Նորություններ Հայաստանի առողջապահության, բժշկական կենտրոնների, բժիշկների եւ հայ բժշկության մասին


Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՈՐՊԵՍ COVID-19-Ի ԱՌԱՋԻՆ ԱԽՏԱՆՇԱՆ

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՈՐՊԵՍ COVID-19-Ի ԱՌԱՋԻՆ ԱԽՏԱՆՇԱՆ

2020-03-27

      «Victoria health news»-ը ներկայացնում է ամերիկյան  «News Break» կայքում հրապարակված նոր ուսումնասիրությունը, ըստ որի՝ հետազոտողները եկել են այն ենթադրության, որ կորոնավիրուսի՝ որպես առաջին ախտանշան կարող է լինել հոտառության անսպասելի կորուստը։  Քանի որ COVID-19-ը, ի տարբերություն այլ վիրուսների, շատ ավելի ագրեսիվ կերպով է վնասում կոկորդի լորձաթաղանթը, ԼՕՌ վիրաբույժները նշում են, որ հոտառության կորուստը կարող է դիտարկվել որպես հիմնական կլինիկական ցուցիչ  այն մարդկանց համար, ովքեր COVID-19-ի կրողներ են, բայց չգիտեն  այդ մասին, քանի որ չունեն որևէ ախտանշան։

      Հետազոտությունն իրականացնող Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի թիմը կարծում է, որ  հենց  այդ պատճառով է հիվանդությունն այդքան արագ տարածվում  ողջ աշխարհով մեկ, քանի որ շատ մարդկանց մոտ, ովքեր վիրուսի «լուռ կրողներն» են, սքրինինգային հետազոտությունները ոչինչ ցույց չեն տվել։

     Թեև այս վարկածի շուրջ հետազոտությունները դեռ շարունակվում են, բայց եղած փաստերն արդեն իսկ խոսուն են.  հոտառության կորուստ կամ անոսմիա է ունեցել հարավկորեացի  երեք հիվանդներից մեկը, իսկ Գերմանիայում՝ երեքից երկուսը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։

     Անոսմիա ունեցող հիվանդների կտրուկ աճ նկատում է նաև լոնդոնցի  ԼՕՌ բժիշկը և այն դիտարկում որպես COVID-19 վարակի միակ ախտանիշ: Եվ քանի որ ամենուր պայքարում են COVID-19- ի տարածումը կանխելու համար, այդ ախտանիշն ունեցող հիվանդների նույնականացումը կարող է օգնել դանդաղեցնելու վարակի տարածումը: Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի հետազոտողների թիմը նշում է, որ Մեծ Բրիտանիայում ևս տարածումը կանգնեցնելու  համար՝ ԼՕՌ վիրաբույժները  հոտառության կորուստ ունեցող հիվանդներին դիտարկում են որպես COVID-19- ի թաքուն կրողներ։  Ըստ այդմ էլ՝  հետազոտողները առաջարկում են բժիշկներին և COVID-19-ի հայտնաբերման կենտրոններին դիտարկել անոսմիան որպես փորձարկումների (թեստավորման) չափանիշ:

     Հիվանդները ևս իրենց մոտ հոտառության կորուստ նկատելու դեպքում պետք է արագ տեղեկացնեն իրենց բուժող բժշկին, որպեսզի հետագա բուժումը ճիշտ իրականացվի։

 


Բժշկական Նորություններ