Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ի՞նչ է  դեմենցիան

Ի՞նչ է դեմենցիան

2022-10-18

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ներկայումս մշակվում է «Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը», որի ներդրումը լուծում կտա մի շարք խնդիրների:

Ի՞նչ է դեմենցիան (ձեռքբերովի թուլամտություն)

Իրականում դեմենցիան ոչ թե առանձին հիվանդություն է, այլ ախտանիշների խումբ։ Կա ավելի քան 100 հիվանդություն, որոնք կարող են առաջացնել դեմենցիա։ Դրանցից ամենահայտնին  Ալցհեյմերի հիվանդությունն է:  

Դեմենցիան ավելի հաճախ հանդիպում է մեծ տարիքով չափահասների մոտ, սակայն կարող է զարգանալ նաև 40-50 տարեկանում և ավելի վաղ։

Դեմենցիայի տեսակները

Հարաճուն (պրոգրեսիվ) դեմենցիաներ

Դեմենցիայի այս տեսակները ժամանակի ընթացքում հարաճուն կերպով և անշրջելիորեն զարգանում են՝ թողնելով անդառնալի հետևանքներ։

Ալցհեյմերի հիվանդություն 

65 տարեկան և ավելի բարձր տարիքով անձանց շրջանում Ալցհեյմերի հիվանդությունը  դեմենցիայի ամենահաճախ հանդիպող պատճառն է (կազմում է դեմենցիայի բոլոր տեսակների 70%-ը)։ Ալցհեյմերի հիվանդության պատճառը հայտնի չէ, սակայն այս հիվանդության ժամանակ ուղեղում հայտնաբերվում են բետա-ամիլոիդային և «տաու» սպիտակուցային տարրեր։ Ժառանգական գործոնները նույնպես կարող են որոշ չափով բարձրացնել Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը։

Անոթային (վասկուլյար) դեմենցիա

Հանդիպման հաճախականությամբ այս դեմենցիան 2-րդն է և զարգանում է ուղեղն արյունամատակարարող անոթների վնասման պատճառով։ Ուղեղի անոթային խնդիրներն իրենց հերթին կարող են առաջանալ ինսուլտի  և այլ անոթային հիվանդությունների պատճառով։

Լևիի մարմնիկների դեմենցիա

Լևիի մարմնիկը սպիտակուց է, որը գլխուղեղում կարող է հայտնաբերվել այս, Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդության   ժամանակ։

Ճակատաքունքային (ֆրոնտոտեմպորալ) դեմենցիա

Հիվանդությունների այս խումբը բնորոշվում է ուղեղի ճակատային և քունքային բլթերում նյարդաբջջիջների դեգեներատիվ փոփոխություններով։ Գլխուղեղի այս շրջանները պատասխանատու են անձի, վարքագծերի և լեզուների համար։

Խառը դեմենցիա

Հիվանդությունների այս խումբն ընթանում է հարաճուն դեմենցիայի տարբեր տեսակներին բնորոշ ախտանիշներով։

Դեմենցիայի ախտանիշներն են՝

Ուշադրության կենտրոնացման խնդիրներ,

Հիշողության խանգարումներ,

Խոսքի ընկալման խնդիրներ,

Քնի հետ կապված խնդիրներ,

Ժամանակն ու տարածությունը ընկալելու խնդիր,

Առօրյա խնդիրները և պարզագույն առաջադրանքները լուծելու դժվարություններ,

Էմոցիոնալ խանգարումներ, տրամադրության տատանումներ:

Այս նշանների առկայությունը մասնագետին դիմելու ահազանգ է: Դիմե՛ք բժշկի, քանի որ այս խնդիրները լուծելի են:


Բժշկական Նորություններ