպոքսիայի, վաղաժամ ծննդաբերության և բազմաթիվ այլ բարդությունների։ Պակաս վտանգավոր չէ նաև պասիվ ծխելը։ Ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործումը, անգամ ամենափոքր քանակությամբ, բեղմնավորման և հղիության ընթացքում անթույլատրելի է, քանի որ թափանցում է պտղի արյան մեջ և պատճառ դառնում զարգացման արատների, մտավոր հետամնացության: Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել վիժման, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերության:

  Անհրաժեշտ է հետևել սննդակարգին։ Պետք է կրճատել բարձր կալորիականությամբ, ցածր սնուցողականությամբ օժտված մթերքները՝ յուղային և քաղցր ուտեստները։ Ցանկալի է հարստացնել սնունդը ֆոլաթթվով հարուստ մթերքներով կամ ընդունել ֆոլաթթվի հաբեր։ Ֆոլաթթուն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը։ Դրա համար մինչև հղիությունը և առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել ռացիոնի մեջ (օրաբաժնում)։ Ֆոլաթթվով հարուստ են կանաչեղենը (հազար, սպանախ, սիբեխ), կաղամբը, ծաղկակաղամբը, կանաչ լոբին: Պետք է ընդունել վիտամիններ, որպեսզի նյութափոխանակությունը լինի նորմալ: Պետք է օգտագործել միայն յոդացված աղ (մինչ հղիությունը օգտագործվածի չափով), քանի որ յոդի անբավարարությունը պտղի մոտ առաջացնում է նյարդային համակարգի, մտավոր զարգացման անդառնալի ախտահարումներ, մտավոր և ֆիզիկական ծայրագույն թերզարգացում (կրետինիզմ, գաճաճություն), խուլ-համրություն, բնածին այլ արատներ:

  Անհրաժեշտ է`

  • խուսափել ճարպոտ սննդամթերքից և քաղցրավենիքից,
  • որքան հնարավոր է շատ օգտագործել մրգեր և բանջարեղեն,
  • գեղեցիկ մաշկ ունենալու, արյան նորմալ շրջանառություն ու մարսողություն ապահովելու համար պետք է օրական ընդունել առնվազն 1,5 լ հեղուկներ:
  • Հարկավոր է հետևել քաշին ամբողջ հղիության ընթացքում, որը սովորաբար ավելանում է 10-12 կգ, ընդ որում առաջին եռամսյակում` 1,5-2 կգ, երկրորդում՝ 5,5-6,5 կգ, այսինքն՝ շաբաթական մոտավորապես 0,5 կգ, երրորդ եռամսյակում՝ 4-5 կգ:


Բժշկական Նորություններ