Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


COVID-19-Ի ԲՈՒԺՈՒՄԸ ԳՏՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

COVID-19-Ի ԲՈՒԺՈՒՄԸ ԳՏՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

2020-03-22

      Ըստ «Victoria health news»-ի՝ ամերիկյան «Newsweek» լրատվական շաբաթաթերթը գրում է, որ նախքան Չինաստանում կորոնավիրուսի նման թափով  տարածումը, գիտնականները գիտեին դրա վտանագավորության մասին, որի դեմ  չկա անգամ պատվաստանյութ: Միակ միջոցը  դեռևս 19-րդ դարից եկած կարանտինն է և ինքնամեկուսացումը։

   Գիտնականները կանխատեսում են, որ SARS CoV-2-ի վարակակիրների թիվն ԱՄՆ-ում 160 միլիոնից կհասնի  214 միլիոնի։ Ըստ CDC –ի (Համաճարակների վերահսկման և կանխարգելման կենտրոն)՝ զոհերի թիվը կարող է լինել 200 000-ից մինչև 1,7 միլիոն մարդ, իսկ համաշխարհային մասշտաբով՝ տասնյակ միլիոններ:

      Ըստ հոդվածագրի՝ կորոնավիրուսը բոլորին  հանկարծակիի բերեց, բայց միևնույն ժամանակ ցույց տվեց,  թե վերջին տարիներին որքան է զարգացել և ինչ առաջընթաց է գրանցել  բժշկությունը։ Վիրուսի ի հայտ գալուց ընդամենը մի քանի օր անց գիտնականներն ուսումնասիրեցին նոր ի հայտ եկած պաթոգենի ՌՆԹ- ն և դրա 30 000 նուկլեոտիդային գենետիկական կոդը, որը համաճարակաբանները վերցրել էին թոքաբորբի կասկածով երկու հիվանդից և  վիրուսի փորձանմուշները ուղարկել էին համաշխարհային ճանաչում ունեցող Վուհանի համաճարակաբանական ինստիտուտի լաբորատորիա՝ հետազոտության համար։ Այս ուսումնասիրության շուրջ միավորվեցին ամբողջ աշխարհի գիտնականները։ Համաճարակաբանները և կենսաբանները կիրառեցին ուսումնասիրությունների մեքենայացված գործիքներ ՝ վերլուծելու հակամարմինների կառուցվածքը և փնտրելու գոյություն ունեցող դեղեր, որոնք կարող են աշխատել դրանց դեմ: «Գիտական հետազոտությունների տեմպերն իսկապես ապշեցրին մեզ», - ասում է Կոլումբիայի համալսարանի համաճարակաբան և գիտաշխատող Անգելա Ռասմուսենը:

    Այն դեպքում, երբ ողջ աշխարհում վիրուսը շարունակում է տարածվել երկրաչափական պրոգրեսիայով, գիտնականները ձգտում են գտնել հակավիրուսային պրեպարատներ, որոնք էֆեկտիվ կլինեն COVID-19-ի ամենածանր՝ մահացու թոքաբորբի դեպ պայքարում և  մոտակա ամիսների ընթացքում կփրկեն  շատ մարդկանց կյանքեր։

      Արագ արձագանք

     Գենետիկ նյութի արագ ուսումնասիրություն ապահովող վերջին տարիների տեխնոլոգիաները դարձել են հետազոտությունների հիմնական գործիքներ՝ լավագույն լաբորատորիաների համար: Դրանց շնորհիվ գիտնականները կարողացան  պնդել, որ ներկայիս վիրուսը սերտորեն կապված է 2003 թ-ին ի հայտ եկած SARS կորոնավիրուսի, ինչպես նաև 2017-ին Չինաստանի Յունան քաղաքին մոտ գտնվող քարանձավում հայտնաբերված չղջիկների կորոնավիրուսի հետ:  Ուսումնասիրելով վիրուսը՝  հանրային առողջապահության ոլորտի մասնագետները եկան   եզրահանգման, որ այն բավականին վտանգավոր է ու վարակիչ,  ուստի՝  անհրաժեշտ է հայտարարել արտակարգ իրավիճակ Չինաստանում, Իտալիայում և այլուր: Ծանր վիճակում գտնվող հիվանդների դեպքում COVID-19- ը ախտահարում է թոքերը, առավել ծանր դեպքերում, խցանում է շնչուղիները,  խոչընդոտում  թթվածնի հոսքը դեպի թոքեր և առաջացնում թոքերի կանգ և    անհրաժեշտ են լինում թոքերի արհեստական  օդափոխիչ սարքեր: Շաբաթաթերթը գրում է, որ  այժմ ամբողջ աշխարհում վարակի տարածման արագ տեմպերի պատճառով   սարքերի խիստ պակաս է նկատվում  և լավագույն տարբերակ է համարում նոր դեղմիջոցների ստեղծումը, որոնք կկանխեն իմունային համակարգի՝ արյան սպիտակ բջիջների և այլ իմունային մասնիկների խիտ միացության առաջացումը  և կնպաստեն թոքերի աշխատանքի կայունացումը։

      Չինաստանի, Իտալիայի և այլ երկրների պայքարի առաջնագծում գտնվող բժիշկներն առաջարկում են բուժման մեկ այլ մեթոդ:

    Նրանք առավել խոստումնալից են համարում լայն սպեկտրով կիրառվող հակավիրուսային «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը, որն ի սկզբանե մշակվել է էբոլայով հիվանդների բուժման համար:  «Ռեմդեսիվիրն» արգելափակում է վիրուսների բազմացումն ապահովող ֆերմենտը։ Այն թեև արդյունավետ չի եղել էբոլայի դեմ պայքարում, սակայն ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ  չի  ունեցել  լուրջ կողմնակի ազդեցություններ:

    Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը արդյունավետ է կորոնավիրուսների, մասնավորապես SARS-ի կամ MERS-ի դեմ պայքարում, ինչը հուսադրող է։

    Քլորոհինը և դրա ածանցյալ ՝ հիդրոքսիհլորոխինը, որոնք կիրառվում են մալարիայի բուժման համար, կարելի է օգտագործել  COVID-19 բուժման համար:

    Մարտի 16-ին, Չինաստանի հանրային առողջապահության պաշտոնյաները հայտարարեցին, որ Պեկինի, Գուանգդոնգ և Հունան նահանգների 10 հիվանդանոցում անցկացվող կլինիկական փորձարկումները, որոնցում ներգրավված է ավելի քան 100 հիվանդ, դրական արդյունք են տվել. «Սկանավորումը ցույց տվեց, որ այն հիվանդները, որոնց բուժման համար կիրառվել էր քլորոհին, ունեին առավել մաքուր թոքեր, հետևաբար կրճատվում է նաև  նրանց վերականգնման ժամանակամիջոցը»։

    Ըստ հոդվածագրի՝ ի հայտ կգան բուժման այլ նոր մեթոդներ ևս, քանի որ առաջնագծում գտնվող բժիշկները շարունակում են փորձարկել նոր դեղամիջոցներ, ինչպիսին է օրինակ, մարտ ամսին Fujifilm Toyama Chemical- ի կողմից որպես գրիպի դեղամիջոց մշակված ֆավիպիրավիր դեղամիջոցը, որը Ուհան և Շենզեն քաղաքներում անցկացված փորձարկումների ժամանակ դրական արդյունքներ է ցույց տվել։

      Երկարաժամկետ գործող դեղամիջոց

     Հոդվածագիրը հույս է հայտնում, որ հակավիրուսային բուժումը կարող է շատ մարդկանց կյանքեր փրկել, սակայն այս պայքարում լավագույն հույսը պատվաստանյութն է, որի ստեղծման տևողությունը 12-18 ամիս է: Առավել խոստումնալիցն ու առաջատարը՝  Բոստոնյան Moderna  ընկերության կողմից մշակվող mRNA1273-ն է: Շաբաթաթերթը հիշեցնում է, որ մարտի 16-ին Վաշինգտոնի  Kaiser Permanente առողջության գիտահետազոտական ինստիտուտը սկսել է անվտանգության ու դեղաչափման փորձարկումները և  45 առողջ երիտասարդ կամավոր ստացել է պատվաստանյութի տարբեր չափաբաժիններ:

     Դիտարկվում է նաև  INO-4800 պատվաստանյութը, որը մշակվում է Փենսիլվանիայում գործող Inovio Pharmaceuticals- ի կողմից, իսկ մշակումը հիմնված է Իսրայելում MIGAL գիտահետազոտական ինստիտուտի «Թռչնագույն կորոնավիրուսի» դեմ նախորդ աշխատանքի հիման վրա։


Բժշկական Նորություններ